ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվող նախագծերից մեկի զեկուցման ժամանակ բացակայում էր օրինագծի հարակից զեկուցող, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Ամբիոնին պետք է մոտենար տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը, սակայն նա եւս դահլիճում չէր։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել էր այս նստաշրջանը։
Ամբիոնին մոտեցավ հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Մենք այս ընթացքում ունեցել ենք բյուջեի, նախագծերի քննարկումներ, հանձնաժողովի արտահերթ նիստ։ Նման վարքագիծն անթույլատրելի է։ Ես հասկանում եմ քաղաքական բոյկոտի իմաստը, բայց հանձնաժողովներում անթույլատրելի է աշխատանքը հնարավոր ձախողմանը տանելը»,-հայտարարեց Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական հարցերի հանձնաժողովն ունի փաստացի նախագահ, բայց վերջին շրջանում սեփական ուժերով են աշխատում․ «Անկախ քաղաքական հարցերից՝ հանձնաժողովները պետք է մասնագիտական լինեն, հիմնվեն չեզոք դիրքորոշման վրա։ Ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում վերանայել մոտեցումները, այլապես դա կդիտվի աշխատանքային պարտականությունների չկատարում՝ իր հնարավոր հետեւանքներով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