Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասականը անհրաժեշտ է, ժամանակակիցը՝ պահանջ»

Նոյեմբեր 18,2021 13:00

Հարցազրույց դիրիժոր, դաշնակահար Միքայել Վենդեբերգի (Շվեյցարիա) հետ

– Մաեստրո Վենդեբերգ, ուրախ ենք ձեզ կրկին տեսնել Երեւանում։ Ձեզ հետ մեր նախորդ հանդիպումից անցել է 7 տարի եւ ձեր ստեղծագործական կյանքում փոփոխություն է գրանցվել. Լյուցերնի օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավարի տեղակալից հետո վերջին շրջանում պաշտոնավարում եք որպես Գերմանիայի Հալլեի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։ Այդ առիթով ընդունեք մեր շնորհավորանքը։ 2013թ. առաջին անգամ մեր թատրոնում ձեզ հանդիպեցինք «Համերգ ճեմասրահում» նախագծի (երաժշտական ղեկավար՝ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան) շրջանակներում, հաջորդ տարի՝ 2014թ.-ին ղեկավարեցիք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը, որից հետո մեզ հավաստիացրիք, որ հիշյալ օպերայում հանդես եք գալու որպես բեմադրող դիրիժոր՝ ճանաչված Բենիամին Շադի ռեժիսուրայով բեմադրությունում։ Բայց այդպես էլ ձեր հավաստիացումը չիրականացավ։ Միայն տարիներ անց «Կախարդական սրինգը» բեմադրվեց իտալացի Պաոլո Միչիկեի ռեժիսուրայով, որպես բեմադրող դիրիժոր էլ հանդես եկավ Հարություն Արզումանյանը։ Կուզեինք իմանալ՝ ի՞նչը խանգարեց ձեզ։

– Հիմա, տարիներ անց, իսկապես չեմ կարողանում մտաբերել պատճառը։ Չեմ ժխտում, իհարկե, ինչ-որ բան եղավ… Միայն կարող եմ ասել, որ արեւմտյան մամուլը անդրադառնալով Շադի ռեժիսուրայով դասական եւ ժամանակակից հեղինակների գործերին, ներկայացնում է իբրեւ կայծակնային արագությամբ աշխատողի։

– Մեր հանդիսատեսը շատ խստապահանջ է։ Այս որակումը մշտապես հնչեցնում են Հայաստան այցելած հյուրախաղորդ արվեստագետները։ Երբ հայտնվեց նոյեմբերի 19-ին կայանալիք Պուչինիի «Տոսկա» օպերայի հայտագիրը եւ գրվեց ձեր անունը, մեր հանդիսատեսը ձեզ մտաբերեց «Համերգ ճեմասրահում» նախագծից, որտեղ այլ երկերի թվում ղեկավարել էիք նաեւ Էդուարդ Հայրապետյանի հարվածային գործիքների (տիմպանի, մարիմբա) եւ լարային նվագախմբի համար կոնցերտը։ Կարծում ենք՝ ցանկացած ազգի հանդիսատեսի համար հաճելի է, երբ իր հայրենակցի գործը հնչեցնում է այլազգի արվեստագետ։ Հիմա անդրադառնանք «Տոսկային»։ Համացանցը ողողված է համաշխարհային օպերային գրականության, ինչպես ասում են՝ հայտնի ու անհայտ ստեղծագործությունների ժամանակակից ռեժիսուրայով բեմադրություններով։ Բացառություն չէ «Տոսկան»…

– Այսօր Հալլեի օպերային թատրոնի խաղացանկում է «Տոսկայի», ես կասեի՝ մոդեռն ռեժիսուրայով ներկայացումը։ Տեսեք, առաջին գործողությունում հանդիսատեսը հանդիպում է երկու կանանց՝ Տոսկայի արտաքինով։ Մեր ներկայացման մեջ՝ ի տարբերություն երեւանյան «Տոսկայի», Կավարադոսին տանջանքների է ենթարկում գլխավոր հերոսուհուն… Դժվար է, նույնիսկ անհնար խոսքերով ներկայացնել ողջ նորամուծությունը։ Բայց ես կասեի, որ մեր «Տոսկան» բացառապես ոչ թե մոդեռնի մեջ է, այլ դասականի եւ մոդեռնի արանքում։ Մի բան ակնհայտ է. ես սիրով եմ ղեկավարում ժամանակակից ռեժիսուրայով բեմադրությունները։ Դա գալիս է գուցե նաեւ այն իրողությունից, որ, այսպես ասեմ՝ «դասական» կարիերան զուգահեռել եմ ժամանակակցի հետ։ Մեծ հաշվով, ամենակարեւորը ինչն է. լիբրետոն կամ պատմությունը տեղ հասցնել հանդիսատեսին։


