Լրահոս
Օրվա լրահոսը

«Առցանց տաքսիների վրա սա չի անդրադառնա»․ փոխնախարարը՝ օդանավակայանում տաքսիների աշխատանքի նոր կարգի մասին

Նոյեմբեր 18,2021 11:45

«Ֆիզիկական անձը չի կարող ստանալ այդ լիցենզիան։ Կարող է ստանալ միայն ֆիզիկական անձը կամ անհատ ձեռներեցը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած այս նախագծով՝ «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի-կայանատեղից ուղեւորափոխադրում կատարելու համար սահմանվում է «A» տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է․ մեքենաները պետք է լինեն շախմատաձեւ «AeroTaxi» գրառմամբ։

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ այս ամենը օդակայանի կառավարչի հետ քննարկվե՞լ է, կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ ոչ բոլոր տաքսի ծառայությունների համար կայանատեղիի տարածքը բավարարի։

Փոխնախարարը պատասխանեց․ «Ներկայացված առաջարկները քննարկել ենք։ Դրանցում չի եղել այն, ինչի մասին ասացիք։ Պարզ է, որ օդանավակայանի կայանատեղիի տարածքն անսահմանափակ չէ, ուստի օդանավակայանի հետ կքննարկենք։ Կարծում եմ՝ օդանավակայանի հետ կգանք փոխըմբռնման, որպեսզի շահառուները խտրականության հետ չբախվեն»։

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց՝ առցանց պատվիրվող տաքսիներին որքանո՞վ է առնչվում այս նախագիծը։

Սիմոնյանն ասաց․ «Նախագիծը մշակվել է, որպեսզի բացառվի իրավիճակ, երբ զբոսաշրջիկը ՀՀ գալիս ու դեպի կենտրոն ուղեւորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն ավելի թանկ է, քան եվրոպական ամենաթանկ երկրներում։ Առցանց տաքսիների վրա սա որեւէ կերպ չի անդրադառնա։ Խոսքը օդանավակայանի կայանատեղիից տաքսի-ծառայության մատուցման մասին է։ Առցանց հարթակների վերաբերյալ խնդիր չկա։ Երբ պատվիրում ես առցանց փոխադրում, գինը հստակ նշված է, ինչը բացառում է, որ Երեւանի կենտրոն կհասնես 50 հազար դրամով»։

Վարդանյանը հարցրեց՝ կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ առցանց պատվիրվող տաքսիների վարորդները հնարավորություն չունենան մուտք գործել օդակայանի տարածք, ինչպես եվրոպական շատ երկրներում է, եւ զբոսաշրջիկն օգտվելու է միայն օդակայանի տարածքում գտնվող լիցենզավորված տաքսիներից։

Փոխնախարարը պատասխանեց․ «Ոչ, արգելք սահմանված չէ։ Խոսքը օդակայանի տարածքից փոխադրումների մասին է։ Բացի այդ, բարդ է հասկանալ՝ օդակայան մտած եւ առանց տարբերանշանի մեքենան տաքսի՞ է, թե ոչ»։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ մտահոգություն հայտնեց, որ այս նախագծով վարորդները հերթի են կանգնելու, գուցե տեղի խնդիր առաջանա․ «Հնարավոր չի՞ օդանավակայանի հարակից տարածքում ինչ-որ տեղ հատկացնել»։

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ օդանավակայանի ղեկավարության հետ քննարկում է ունենալու եւ այդ հարցը եւս կդիտարկեն․ եթե հնարավոր լինի՝ տարածքը կտրամադրվի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930