Սկիզբը՝ այստեղ:
Էժանագին ու ծիծաղելի թեզերի շքերթը Ռուսաստանից շարունակվում է, շուտով հնարավոր է լսենք՝ «Հայաստանի Հանրապետություն անվանմամբ պետություն գոյություն չունի»
Մինչ Անկարան գովազդում էր Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիան-Իրան- Հայաստան-Վրաստան ձեւաչափը, որպես՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման հրաշալի մի հնարավորություն ու զուգահեռ դրան իր վճռականությունն էր հայտնում «Զանգեզուրյան միջանցքի» մասին, պարզ էր, որ որոշակի պահից Հայաստանի առջեւ դրված այդ պահանջի կատարմանը զուգահեռ կհետեւի սահմանային սրացում, որպեսզի պաշտոնական Երեւանի նկատմամբ բանեցվող ճնշումները լինեն ավելի ակնառու:
Մոսկվան Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման կազմակերպման թեման արդեն մի քանի շաբաթ է թեժ է պահում: Վերջին մի քանի օրերի ընթացքում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն երկու անգամ նշել է, որ երեք երկրների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովի անցկացումը հնարավոր են համարում:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ նման հանդիպումը չի լինի սովորական արարողակարգային հանդիպում: Պաշտոնական Երեւանից ակնկալում են փաստաթղթերի ստորագրում թե՛ սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, թե՛ ընդհուպ մինչեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը կնշանակի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
Վերջին օրերին դեպքերը բավական արագ զարգացան: Նոյեմբերի սկզբին Երեւան ժամանեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն արձանագրեց՝ «ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք…»: Այնուհետեւ ընդգծելով, որ բոլոր տեսակի հսկողական գործառույթները իրականացվելու են պարիտետային հիմքով՝ Օվերչուկը հավելել էր՝ եռակողմ աշխատանքային խմբում արդեն քննարկել են, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբիլային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Նկատենք, որ ժամկետների մասին, սակայն, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Օվերչուկը չխոսեցին։ Ի՞նչ էր ենթադրում՝ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, թե ճանապարհների հսկողությունն իրականացվելու է պարիտետային, այսինքն` հավասարության հիմքով, հստակ չէ:
Ռուսաստանն ակնհայտորեն շտապում է եւ ընդգծված ցույց է տալիս, որ ակնկալում է, որ Երեւանը կգնա սահմանագծման ու սահմանազատման գործընթացի: Այսօր, երբ Հայաստանը 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի անց արդեն ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանից նոր պատճառաբանություններ են ներկայացնում, թե ինչու Ռուսաստանը չի կատարում Հայաստանի հետ կնքված երկկողմ համաձայնագրերով նախատեսված դրույթները: Օրինակ, ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովից ArmLur.am-ը փորձել է պարզաբանում ստանալ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից անցակետեր տեղադրելու հարցով: Նա նշում է. «Ադրբեջանը չի դադարեցրել եւ չի դադարեցնի Հայաստանի տարածքների փուլային էքսպանսիան եւ զավթողական քաղաքականությունը: Այս պահին նրանց նպատակը Զանգեզուրն ու Նախիջեւանի հետ տարածքային ամբողջականությունն է, որին էլ նրանք ցանկանում են հասնել»: Լրագրողը հարցնում է՝ իսկ ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում ո՞րն է: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ հատվածում պաշտոնական սահման չկա: Այդ պատճառով այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի գործն է: ՌԴ-ն չի կարող պաշտպանել մի սահման, որը նույնիսկ ճանաչված չէ, դելիմիտացված ու դեմարկացված չէ: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Ադրբեջանի նկրտումները երբեք չեն ավարտվի, նրանք պատերազմ ցանկանում են, սակայն Հայաստանը դրան պատրաստ չէ: Պետք է արագ իրականացնել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց»:
Այսինքն, 44-օրյա պատերազմի օրերին Կրեմլի «միջանցքներում» աշխատող լրագրողը, երբ նմանատիպ հարցն ուղղում էր ՌԴ նախագահին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ, Պուտինը շեշտում էր՝ «պատերազմը չի ընթանում Հայաստանի Հանրապետության սահմաններում», իսկ ռուսաստանցի մեկնաբաններն այդ օրերին խրոխտ ձայնով միաբերան կրկնում էին ՌԴ նախագահի վերոնշյալ դիրքորոշումն ու ավելացնում՝ «դե, Ռուսաստանը չի կարող միջամտել ԼՂ-ի տարածքում ընթացող պատերազմին»: Այսինքն, անուղղակիորեն փաստում էին, որ Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի տարածք:
Իսկ ինչ է տեղի ունենում այսօր, երբ Ադրբեջանի կողմից ապօրինի ներխուժում է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան պետության տարածք, մի պետության տարածք, որը փաստացի Ռուսաստանի հետ գտնվում է ռազմաքաղաքական-տնտեսական դաշինքների մեջ: Այս պայմաններում, մեզ իրենց անգործությունն արդարացնելու հարցում հիմա էլ «կերակրում» են նոր «պատճառաբանությամբ»՝ «դե Հայաստանի սահմանները որոշված չեն»:
Իսկ հնարավո՞ր է Կրեմլից իջեցված հրահանգով ռուս մեկնաբանները սկսեն նաեւ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետություն անվանմամբ պետություն գոյություն չունի: Ու այդ դեպքում կարող է հարց առաջանալ՝ իսկ Ռուսաստանն ինչո՞ւ է մի քանի ամորֆ կառույցներ հրավիրել Հայաստան պետությանը, ընդ որում, մեկն էլ՝ ստիպողաբար, եւ հիմա էլ պարզվում է՝ իր դաշնակից պետության «սահմանները չգիտեն», դրա համար չեն կարողանում ընդդիմանալ ադրբեջանական ագրեսիային: Այս էժանագին ու ծիծաղելի թեզերը դեռ որքա՞ն է հայ հասարակությունը լսելու Ռուսաստանից:
Ռուսաստանցի փորձագետներն ու մեկնաբաններն իսկապես ծիծաղելի վիճակում են հայտնվել: Անկախ նրանից, որ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող կառույցի արդյունավետությունն այսօր կարելի է միանշանակ գնահատել՝ զրո, Ռուսաստանից հնչող, Հայաստանին չաջակցելու պատճառաբանությունների տարափները նման են մանկահասակ երեխայի՝ ամեն առավոտյան դպրոց չգնալու համար բերվող պատմաբանություններին:
Ուղիղ մեկ տարի, երբ Էրդողանն ու Ալիեւը միաբերան ներկայացնում էին իրենց հավակնություններն ու սպասելիքները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, պաշտոնական Մոսկվայից ուղիղ մեկ տարի չի հնչել Անկարայի ու Բաքվի սպասումներին հակառակ որեւէ դիրքորոշում: Ընդհակառակը, Հայաստանի հասարակությանը հասկացնում են, քանի որ մեկ տարի է չեք գնում սահմանագծման, սահմանազատման՝ այդ իսկ պատճառով ադրբեջանական ագրեսիային Մոսկվան չի կարող ընդդիմանալ, ու դրա համար բերվում են զավեշտալի ու անհեթեթ պատճառաբանություններ:
Գրեթե մեկ տարի է պաշտոնական Երեւանն ասում է՝ Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող, ո՞րն Պուտինի դիրքորոշումն այս հարցում: Ինչո՞ւ է Մոսկվան իր «ջայլամային» քաղաքականությամբ ստիպում, որպեսզի Հայաստանի հասարակությունը պահանջի պատռել Մոսկվայի երաշխավորությամբ նոյեմբերի 10-ին ստորագրված, որեւէ իրավական ուժ չունեցող հրադադարի վերաբերյալ թղթի կտորը, ու դադարեցնի Հայաստանի տարածքների կորուստները, որպեսզի ստիպված չլինի լսել Ռուսաստանում ադրբեջանական «աշխատավարձերով» Մոսկվայի քաղաքականությունն արդարացնող ռուսաստանցի մեկնաբանների մարազմի տարբեր աստիճանների հասած մտքի «փայլատակումները»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 18.11.2021
2018 թ. Փաշինյանի ու թիմի հակառուսական ամբոխահաճո ծղրտոցը իշխանության գալու համար էր: Ոչ վաղ անցյալում Ռուբեն Մեհրաբյանի նմանատիպ «վերլուծությունները» ձեր թերթում՝ արտասահմանյան դրամաշնորհների դիմաց էին: Տիկին Գաբրիելյան, Ձեր նպատակը ո՞րն է. որպեսզի Ձեր հոդվածը հայտնվի «ամենաընթերցված» խորագրի տա՞կ: Դա, հաշվի առնելով մեր ինտերնետային միջին սպառողի մակարդակը, պետք է որ Ձեզ ավելի շուտ անհանգստացներ: Իմիջիայլոց, Առավոտին՝ նույնպես:
Նույն տրամաբանության մեջ էին ՔՊ-ի վերջին օրերի ելույթները ԱԺ ամբիոնից: Սա, արդեն պետական մակարդակով, նմանվում էր մատուցած ծառայությունների դիմաց փողը չստացած պոռնիկի նվնվոցին: Ի՞նչ արեց Հայաստանը վերջին քառորդ դարի, հատկապես վերջին 3 տարիների ընթացքում Արցախի հայությանը ու իր նվաճումները պաշտպանելու համար: Կարելի է ասել, ամեն ինչ՝ դրանք փոշիացնելու համար: Ինչու՞ ենք ուրիշներից պահանջում այն, ինչ ինքներս մեզ համար չենք անում: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունների անտաղանդ ռուսական քաղաքականությունը՝ համեմված հակառուսական տրամադրությունների այս կարգի անշրջահայաց (երբեմն էլ՝ նպատակային) տարածմամբ, մեր այսօրվա ձախորդությունների հիմնական պատճառներից են: