JAMnews. Ավստրիայի ավելի քան երկու միլիոն քաղաքացի նոյեմբերի 15-ից կարանտինի մեջ է, նրանց տեղաշարժը խստորեն սահմանափակվել է, քանի որ նրանք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նրանց թույլ են տալիս տնից դուրս գալ՝ միայն աշխատանքի գնալու համար, այն էլ՝ ներկայության սահմանափակմամբ և նոր հանձնած թեստով։ Նրանք կարող են նաև սնունդ գնել մոտակա խանութից և դիմել բուժօգնության։
Չպատվաստվածներին արգելել են ռեստորան գնալ, վարսավիրանոց, կինոթատրոն, առևտրի խոշոր կենտրոններ և այլ վայրեր այցելել, որտեղ շատ մարդիկ կարող են լինել։
Այս կանոնը չի տարածվում միայն մինչև 12 տարեկան երեխաների և վերջերս արդեն բուժված անձանց վրա։
Ոստիկանությունը հանրային վայրերում ընտրովի ստուգումներ է իրականացնելու՝ պարզելու համար մարդկանց պատվաստված լինելը։
Կարդացեք նաև
Գերմանիայում առողջապահության նախարար Յենս Սպանն ակնկալում է նույնատիպ սահմանափակումների ներմուծում այս շաբաթվա վերջում։ Այստեղ պատվաստման մակարդակը 67,3 տոկոս է, սա բարձր է Ավստրիայի ցուցանիշից, բայց ոչ շատ։
Լատվիայում ամբողջությամբ պատվաստված է բնակչության ընդամենը 59 տոկոսը։ Հոկտեմբերից այստեղ կոշտ սահմանափակումներ կներմուծվեն։ Այդ թվում՝ պատգամավորներին, որոնք հրաժարվում են պատվաստվել, արգելվում է մասնակցել դեբատներին և քվեարկություններին՝ նվազագույնը մինչև 2022 թ-ի կեսը։ Հետևաբար, նրանց աշխատավարձը կրճատվում է։
Մի քանի այլ երկրներ նույնպես կոշտ սահմանափակումներ են ներմուծում կորոնավիրուսով վարակման աճի առնչությամբ։ Ավստրալիայում դեկտեմբերի 17-ից չպատվաստվածներին կարգելեն ռեստորան, փաբ և մարզական միջոցառումների գնալ։
Սինգապուրում հայտարարվել է, որ դեկտեմբերից նրանք, ովքեր իրենց ցանկությամբ որոշել են չպատվաստվել, վարակվելու դեպքում ամբողջությամբ վճարելու են իրենց բուժման գումարը։