Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունենում տեղական ինքնակառավարման համակարգի քայքայում». Արամ Օրբելյան

Նոյեմբեր 18,2021 13:55

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 16-ին համայնքապետերի դիմումի գործով որոշում չկայացրեց՝ ձայների հավասարության՝ 4-4, հետեւանքով, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված: ՍԴ-ն մարտ ամսից բազմիցս հետաձգել էր հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունները փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում․ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաեւ օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ ամրագրվեց համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը: Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին նախ ԺՊ նշանակել, ապա նրա միջոցով կազմակերպել ընտրությունները, որ իշխանական թեկնածուի հաղթանակը երաշխավորված լինի:

Դիլիջան, Թումանյան, Տաթև, Տաշիր, Ալավերդի, Արթիկ համայնքների ղեկավարները կառավարության այս մոտեցումը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեցին եւ փետրվարի 14-ին դիմեցին Սահմանադրական դատարան: Ավելի ուշ գործընկերներին միացավ նաեւ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի արդեն նախկին ղեկավարը: ՍԴ-ն որոշեց միավորել համայնքների ղեկավարների դիմումները: Քննությունը գրավոր ընթացակարգով էր։

Այս խնդրի շուրջ իշխանությունները լուծումներ չունենալու պատճառով՝ դեռ 2019 թվականին նախատեսված Իջեւանի քաղաքապետի ընտրությունները հետաձգեցին՝ խոշորացման պատրվակով: Իջեւանում դեռ 2019-ի սեպտեմբերից էր ժամանակավոր պաշտոնակատար նշանակված. արդյունքն ակնհայտ էր՝ 2021-ին նոյեմբերի 15-ին վերջապես կայացած ընտրություններում ՔՊ-ն մեծամասամբ հաղթեց:

ՍԴ դիմած համայնքապետերն առայժմ ձեռնպահ են մնում ՍԴ որոշման մասին խոսել: ՍԴ-ում համայնքապետերի շահերը ներկայացնող Արամ Օրբելյանն Aravot.am-ի հետ զրույցում նախ խոսեց ՍԴ որոշման կամ չորոշման մասին՝ հիշեցնելով, որ այս կարգավորման մասով ՀՀ ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ՝ մեկ այլ հանգամանքով, որ 4-4-ի տարբերակը չլինի, քանի որ, ստացվում է՝ հարցը մերժվում է, բայց չկան հիմնավորումներ՝ ոչ համապատասխանության կամ անհամապատասխանության: «Առնվազն չորս դատավոր գիտեն, որ հակասահմանադրական է, պարզ չէ՝ մնացյալ չորս դատավորներն ինչո՞ւ են գտնում, որ Սահմանադրությանը համապատասխանում է: Մեր ներկայացրած հիմնավորումները հստակ եւ միանշանակ են՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտություն հանրապետական իշխանությունների կողմից, չի կարող տեղի ունենալ, առավել ևս այսքան լայն մասշտաբով»,- ասաց պաշտպան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ եթե այնուհանդերձ միջամտության անհրաժեշտություն կա եւ չի դիտարկվում տարբերակը, որ համայնքի ղեկավարը կարող է շարունակել պաշտոնավարումը՝ մինչեւ նոր ընտրություններ, ավելի համաչափ գործիքներ կան. օրինակ, կարող են կարճ ժամկետում նոր ընտրություններ լինել, կարող է՝ ավագանին ընտրել ժամանակավոր պաշտոնակատարին, ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել տեղակալը, ինչպես մնացած դեպքերում, բայց ակնհայտորեն, ոչ վարչապետի, ոչ էլ մարզպետի կողմից չի կարող նման իրավունքի իրագործումն իրավաչափ համարվել:

Պաշտպանը սա կապում է 2020 թվականին ՍԴ-ում եղած փոփոխությունների հետ. «Այսինքն, ՍԴ-ն ինքնին չի փորձում պետական կառավարման համակարգի ինստիտուտների՝ զիջումների-փոխզիջումների իրավունքը իրագործել, որով նախատեսվում է մի շարք տարանջատումներ: Նախորդ որոշումը եղավ ԳՇ-ի դեպքում, այս մեկը՝ համայնքների դեպքում, մյուս խնդիրը վերաբերվում է համայնքների խոշորացման գործընթացին, երբ ՍԴ-ն որոշել էր, որ գործընթացը հակասահմանադրական է այնքանով, որքանով չի նախատեսում հանրաքվե անելու հնարավորություն: Կառավարությունն ընդհանրապես ուշադրություն չդարձնելով այդ որոշմանը, գնաց խոշորացման: Չեմ ուզում գնահատել՝ խոշորացումը՝ լավ է, թե վատ, երկու կողմից էլ փաստարկներ կային, բայց ակնհայտ է, այն ընթացակարգը, որով դա կատարվեց, հակասահմանադրական է: Պատգամավորների 1/5-ը դիմել է ՍԴ, ՍԴ-ն նիստը նշանակել է 2022-ի հունվարի վերջին կամ փետրվարին: Արդյունքում, ՍԴ-ն բողոքում է իր որոշումների չկատարելուց, բայց երբ պետք է շատ արագ որոշում կայացնել, քանի որ այդ խոշորացված համայնքներում ընտրություններ են լինում, պետությունը գումար է ծախսում… չեմ պատկերացնում սրանից հետո ՍԴ-ի որոշումը ինչպիսինն է լինելու: Իրենք իրենց ճնշման տակ են դնում, որպեսզի ասեն՝ հակասահմանադրական չէ: Այսինքն, մենք տեսնում ենք, որ ՍԴ-ն առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ոչ թե իրականացնում է զսպումների իր գործիքակազմը»:

