«Մենք ունե՞նք գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, թե՞ չունենք: Եվ եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում եւ սոցիալական ցանցերում»,-դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, այսօր կառավարության նիստում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հորդորեց տեղեկատվություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչների համար երթեւեկելու դժվարություններ առաջացան, երբ ադրբեջանական կողմը Կապան-Գորիս ճանապարհին տեղադրեց մաքսակետ:
Նախարարի խոսքով, կա 7 ճանապարհ. «Ճանապարհներից մեկը Տաթեւ-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթեւեկելի է, նորմալ է: Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք եւ երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս 6 ճանապարհների հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Այդ ճանապարհի 3-5-4 կմ-ն արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են: Մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերում բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման եւ անհրաժեշտության դեպքում նաեւ խճապատման աշխատանքներ»:
Գնել Սանոսյանի խոսքով, մյուսը՝ Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որի երկարությունը 13 կմ է. «Մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Այնտեղ որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որի միջով անցնում է: Նույն Շուռնուխ գյուղը առնվազն երկու ճանապարհ ունի. մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը նորմալ է, գործում է, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան եւ արդեն նշեցի այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր մեքենաների համար: Որոտան-Խոտք ճանապարհի 10 կիլոմետրից 5 կիլոմետրն ամբողջովին պատրաստ է, նկատի ունեմ ոչ թե ասֆալտապատ է, այլ հիմքը ամբողջովին երթեւեկության համար պատրաստ է: Մյուս 5 կիլոմետրի վրա նորից իրականացվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ կա եւս 2 ճանապարհահատված՝ Կապան-Ճակատեն ու Կապան-Գեղանուշ-Ճակատենը: Ըստ նրա, օրեր առաջ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները. «Երեկվանից սկսել ենք նաեւ խճապատման աշխատանքները: Որոշակի թեքություններ կան, 2-3 օրում խճապատման աշխատանքը կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելը»:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ շարունակվում են Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները:
Վարչապետն արձագանքեց. «Շինարարական սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ՝ այդ ճանապարհները կասֆալտապատենք: Նաեւ պայմանավորվել ենք, որ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ կիրականացնենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն»:
Փաշինյանի խոսքով, նախքան ասֆալտապատումը այդ բոլոր ուղղություններով պետք է ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհներ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար եւ բոլոր եղանակների. «Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված լինի, շրջափակման մեջ լինի»:
Գնել Սանոսյանը հավելեց, որ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը ճանապարհներ ունեն, բայց գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է, ինչը առաջիկա 2-3 օրերի ընթացքում ավելի մատչելի կդառնա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