Օպերային երգչուհի Արմինե Թութունջյանի ծննդյան 100-ամյակի առիթով հարցազրույց նրա դստեր՝ ամերիկաբնակ հոգեբան Անուշ Թութունջյանի հետ
– Տիկի՛ն Անուշ, Ձեր գրած հուշ-ակնարկից բացի, կխնդրեի որոշ մանրամասներ պատմել Ձեր մայրիկի կյանքից: Ինչպիսի՞ն է նա մնացել Ձեր հուշերում:
– Երբ մայրս երգում էր, ես չէի կարողանում մնալ սենյակում: Ես ինքս փորձել եմ վերլուծել այդ երեւույթը… (Տիկին Անուշի արցունքները տեղի են տալիս: Նա լքում է սենյակը: Քիչ հետո վերադառնալով՝ խոստովանում է, որ առհասարակ հազվադեպ է հուզվում: Հավանաբար առաջին անգամ էր հայ թղթակցին պատմում մոր հետ կապված իր ամենանվիրական զգացմունքներից): Ես բնավորությամբ ինքնամփոփ եմ: Չեմ սիրում, երբ մտնում են իմ անձնական տարածք: Վիսոցկին մի երգ ունի. «Չեմ սիրում նաեւ, երբ հոգուս մեջ են խցկվում, առավե՛լ՝ երբ որ թքում են այնտեղ (թարգմ.՝ Լեւոն Բլբուլյանի- Ս.Մ.)»: Դա իմ կյանքի փիլիսոփայությունն է: Երբ մայրս երգում էր, ինձ թվում էր, թե ես մտնում եմ նրա հոգեկան, ներանձնային աշխարհը, ուր մտնելու իրավունք չունեմ: Միգուցե իր վոկալն էր հուզում: Համենայնդեպս, այդ զգացումն եմ ունեցել, երբ դուրս եմ եկել սենյակից:
– Վստահաբար, Դուք նույնպես շատ արվեստագետների երեխաների նման մեծացել եք թատրոնում:
– Այո՛, իմ մանկությունն անցել է օպերային թատրոնի հետնաբեմում: Հիշում եմ, երբ 5 տարեկանում մորաքույրերիս աղջիկների հետ գնացել էի «Անուշ»-ի ներկայացմանը: Այն պահին, երբ Սարոն (Ավագ Պետրոսյանը) փախցնում էր Անուշին, ես ողջ դահլիճով մեկ սկսել եմ բարձրաձայն լաց լինել. «Մամայիս եմ ուզում, տարա՜ն»: Անկեղծ ասած, փոքր տարիքից Ավագ Պետրոսյանին չէի սիրում, քանի որ նա «փախցրել էր իմ մամային»: Մայրիկի ստեղծագործական տարիների մայրամուտին ընկերոջս հետ գնացի օպերային թատրոն՝ Մադամ Բաթերֆլայի դերերգը ձայնագրելու: Դահլիճն ուղղակի արտասվում էր մայրիկի կատարումից: Ցավում եմ, որ տեխնիկական ինչ-որ խնդրի պատճառով ներկայացումն այդպես էլ չհաջողվեց ձայնագրել:
– Օպերային դերերգերից բացի, ի՞նչ ստեղծագործություններ են ներառված եղել Արմինե Թութունջյանի երգացանկում:
Կարդացեք նաև
– Մեր հայ կոմպոզիտորները շատ էին սիրում համագործակցել մայրիկի հետ: Նրա անունը դրել էին «շտապօգնության երգչուհի», քանի որ վերջին վայրկյանին էին ներկայացնում իրենց երգերը: Իսկ մայրս առանց պատրաստվելու կարողանում էր հաջողությամբ կատարել այս կամ այն ստեղծագործությունը: Միասին համերգներով մեկնում էին մարզեր: Մայրս հատկապես հիշում էր Էդվարդ Միրզոյանին, որը հրաշալի անեկդոտներ էր պատմում: Մտերիմ էր կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի հետ, որը մեր հարեւանն էր: Ես առաջին անգամ տավիղ տեսել եմ նրանց տանը: Մեր տուն շատերն էին այցելում՝ Պարույր Սեւակը, Միհրան Երկաթը, որի հետ առանձնակի մտերմություն ուներ, Օնիկ Փարաջանյանը… Պետք է նշել, որ մինչեւ Խորհրդային Հայաստան ներգաղթելը մայրս երգում էր համայնքային շրջանակներում կազմակերպված մշակութային ձեռնարկներին եւ Կահիրեի հայոց եկեղեցում: Հայրս նույնպես երգում էր տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Մայրս պատմում էր, որ երբ վախճանվեց նշանավոր դիրիժոր Միքայել Թավրիզյանը (ի դեպ, նվագախումբը ղեկավարելու պահին), օպերային թատրոնը, իրավամբ, կորցրեց իր փայլը:
