Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պահանջում է Անդրանիկ Քոչարյանի սեքսիստական վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում

Նոյեմբեր 18,2021 14:20

Ս․թ․ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական սեքսիստական արտահայտությունն է հնչեցրել կին լրագրողի նկատմամբ։ ՀՀ արևելյան սահմանագծին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան նա արգահատանքով սաստել է լրագրողին՝ ասելով․ «Ես տղաների վիճակը գիտեմ, դու գնա վարսավիրանոց»։

Այսպիսի բացահայտ սեքսիստական դրսևորումները հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համար դարձել են սովորական․ թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաները օգտագործել են սեքսիզմը որպես կին լրագրողներին նվաստացնելու միջոց (hիշենք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «Ես քո մեջ կին չեմ տեսնում» արտահայտությունը, որի վերաբերյալ ևս Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ

Փաստացի, իշխանավորները փոխվում են, կանանց ճնշելու և նվաստացնելու գործիքակազմը մնում է նույնը։ Հայաստանը դեռևս 1993 թվականին վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ՀՀ սահմանադրության 30-րդ հոդվածը հռչակում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, արդեն տարիներ շարունակ երկրում գործում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որի 6-րդ հոդվածը սահմանում է գենդերային խտրականության արգելք: Սեքսիզմի կանխարգելման ուղղությամբ որոշակի քայլեր են ամրագրված ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության մեջ: Այդուհանդերձ, երկրի օրենսդիր մարմնում շարունակվում են սեքսիզմի դրսևորումները։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը և պահանջում Անդրանիկ Քոչարյանի սեքսիստական վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում։

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930