– Ասացիք, որ հաճույքով եք ղեկավարում ժամանակակից ռեժիսուրայով բեմադրությունները։ Հասկանալի է՝ դա ձեր աշխատանքն է։ Իսկ ո՞րն է ձեր նախընտրածը…

– Դասականը անհրաժեշտ է, ժամանակակիցը՝ պահանջ։ Դասականը ներկայացնելիս ուրվագծվում է անցյալը, իսկ ժամանակակիցը դասականի արտացոլանքն է։

– Ի՞նչ կասեք դասական ռեժիսուրայով մեր «Տոսկայի» մասին (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան)։

– Առաջին անգամ երբ եկա Հայաստան, ինձ հիացրին ձեր թատրոնի նվագախումբը, երգչախումբը եւ իհարկե՝ մեներգիչները։ Չեմ տեսել մի թատրոն, որտեղ այդքան հզոր օպերային ձայներ լինեն, այն էլ նույնազգի։ Զարմանքս դեռ չի անցել…

– Իսկ մենք զարմանում ենք, թույլ տվեք՝ ուղիղ արտահայտել, համացանցը ողողած արեւմտյան թատրոնների, այդ թվում՝ Գերմանիայի, համաշխարհային օպերային նմուշների ժամանակակից բեմադրություններով, որտեղ էրոտիկ տեսարանները վերաճում են բացահայտ սեքսի։ Ընդունելի՞ են ձեզ համար նման բեմադրությունները։

– Մեր մեջ ասած՝ այդ մոդեռնից կամ ժամանակակցից շատ եմ տառապել (ժպտում է)… Գիտե՞ք, հաճախ ինձ ձանձրացնում են այդ էրոտիկ տեսարանները կամ մերկ վիճակները։ Ինձ համար դա էական նշանակություն չունի։ Կրկնում եմ՝ կարեւոր է, որ լիբրետոն, պատմությունը հասնի հանդիսատեսին։

– Հաճախ հանդես եք գալիս նաեւ կամերային երաժշտության երեկոներում։

– Այո, կոնկրետ Հալլեի թատրոնի 115 երաժշտից կազմել եմ կամերային նվագախումբ, որի միջոցով աշխատում եմ ներկայացնել հազվադեպ հնչող ստեղծագործություններ։ Իսկ կամերայինի երկացանկում ընդգրկված են դասական, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Բախից մինչեւ Շոնբերգ։ Ընդ որում, կամերայինի հետ մասնակցում ենք տարբեր բիենալեների եւ փառատոների։ Իսկ կորոնավիրուսի լոքդաունների ժամանակ յուրաքանչյուր շաբաթ օնլայն նոր ծրագրով հանդես եմ եկել որպես դաշնակահար։ Դա շոկ էր աշխարհի բոլոր երաժիշտների, նաեւ ինձ համար, ինչը երազում նույնիսկ չէինք տեսնի։ Իսկ հիմա կարծես համակերպվել ենք ապրել այդ վիրուսի հետ կողք կողքի։

– Մաեստրո, երբեւէ խաչվե՞լ են ձեր եւ մաեստրո Կարեն Դուրգարյանի ստեղծագործական ուղիները։

– Ստեղծագործական ուղիները՝ ոչ։ Ես մաեստրո Դուրգարյանի արվեստին առայժմ ծանոթ եմ համացանցից ու գիտեմ, որ ոչ միայն բարձրարվեստ երաժիշտ է, այլեւ մի շարք հեղինակավոր թատրոնների կողմից սպասված հյուր։

– Թույլ տվեք հիշեցնել, որ ժամանակին օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտներ՝ ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանի եւ Վիգեն Հարությունյանի ընկերակցությամբ հաղթահարեցիք քառագագաթ Արագածի հարավային գագաթը՝ 3879 մետր…

– Հիանալի հիշողություններ ունեմ այդ առիթով։ Մշտապես նշել ու համեմատել եմ՝ Արագածից ստացած բավականությունս նույնն է, ինչ լեռնագնացությունը Ալպեր։ Ես միակ օտարազգի երաժիշտը չեմ, որ հաղթահարել է Արագածի գագաթներից մեկը։ Կուզեի հնչեցնել ավստրիացի տաղանդավոր կոմպոզիտոր Անտոն Վեբերնի անունը։ Հավանաբար ուզում եք իմանալ՝ կշարունակվի՞ իմ լեռնագնացությունը դեպի Արագածի գագաթներ։ Այս պահին չեմ կարող ասել, բայց որ լեռնագնացությունը իմ տարերքն է՝ դա միանշանակ է։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930