Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. Այս պայմաններում միակ ճանապարհը, որը կարող է նոր հնարավորությունների պատուհան բացել, բանակցողի անհապաղ փոփոխությունն է». «Փաստ»

Նոյեմբեր 18,2021 10:05

Վերջին շրջանում թշնամին ակտիվ գործողությունների է դիմում, իսկ նախօրեին ագրեսիայի դիմեց ՀՀ-ի նկատմամբ, Հայաստանում հայտարարվեց, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր շուրջ 41 քկմ ինքնիշխան տարածքը: Ունենք զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, ընդհանուր գործընթացի մի շարք է սա, որի մեջ էին նաև անցած տարվա նախապատերազմական շրջանը, պատերազմը, պատերազմի արդյունքը, ստորագրված կապիտուլ յացիան ու դրան հաջորդած գործողությունների ամբողջ շղթան թե՛ տարածաշրջանում, թե՛ ՀՀ ներսում:

«Այդ շղթայում է նաև նշված ժամանակահատվածում շահագրգիռ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների դրսևորած վարքագիծը: Մեծ հաշվով, կա գործընթաց, որն սկսվել էր պատերազմից առաջ ու պարտադիր պետք է հանգեցներ պատերազմի: Հիմա պարզապես ականատես ենք 2020 թ. ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի ու 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան փաստաթղթերի իմպլեմենտացիայի գործընթացին: Կարծում եմ՝ դրանց շուրջ խոստումներ էին տրվել՝ հատկապես դեմարկացիայի ու դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման առումով: Այդ խոստումները, ըստ իս, տրվել էին եթե ոչ մինչև պատերազմը, ապա շուրջ մեկ տարի առաջ, ու տրվել էին բոլոր շահագրգիռ կողմերին: Նաև կարծում եմ, որ այդ տրված խոստումների շնորհիվ էր, որ պատերազմում պարտված իշխանությունը ՀՀ-ում վերընտրվեց:

Օգտվելով որոշ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների բարիդրացիական վերաբերմունքից, Ն. Փաշինյանի վերարտադրության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսից՝ նա վերընտրվեց, պահպանեց իշխանությունը, բայց, միևնույնն է, որևէ մեկը չէր չեղարկել իր ստանձնած պարտավորությունները: Հիմա պարզապես այդ խոստումները կատարելու ժամանակն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես, դեմարկացիայի, դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման մասին է: «Հիմա դա կկոչենք միջանցք, թե ճանապարհների բացում, փաստն այն է, որ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ նշված է, որ Սյունիքով անցնող ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի և, ըստ էության, Թուրքիայի հետ, վերահսկվելու է այլ երկրի ուժային կառույցների, մասնավորապես, ՌԴ սահմանապահ զորքերի կողմից:

Դա իր բնույթով, ամեն դեպքում, միջանցք է: Հիմա եկել է ժամանակը, երբ որոշակի պայմանավորվածություններ պետք է փաստաթղթավորվեն: Վերջին օրերին և, մասնավորապես, նախօրեին, Ադրբեջանի կողմից բացահայտ և ուղղակի ագրեսիա եղավ միջազգային հանրության ու շահագրգիռ կողմերի թողտվությամբ: Իմաստը Փաշինյանին հասկացնելն էր, որ շուրջ մեկ տարի առաջ վերցված թե՛ գրավոր, թե՛ բանավոր պարտավորվածությունները չկատարելու տարբերակ չկա: Պարզ ասած՝ աշխարհաքաղաքական գիգանտներին «գցելու» տարբերակի մասին պետք է մոռանա: Նախօրեին տեղի ունեցած գործողությունների իմաստը ճնշումն է, ինչը շատ պարզ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում կրկին ՌԴ-ին ուղղված սլաքներին՝ Վ. Հակոբյանը նախ շեշտեց. «Ասել, որ աշխարհաքաղաքական ու, մասնավորապես, ռուսական գործոնը որևէ ազդեցություն չի ունենում այսօրվա իրավիճակի վրա, ճիշտ չի լինի: Հեռու է իրականությունից նաև այն հանգամանքը, ըստ որի՝ ՌԴ-ն, որպես ռազմավարական դաշնակից, բավարարում է մեր բոլոր սպասումները: Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտություն է կրել, Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը նույն պատերազմում շռնդալից հաղթանակ է արձանագրել:

Սա արդեն առաջացնում է այն հարցը, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակիցները պատերազմական զարգացումներում բոլոր առումներով էֆեկտիվ եղել: Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ աշխատանքներում էֆեկտիվ եղել այսօրվա ՀՀ իշխանությունները: Կարծում եմ՝ պատերազմից առաջ ու պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները տապալել են ոչ միայն ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, այլև բոլոր աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ կենտրոնների հետ ունեցած հարաբերություններն ու աշխատանքը: Դրա հետևանքով մենք պատերազմի ժամանակ չունեինք որևէ դաշնակից, որը գոնե կդատապարտեր Ադրբեջանի ագրեսիան: Չունենք նաև հիմա, երբ Ադրբեջանն արդեն բացահայտ ագրեսիայի է դիմում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ»:

Հիմա ունենք իրավիճակ, երբ այսօրվա իշխանությունների ունակությունները, լծակները, քաղաքական, նաև երկրի ռազմաքաղաքական կշիռը թույլ չեն տալիս բանակցային ու նաև ռազմական ճանապարհով հարցեր լուծել: Այս պայմաններում միակ ճանապարհը, որը կարող է նոր հնարավորությունների պատուհան բացել և բանակցային գործընթացում այս անբարենպաստ ընթացքը կանգնեցնել, բանակցողի անհապաղ փոփոխությունն է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930