Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ և ինչո՞ւ է խաբում. ՊՆ-ն և իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել. «168 ժամ»

Նոյեմբեր 18,2021 11:10

Երեկ Սյունիքում սկսված լայնածավալ ռազմական գործողություններն օրվա ավարտին դադարեցին, այս պահին կարծես հարաբերական անդորր է, բայց մինչ այժմ ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել: Տեղեկությունները հակասական են և դրանով հանդերձ՝ անհանգստացնող կամ առնվազն կասկածելի:

Նախ՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը գրեց, որ «իր տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմն էլ գերեվարել է 6 հայ զինծառայողի»:

Ավելի ուշ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» եթերում հայտարարեց 15 զոհի մասին:

Դրանից առաջ ՀՀ ՊՆ-ն իր տարածած հաղորդագրության մեջ ևս նշում էր զոհերի մասին:

Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունից քիչ անց ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց ժամը 18։30-ից կրակի դադարեցման վերաբերյալ:

«Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է»,- ասված էր ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Այս ամենին երեկ երեկոյան հաջորդեց Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»:

Առավոտյան արդեն Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ավելի շատ հարցեր առաջացրեց:

«Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ»,- տեղեկացրել էին ՊՆ-ից:

Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ այսօրվա հաղորդագրության մեջ չկա «ճշտված» բառը: Այսինքն՝ ՊՆ-ի համար առնվազն ստույգ է, որ հայկական կողմն ունի 1 զոհ:

Այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ «Հայկական ժամանակն» ու Էդուարդ Աղաջանյանը միայն իրենց հայտնի նպատակներով խուճապ են տարածում ժողովրդի մեջ, կա՛մ ՊՆ-ն իր սովորության համաձայն՝ ճիշտը չի ասում զոհերի թվի վերաբերյալ:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930