Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան Երեւանի նկատմամբ «կարկանդակի ու մտրակի» սկզբունք է կիրառում

Նոյեմբեր 18,2021 12:00

Երեւանը մտավախություն ունի, որ Հայաստանին կարող են առաջարկել քննարկել նաեւ օրակարգային այլ հարցեր

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին հայտարարել են «3+3» ձեւաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) շուտափույթ գործարկման անհրաժեշտության մասին: Ռուսաստանը Թուրքիայի նախաձեռնության նկատմամբ առանձնակի հետաքրքրվածություն է ցուցաբերում արդեն տեւական ժամանակ: Գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ՌԴ ԱԳՆ-ից հիշեցնում են այդ ձեւաչափի մասին՝ ցույց տալով, որ Մոսկվան սպասում է այս ձեւաչափի մեկնարկին:

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն էլ ընդգծել էին «3+3» տարածաշրջանային համագործակցության ձեւաչափի կարեւորության մասին նոյեմբերի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Իսկ անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն կրկին հիշեցրեց, թե՝ «3+3» ձեւաչափի գործարկման ծրագրերը գործնական հուն տեղափոխելու ժամանակն է: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նկատել էր, որ Ռուսաստանը սատարում է «3+3» ձեւաչափով տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը եւ կարծում է, որ եկել է ժամանակը գործնականում դրա մեկնարկը տալու. «Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձեւաչափը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»: Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Զախարովան նշել էր, որ Թբիլիսիից հակասական հայտարարություններ են հնչում այդ հարթակում իրենց մասնակցության վերաբերյալ: Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի սեփական դիրքորոշումն ունենալ այդ հարցում:

Ավելի վաղ, նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, թե որ դեպքում «3+3» ձեւաչափն ընդունելի կլինի Հայաստանի համար: «3+3» հնարավոր ձեւաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով. մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը եւ այդպես շարունակ, Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել էր նա՝ հավելելով. «Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն։ Այդտեղ կարող է շատ ավելի հետաքրքիր լինել եւ մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով»:

Փաշինյանի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանն ունի մտավախություններ, որ Հայաստանին կարող են առաջարկել քննարկել նաեւ օրակարգային այլ հարցեր: Ասվածից կարելի է եզրակացնել, որ «3+3» ձեւաչափի ջատագովներն էլ առայժմ հստակ չունեն պատկերացում, թե ձեւաչափը ինչ հարցերով է զբաղվելու, ինչ նպատակներ է իր առջեւ դնելու, բացի հայտարարված բարի ցանկությունները:

Հիմք ընդունելով Թուրքայի շահագրգռվածությունն այդ ձեւաչափի հարցում, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանի առջեւ Անկարան անկաշկանդ կդնի նորանոր պահանջներ, որոնք կապ էլ կարող է չունենան այդ ձեւաչափի գործառույթների հետ:

Օրերս Անկարան Հայաստանին կրկին կոչ արեց՝ հրաժարվել «թշնամական քաղաքականությունից» եւ միանալ «3+3» տարածաշրջանային գործակցության ձեւաչափին: Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշեց. «Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ցուցաբերել են շատ կառուցողական մոտեցում ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելու ուղղությամբ եւ բացել են նոր ժամանակաշրջանի դուռը՝ հիմնված կայունության եւ գործակցության վրա: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնատար անձինք, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այս պատմական հնարավորությունից, այդ թվում՝ «3+3» ձեւաչափի վերաբերյալ մեր առաջարկից»: Ապա` նա հավելել էր, թե «սկսվել է նոր պայքար Կովկասում երկար տարիներ հետո կայուն խաղաղություն ապահովելու համար»:

Անկարան արդեն իսկ Հայաստանին մեղադրում է «թշնամանքի», «ատելության», «հիշաչարության» մեջ, իսկ դա ե՞րբ է արվում… Երբ Հայաստանը չի իրականացնում Անկարայի ու Բաքվի այս, կամ այն սպասելիքը: Իսկ Բաքվում տպավորիչ պատվիրակությամբ գտնվող Թուրքիայի Պնախարարը չմոռացավ հիշեցնել, թե ինչ ակնկալիք ունեն նրանք հետպատերազմյան փուլում: «Զանգեզուրի միջանցքը» որեւէ երկրի համար վտանգ չի ներկայացնելու, «այդ տրանսպորտային երթուղին սպառնալիք չի պարունակում որեւէ երկրի համար», ասել է Աքարը: Նրա խոսքով՝ տարածաշրջանային զարգացման գործում լավագույն ներդրումը կլիներ հենց տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի գործակցությունը: Աքարը համարում է, որ Երեւանը պետք է օգտվի այս «պատմական հնարավորությունից» եւ պատասխանի «Բաքվից հնչող խաղաղության կոչերին»: «Երկու ժողովուրդները պետք է երկխոսություն վարեն այդ հարցով: Պետք է աջակցել այդ գործընթացին, չխոչընդոտել դրան»,- նկատել էր Աքարը՝ հավելելով. «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնած ձեռքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով Հայաստանի կողմից գնահատվի որպես հնարավորություն, եւ որ այդ հնարավորությունն իրագործվի»: Ի դեպ, Աքարը այս «բարի» ցանկությունները հայտնելուց հետո էլ հարկ էր համարել նաեւ արձանագրել, որ Թուրքիայի զինված ուժերը «նոն-ստոպ» ռեժիմով համատեղ աշխատանք են տանում ադրբեջանցի զինծառայողների հետ՝ «չեզոքացնելու համար ցանկացած սպառնալիք, այդ թվում՝ ականազերծման աշխատանքներում»:

Այսինքն, Հայաստանի նկատմամբ «կարկանդակի ու մտրակի» քաղաքականության սկզբունքով, Անկարան բացեիբաց հասկացնում է Երեւանին, որ ճիշտ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից հրաժարվել, եւ ներգրավվել նոր ձեւաչափում:

Նույն օրերին Անկարային ձայնակցում էր նաեւ պաշտոնական Բաքուն: Հարավային Կովկասում առաջ են եկել նոր իրողություններ, «որոնք յուրաքանչուրը պետք է ընդունի», այս բովանդակությամբ հայտարարություն էր տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն նոյեմբերի 8-ին: «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային գործակցության եւ իր հարեւանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային հավակնությունների միջեւ: Այս առումով միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարություն ունենա եւ կոչ անի Հայաստանին գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Անհրաժեշտ է վերջ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Հայաստանի ռեւանշիզմին աջակցելու եւ նրան զինելու փորձերին»,- ասվում էր հայտարարության մեջ: «Ամուր խաղաղության, զարգացման եւ առաջընթացի ապահովումը Ադրբեջանի ապագա տեսլականի ռազմավարության հիմքն է: Չեզոքացնելով իր տարածքների օկուպացման գործոնը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքների խստորեն պահպանման վրա: Տարածաշրջանում ապագա խաղաղության եւ անվտանգության ապահովման համար այս փուլում կարեւոր է ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարության դրույթները, եւ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանն ընդառաջ կգնա այդ ուղղությամբ ձեռնարկված իր քայլերին»,- նշվում էր նույն հայտարարության մեջ:

Այսպես, Բաքվի ու Անկարայի, ինչ-որ առումով, նաեւ Երեւանին հաճոյանալու մղումը, հրավերը՝ դեպի «3+3» ձեւաչափ, փաստում է նաեւ, որ Երեւանից նրանք առայժմ չեն ստացել այն ամենը, ինչ դեռ ակնկալում են ստանալ: Հետեւաբար, նույնիսկ այս պայմաններում, Երեւանն ունի մանեւրելու, իր պայմանները առաջ մղելու, իր պահանջները ներկայացնելու հնարավորություն: Այլ հարց է՝ թե դրանցից օգտվելու ունակություն ու ցանկություն կա՞, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Մոսկվայի շահագրգռվածությանը, ապա գոնե հրապարակավ Մոսկվան Անկարայի ու Բաքվի ակնկալիքներից բոլորը պաշտպանում է: Խոսքը վերաբերում է թե՛ սահմանազատման աշխատանքների իրականացմանը, թե «3+3» ձեւաչափի գործարկմանը:
Ավելին, շաբաթներ առաջ Մոսկվան անգամ դժգոհեց, որ Վաշինգտոնը փորձում է խոչընդոտել «3+3» ձեւաչափին: Հոկտեմբերի 21-ին Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամլո ասուլիսում, կրկին նշելով, որ Ռուսաստանն ակնկալում է, որ հնարավորինս արագ կգործարկվի «3+3» ձեւաչափը Հարավային Կովկասում, հավելեց, թե արեւմտյան որոշ ուժեր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում են խանգարել այդ գործընթացին: «Մենք տեսնում ենք, որ արեւմտյան որոշ պետություններ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, փորձում են խանգարել որոշ գործընթացների: Մեր կողմից առաջնորդվում ենք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ մեկնարկով՝ ի շահ բոլոր մասնակիցների»:

Զախարովան այնուհետեւ հավելել էր, որ ամերիկյան կողմը գործընթացին խոչընդոտելու իր փորձերում զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը վերագրելով Մոսկվային: Ըստ այդմ, նա հիշեցրել է, որ այդ ձեւաչափն առաջարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները. «Ինչպես գիտեք, Ռուսաստանը սատարել է այդ նախաձեռնությանը: Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային գործակցության զարգացումը ուղղակիորեն բխում է այդ ձեւաչափի բոլոր մասնակիցների շահերից: Եվ մեր կարծիքով այդ մեխանիզմի գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա տարաձայնությունների կարգավորմանը եւ տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային եւ մարդասիրական ներուժի բացահայտմանը»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանն ավելի վաղ անդրադարձել էր այս ձեւաչափին, շեշտելով, որ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձեւաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջեւ փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Նման տեսակետ «Ազատության» հետ զրույցում հայտնել էր ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը. «Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձեւաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը: Նաեւ մեզ համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձեւաչափում, որեւէ կերպ չհամընկնեն այլ ձեւաչափերի մանդատի եւ քննարկման հարցերի շրջանակի հետ»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930