Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության շարունակ նվազող տեմպը լուրջ անհանգստության առարկա է. «Փաստ»

Նոյեմբեր 18,2021 11:49

Համաճարակային իրավիճակը և անցած տարվա պատերազմն Արցախում ծանր տնտեսական հետևանքներ են ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Եվ չնայած, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա խոր անկման ֆոնին տնտեսությունը փոքր-ինչ աճի միտումներ է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ աճը շատ փխրուն է ու դյուրաբեկ։ Եվ ուշագրավն այն է, որ ներկա պայմաններում անգամ խոսք չկա նախաճգնաժամային փուլի տնտեսության վիճակի՝ 2019 թվականի մակարդակին հասնելու մասին։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 4,4 %-ով, այն դեպքում, երբ 2020 թվականին 7,6 % անկում ենք ունեցել։ Ստացվում է, որ դեռ մեկ տարի ևս պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։

Այսինքն, մեկ տարվա անկումը հաղթահարելու համար մեզ երկու տարի է պետք։ Սակայն 2022 թվականին նշված նպատակակետին հասնելը նույնպես հարցականի տակ է դրվում։ Խնդիրն այն է, որ ինչքան 2021 թվականը մոտենում է ավարտին, այնքան մեր տնտեսական ցուցանիշները նվազում են։ Դրանով է պայմանավորված, որ այս տարվա վերջին ամիսներին նկատվող տնտեսական ակտիվության աճը ապրիլից սկսած բարձր աճի համեմատությամբ մի քանի անգամ դանդաղել է։ Օրինակ՝ արդեն 2021թ. սեպտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն ավելացել է ընդամենը 2,4%-ով, ինչը տնտեսության վերականգնման տեսանկյունից շատ փոքր ցուցանիշ է։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության շարունակ նվազող տեմպը լուրջ անհանգստության առարկա է, քանի որ շարունակվելու դեպքում կարող ենք արդեն բացասական ցուցանիշներ ունենալ։

Ու այս ֆոնին ավելի ու ավելի անհավանական է թվում այն, որ կառավարությունը 2022 թվականի բյուջեի համար ընտրել է 7 տոկոս տնտեսական աճի նշաձողը։ Ու հետաքրքիրն այն է, որ ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանն այս մասին հատուկ համոզվածությամբ էր հայտարարում։

Իսկ երկրի բնակչության շրջանում նկատվող համընդհանուր հուսահատության ալիքը խթանում է արտագաղթը։ Եվ սահմանամերձ շրջանների ու Արցախի բնակիչների՝ իրենց բնակավայրերից հեռանալու իրողությունը էլ ավելի խոր անվտանգային և տնտեսական սպառնալիքի է վերածվելու։ Ուստի շատ հավանական է, որ շարունակ վատացող սոցիալ-տնտեսական իրավիճակը և համընդհանուր հուսալքության զգացումը սոցիալական բունտերի ու դժգոհության սուր դրսևորումների պատճառ դառնան։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930