Ինչեւէ, եթե ՍԴ դիմած համայնքապետերը որոշեն անհատապես կամ միասնաբար իրենց անհատական իրավունքը հետապնդեն՝ հնարավորություն կլինի հարցը վիճարկել միջազգային ատյաններում: Տվյալ դեպքում, լիազորությունների վեճի շրջանակ է, որը վերաբերվում է Հայաստանի կառավարման համակարգին եւ տեղական ինքնակառավարման լինել-չլինելուն:

Արամ Օրբելյանի գնահատմամբ, 2020-ին ձեւավորված ՍԴ կազմը, գործող կառավարությունը եւ ԱԺ-ն պետական կառավարման համակարգը տանում են «պրիմիտիվացման, խորհրդայնացման»: Այսինքն, խորհուրդները որոշում են ամեն ինչ, մնացյալ գործիքները կարեւոր չեն. «Ընդ որում, կարեւոր չէ թե այդ խորհրդի անունն ինչ է, բայց եթե խորհուրդը որոշել է՝ դա ճիշտ է: Նման կարգավորումը բերում է պետական կառավարման համակարգի չիրագործման, պետականության քայքայման, մենք մոտավորապես, գնում ենք համայնքային ինչ-որ տրամաբանությամբ, գիտական կառավարման մոդելի իմաստով ինչ-որ կիսաանարխիստական մոդելի, որովհետեւ Սահմանադրության մեջ դրված իշխանությունների տարանջատման մոդելը ենթադրում է իշխանության զսպումների մեխանիզմ ոչ թե ԱԺ-ի եւ կառավարության միջեւ, այլ ԱԺ փոքրամասնության եւ կառավարության միջեւ, ապագա եւ նախկին կառավարությունների միջեւ եւ այստեղ արբիտրի դեր ունեցող մարմինը դատական համակարգն է եւ ՍԴ-ն, այնքանով, որքանով դա վերաբերվում է իր տիրույթի վեճերին»:

Եթե համայնքի ղեկավարը կատարել է խախտումներ եւ այդ մասով կան վեճեր, մեր զրուցակցի դիտարկմամբ, օրենքը սահմանում է համապատասխան մեխանիզմներ եւ դա չի ենթադրում պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո կամ ընթացքում ԺՊ-ի նշանակում: Նա նկատում է. «Մինչեւ Վանաձորում ԺՊ-ի նշանակումը, թեպետ դարձյալ ընդունելի չէր, բայց տպավորություն կար, որ խոսքը գնում է անցումային փուլի մասին՝ քանի դեռ չենք անցել 4 հազարից ավել բնակիչներ ունեցող համայնքներում կուսակցական ցուցակներով ընտրությունների մոդելին: Բայց Վանաձորի քաղաքապետի ԺՊ նշանակելով ցույց տվեց, որ, օրինակ, կարելի է ավագանու ընտրությունները ուշացնել, քանի որ Վանաձորի քաղաքապետը նոր կարգով էր ընտրված: Այսինքն, մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման համակարգի քայքայում: Հանրային կառավարման ամբողջական քայքայման ենք գնում. հաջորդ քայլը կլինեն ԶԼՄ-ները, իրավապաշտպան բլոկը, ՀԿ-ները, փաստաբանությունը: Նույն խնդիրը առաջացել է համալսարանների հետ. նախկին իշխանությունների ժամանակ համալսարանները ՊՈԱԿ-ներից փոխվեցին հիմնադրամների, որպեսզի ապահովեն ակադեմիական ազատությունը: Հիմա նախագծեր են շրջանառվում, որտեղ «պետական համալսարանի» գաղափարն է, որ նախարարը պետք է նշանակի, նախարարը պետք է միջամտի… ավելի բարդ համակարգերում հորիզոնական համակարգեր են ձեւավորվում, ավելի պարզ համակարգերում՝ բացառապես ուղղահայաց է կառավարումը: Մենք, հիմա, կառավարումը հորիզոնական համակարգերից ամբողջապես տեղափոխում ենք ուղղահայաց համակարգի՝ կամ դու ինձ ես ենթարկվում, կամ՝ ես քեզ, որովհետեւ այդպես՝ կիսակարգավորումներով աշխատելը միշտ շատ հեշտ է: Ասենք, ունենք Երեւան քաղաքի աղբահանությամբ զբաղվող կազմակերպություն, պայմանագիրը լուծարում ենք, ՊՈԱԿ ենք ստեղծում, եթե ունենք, հասել ենք դրան վերջին պահին, որ ունենք ակադեմիական ազատությունը վայելող համալսարաններ, պետք է գնանք մի տարբերակի, որտեղ նախարարը կնշանակի ում ուզում է, եթե նախկինում կառավարությունը դիմում էր միջազգային եւ տեղական իրավաբանների, որպեսզի գործընթացներ իրականացնեին, հիմա՝ վարչապետի աշխատակազմում բաժին ենք ստեղծում եւ այլն: Նույնը վերաբերվում է մեր միջազգային հարաբերություններին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930