– Ի՞նչ հիշարժան դրվագ կհիշեք Ձեր մայրիկի եւ նվագակցողների հետ համագործակցությունից:
– Մարիաննա Հարությունյանը շատ էր սիրում եւ գնահատում մայրիկին: Նրանք յուրահատուկ հարաբերություններ ունեին: Մարիաննայի հատուկ վերաբերմունքը միգուցե բացատրվում էր նրանով, որ մայրիկիս ձայնն իրեն հիշեցնում էր իր մոր՝ Հայկանուշ Դանիելյանի ձայնը: Մի անգամ մայրս պատմեց, որ Մարիաննայի տանն անցկացվող փորձերից մեկի ժամանակ մի պահ նրա ձայնը Մարիաննային այնքան է հիշեցրել իր մոր ձայնը, որ նա փակել է դաշնամուրի կափարիչը ու հուզված գնացել է մյուս սենյակ: Մի քանի րոպե հետո իրեն հավաքել է ու վերադարձել:
– Ի՞նչ ընտանիքում է մեծացել Արմինե Թութունջյանը: Որտեղի՞ց էր նա արմատներով:
– Մորս հայրը՝ Միհրան Զաքարյանը, ծնվել է 1881 կամ 1882 թ., Էրզրումում: Միհրանի հայրը բավական հարուստ մարդ է եղել: Միհրան պապս պատմում էր, որ ինքը Էրզրումում հաճախակի մասնակցել է ձիարշավային մրցույթների, որոնցից մեկի ժամանակ կորցրել է իր ողջ ունեցվածքը եւ ընտանիքի հետ միասին ստիպված հեռացել է Եգիպտոս: Ստացվում է այնպես, որ եթե պապս չպարտվեր այդ մրցումների ժամանակ, ապա չէր մտածի Եգիպտոս տեղափոխվելու մասին, եւ իր ընտանիքը նույնպես պիտի անցներ կոտորածի միջով: Մի հետաքրքիր դիպված եւս: 20-րդ դարի սկզբին Միհրան պապս իր երիտասարդ ընկերների հետ Կահիրեից գնացել է Գերմանիա՝ աշխատելու: Փողոցում քայլելիս բարձրաձայն են խոսել: Ոստիկանությունը կարծել է, թե կռիվ են անում, բռնել է նրանց: Պապս շատ հետաքրքիր մարդ էր: Նա մահացավ երգելով՝ մեր տանը, 1963 թ.:
Ինձ հայտնի է նաեւ հորս մոր ընտանիքի պատմությունը: Ծանոթներիցս մեկը, երբ գնացել էր Այնթապ, նրան մի երեքհարկանի դպրոց էին ցույց տվել, որտեղ ժամանակին հայ աղջիկներին ձեռագործ ու կարուձեւ անել էին սովորեցնում: Այդ տանն է ապրել ու մեծացել իմ հոր մայրը: Հարուստ ընտանիք է ունեցել: Տատս պատմում էր, որ 50 հոգով են սեղան նստել:
– «Թութունջի» թարգմանաբար նշանակում է ծխախոտագործ: Արդյո՞ք Այնթապում Ձեր նախնիներն այդ գործով են զբաղվել:
– Ես այդ հարցը փոքրուց տվել եմ հորս, բայց պատասխանը բացասական է եղել: Հորս հայրը ունեցել է մի եղբայր: 1930-ականներին Խաչեր ամին մեկնել է Լոս Անջելես: Գիշերը աման է լվացել, ցերեկը՝ սովորել բժշկական ինստիտուտում: Այն տարիներին նա բավականին հայտնի թոքաբան էր: Պապս եւ իր եղբայրը փոքր են եղել, երբ իրենց հորը Այնթապում թուրքերը սպանել են ու գլխի տեղը կաղամբ դրել: Հորս տատը նորից է ամուսնացել, սակայն երկրորդ ամուսնուն էլ են նույն ձեւով սպանել: Նրանից էլ մի տղա է ունեցել: Հայրս պատմում էր, որ հորս հոր զարմիկը ինքնասպան է եղել 1920-ականների վերջերի ռեպրեսիայի ժամանակ: Ինքը Հնդկաստանից համեմունքներ էր ներմուծում Անգլիա: Նրա մահվան կապակցությամբ «Լոնդոն Թայմս»-ը հոդված է գրել՝ «Համեմունքների արքա» վերնագրով:
– Ինչպիսի՞ հարաբերություններ են ունեցել Ձեր ծնողները միմյանց հետ:
