Այսօր կառավարության նիստից հետո արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պատասխանելով դիտարկմանը, թե Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո մի շարք գյուղերի համար առաջացել են դժվարություններ, ասաց՝ այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են Սյունիքի մարզի այդ գյուղերի կարիքները. «Կոնկրետ Շուռնուխ գյուղում արդեն շուրջ մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում եւ ցանկացած ժամանակ աջակցում են գյուղի բնակչությանը: Բացի դրանից, Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ՝ Աղավնոյի հատվածում: Նախատեսել ենք եւս մեկ տաքացման կետ այդ ճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը կօգնի մեր բնակչությանը: Բացի այդ ունենալու ենք մեկ տաքացման կետ Տաթեւից Կապան գնացող մայրուղու հատվածում: Այսինքն՝ երեք տաքացման կետ ենք ունենալու»:
Տաքացման կետերում, ըստ նախարարի, լինելու են առաջին օգնության, բուժօգնության անհրաժեշտ միջոցներ:
Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաեւ ամենագնացներ, որոնք խցանումների ժամանակ օգնելու են մարդկանց։
«Մենք ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, ցանկացած պարագայում, օգնելու են բնակչությանը, ոչ միայն հաց են տանելու, այլեւ այլ հարցերով օգնելու են մեր ազգաբնակչությանը»,-ասաց ԱԻՆ նախարարը՝ նշելով, որ այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են եւ մարդկանց օգնություն են ցուցաբերում:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ձյան պայմանների համար ունեն ամենագնացներ, որոնք 2 օրվա ընթացքում տեղափոխելու են այդ հատված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