Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոշուա Կուցերա. Երևանը հետ է կանգնել նոր համաձայնագրեր ստորագրելուց, իսկ Բաքուն, կարծես թե, փորձում է ուժի միջոցով ստիպել հայկական կողմին կնքել նոր համաձայնություն

Նոյեմբեր 18,2021 10:41

«Ամերիկայի ձայն». Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով Միացյալ Նահանգերը պետք է ընդլայնի իր ակտիվությունը այս տարածաշրջանում:

«Միակ ուղին, որով ԱՄՆ-ը կարող է մեծացնել իր ներգրավվածությունն այստեղ, ուղիղ դիվանագիտությունն է Երևանի և Բաքվի հետ՝ հստակ գաղափարներով, թե ինչ պետք է տեղի ունենա հաջորդիվ: Չնայած նրան, որ պետքարտուղարության հայտարարությունը հակիրճ է, բայց մի փոքր ոգևորիչ տարրեր է պարունակում ի դեմս պետքարտուղարության նշած սահմանային խնդիրների, որոնց ուղղությամբ պետք է իրական աշխատանք տարվի»,- նշում է նախկին դեսպանը:

Ռիչարդ Կազլյարիչը գտնում է, որ վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ անցած տարվա նոյեմբերին կնքված հայտարարությունը այդպես էլ չի տվել բազմաթիվ կարևոր հարցերի պատասխանը, որոնց անհրաժեշտ է հասնել Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսության միջոցով: Նրա կարծիքով Ռուսաստանը մշտապես այս հարցում փորձում է ներկայանալ որպես ամենակարևոր տերություն, որը ներգրավված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ առկա հարցերում: Սակայն, ըստ Կազլյարիչի, ռուսական կողմն այդպես էլ լուրջ հետաքրքրություն չցուցաբերեց Երևանի ու Բաքվի միջև բազմաթիվ խնդիրների շուրջ լուրջ երկխոսություն ծավալելու հարցում:

«Ռուսական միակողմանի միջնորդության հարցում առաջընթացի և Մինսկի խմբի որևէ լուրջ ներգրավվածության բացակայությունը հանգեցրել էին այնպիսի իրավիճակի, երբ բախումները դարձել են, եթե ոչ միակ այլընտրանքն, ապա տրամաբանական եզրակացություն»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբան Ջոշուա Կուցերան, Eurasianet օնլայն հանդեսում հրապարակած իր հոդվածում, ուր անդրադառնում է հայ-ադրբեջանական վերջին բախումներին և ՌԴ դերակատարությանը, շեշտում է՝ վերջին բախումները մարտահրավեր են Մոսկվայի համար՝ հաշվի առնելով վերջինիս խաղաղարար դերը: Ըստ վերլուծաբանի՝ ռուսական կողմը չունի շատ տարբերակներ: Վերջինիս անգործությունն արդեն իսկ շատ շահարկումների առիթ է դարձել անցած տարվա պատերազմի ժամանակ, սակայն այդ պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ուր չէին գործում հայ-ռուսական փոխադարձ պաշտպանական համաձայնագրերը: Այս վերջին զարգացումները, ըստ Կուցերայի, տարբերվում են նրանով, որ բախումները տեղի են ունենում Հայաստանի տարածքում, իսկ ռուսական կողմն այս առումով ունի պայմանագրային պարտավորություններ:

Eurasianet օնլայն հանդեսի խմբագիր Կուցերան, մեկ այլ հրապարակման մեջ գրում է, որ իրավիճակը սրվեց մի քանի օր տեւած լարվածության աճից հետո, որի ընթացքում կողմերի միջև արձանագրվեցին փոխհրաձգություն և ընդհարումներ: Վերլուծաբանն ընդգծում է, որ բախումները գրանցվեցին հրադադարի ստորագրման մեկամյա տարեդարձից ընդամենը մեկ շաբաթ անց: Նա նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի, կողմերը մոտ էին այդ հրադադարը լրացուցիչ պայմանավորվածությամբ ամրապնդելուն: Ըստ որոշ տեսակետների, գրում է Կուցերան, Երևանը հետ է կանգնել նոր համաձայնագրեր ստորագրելուց, իսկ Բաքուն, կարծես թե, փորձում է ուժի միջոցով ստիպել հայկական կողմին կնքել նոր համաձայնություն:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930