– Երբ հայրս սովորում էր Մոսկվայի ասպիրանտուրայում, մայրս էր հոգում մեր ընտանիքի կարիքները, որ «ամուսինը կարողանար կյանքի կոչել իր երազանքը»: Ի դեպ, երբ նրանք ներգաղթել են Խորհրդային Հայաստան, ռուսերեն մի բառ անգամ չեն իմացել: Ասպիրանտուրա ընդունվելու համար հայրս 100 դաս է վերցրել, իսկ մայրս, չնայած չէր սովորել, շատ լավ գրում եւ կարդում էր ռուսերեն: Հայրս խոստովանում էր, որ գիտության մեջ իր նվաճած բարձունքների համար պարտական է իր կնոջը: Երբ հայրս գրում էր իր թեկնածուական աշխատանքը, տարբեր երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, իրեն գրքեր էին ուղարկում: Քանի որ մայրս հրաշալի իտալերեն գիտեր (Կահիրեում մեկ տարի հաճախել էր իտալական դպրոց), նա էր թարգմանում հորս նշած իտալերեն հատվածները:
– Իսկ Ձեր ծնողներն ի՞նչ վերաբերմունք ունեին իրենց մինուճար դստեր հանդեպ:
– Իմ եւ մորս հարաբերությունները եզակի էին: Մենք առանց խոսքի հասկանում էինք միմյանց՝ սկսած խոհանոցից: Կարծես իրար լրացնեինք: Արտասահմանից երբ հյուրեր էին գալիս մեր տուն, ես միշտ իմ տեղն էի ունենում սեղանի շուրջը: Ինձ վերաբերվում էին որպես մեծի: Այդ դաստիարակությունը խորհրդային հասարակարգում հազվադեպ էր: Հայրս ու մայրս նստում եւ զրուցում էին ինձ հետ: Այդ ամենն ինձ կարծես օգնել է ոչ միայն իմ գիտավերլուծական աշխատանքում, այլեւ մարդկային հարաբերություններում: Իսկ հայրս տարված էր իր գիտական աշխատանքով: Սիրում էր լսել դասական երաժշտություն, հատկապես՝ Բեթհովենի սիմֆոնիաները: Իմ ծնողները ինձ երբեք չեն գովել, երես չեն տվել, թեեւ ես նրանց միակ երեխան էի: Իմ կյանքը լի է եղել ստեղծագործական մթնոլորտով՝ մի կողմից՝ արվեստ, մյուս կողմից՝ գիտություն: Այդ առումով են երես տվել (ժպտում է): 1976 թ., երբ հայրս հիմնեց ԵՊՀ հոգեբանության ամբիոնը, կազմակերպեց միջազգային մի գիտաժողով, որին ես ներկայացրի իմ առաջին գիտական հոդվածներից մեկը: Հայրս կարծիք չհայտնեց իմ հոդվածի առնչությամբ, բայց մորս ասել էր, որ լավ եմ շարադրում մտքերս:
– Ի վերջո, Արմինե Թութունջյանը որպես երգչուհի իրեն բավարարվա՞ծ էր զգում:
– Այո՛, ինձ թվում է, որ նա շատ սպասելիքներ չուներ: Բեմն իր համար հանգստի վայր էր: Կիեւյան փողոցից տրամվայով իջնում էր Օպերային թատրոն, այնուհետեւ երբ բեմ էր դուրս գալիս, իր կյանքի ամենաերջանիկ պահերն էր ապրում: Երբ երգչուհիները թողնում են բեմը, քիչ թե շատ սկսում են տառապել աստղային հիվանդությամբ: Մայրիկը, որպես հակադրություն, օրինակ էր բերում շվեդ դերասանուհի Գրետա Գարբոյին, որը 36 տարեկանում ընդմիշտ հեռանում է կինոյից եւ ապրում մեկուսի կյանքով: Բեմը թողնելուց հետո, սակայն, մորս համար կյանքը չավարտվեց: Թեեւ նա չէր կարդացել լոգոթերապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլի աշխատությունները, որոնցում ավստրիացի հայտնի հոգեբանը գրում էր, թե մարդը կյանքի ամեն մի փուլում պետք է կարողանա իմաստ գտնել, սակայն մաման միշտ նշում էր, որ յուրաքանչյուր տարիք իր գեղեցկությունն ու իմաստն ունի: Մաման շատ էր սիրում խոհանոցը: Իսկական հայ տնտեսուհի էր: Բացի այդ, նա բրդյա գուլպաներ էր գործում ու բաժանում բոլորին: Իսկ վերջին տարիներին նրա տեսողությունը սաստիկ վատթարացել էր, ինչն իրեն խիստ անհանգստացնում էր…
Հարցազրույցը՝
Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.11.2021