Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդն անհետ կորածի ծնողից գումար էր պահանջել

Նոյեմբեր 18,2021 14:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ էին ձեռք բերվել, որ Հ. Մ.-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում եւ Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման եւ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը: Հ. Մ.-ն 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել էր առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ եւ, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար: Հ. Մ.-ն ձերբակալվել էր, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորել էր զերծ մնալ «հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց»: Արի ու տես, անհետ կորածների ծնողները տեսնելով պետության անգործությունը՝ ընկնում են նման մարդկանց ձեռքը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ նստավայր) նմանատիպ մի գործով դատական մեկ նիստ է արդեն տեղի ունեցել: Դատավորը Նելլի Բաղդասարյանն է: Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Դատարանը եւս 2 նիստ էլ նշանակել էր, ապա՝ հետաձգել:

Ամբաստանյալի՝ Ազատ Հարությունյանի պաշտպանությունն իրականացնում է Մնացական Մարուքյանը (նախկինում եղել է ԱԱԾ քննչականի պետ-Ռ.Մ.): Ամբաստանյալը ցուցմունք չի տվել, չի արտահայտել որեւէ իրավական դիրքորոշում:

Տուժողները չորսն են՝ Լիդա եւ Սաթենիկ Իսոյանները, Հակոբ Խուրշուդյանը, Լեւոն Ազատյանը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն այս գործով տուժողներ Հակոբ Խուրշուդյանի եւ Լեւոն Ազատյանի ներկայացուցիչն է: Նշեմ, որ փաստաբանը նախաքննությանը չի մասնակցել:

Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն, ամբաստանյալը, ով տաքսու վարորդ է, Լ.Սիմոնյանի վստահորդներից՝ Հակոբ Խուրշուդյանից այս տարվա փետրվարի 3-ին տեղեկացել է, որ նրա որդին` Սենիկը, ժամկետային զինծառայող է, մասնակցել է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, ներկայացել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իբրեւ «լավ» կապեր ունեցող անձ, «տեղեկացել էր», որ Սենիկը գտնվում է Ադրբեջանում, Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում:

Ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալն անհետ կորած զինվորին Մոսկվա, ապա Հայաստան տեղափոխելու համար ծնողին խոստացել էր որոշակի գումարի դիմաց, իբր անվտանգության աշխատակիցներին «կաշառք» տալու միջոցով զինվորին բերել: Փետրվարի 5-ին նա Երեւանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցի բակում ծնողից՝ տուժողից ստացել է 1000 դոլար գումար, սակայն ԱԱԾ աշխատակիցների կողմից բռնվել է:

Մեկ այլ դրվագով էլ ամբաստանյալը ստացել էր գումարը, սակայն ոչինչ չէր ձեռնարկել: Դավիթ Ազատյանը մասնակցել է սեպտեմբերյան պատերազմին: Ամբաստանյալն իր ծանոթից իմանալով այս տղայի մասին, հունվարի 6-ին էր հանդիպել զինվորի հորը՝ Լեւոն Ազատյանին, ներկայացել էր անվտանգության ծառայության աշխատակիցներին մոտ կանգնած անձ, դարձյալ խոստացել էր անհետ կորած զինվորին վերադարձնել Հայաստան:

«Ճշտել» էր, որ անհետ կորած զինվորն իբր գտնվել է Ադրբեջանի Միրբաշիր քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Տուժողից՝ զինվորի հորից պահանջել էր 5 հազար դոլար գումար, իսկ փետրվարի 2-ին ստացել էր 3 հազար ԱՄՆ դոլար գումար եւ 100 հազար դրամ, բնականաբար՝ չկատարելով իր տված խոստումը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին, 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտի» հարցին, թե այդ հոդվածներով որքա՞ն ժամկետով ազատազրկում է սպառնում, եթե հաստատվի դատական ակտով, ասաց՝ 4-8, 3-7, 2-5 տարով ազատազրկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. -Երեկ պատրաստ էր մեր հրապարակումը, երբ ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ բազմադրվագ մի գործով ՊՆ ռազմական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանցից մեկը՝ «Հ.Դ.-ն մի շարք քաղաքացիներից պահանջել եւ ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառք, չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու եւ այլնի համար, որպիսի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման եւ զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը»: Եվ որ այս գործով 22 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

«Առավոտ» օրաթերթ
17.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930