Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ն ստեղծված իրավիճակում որոշակի հույսեր է կապում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Նոյեմբեր 17,2021 23:40

ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը «Ազատության» հրապարակում հրավիրված հրատապ հանրահավաքում ելույթն սկսեց վերջին շրջանում մեծ տարածում ստացած մի արտահայտության շտկումով: «Մենք երեկ տեսանք, որ պատերազմական գործողություններ էին ընթանում շփման գծում, որը մեզանից շատերը սխալմամբ անվանում են սահման: Դա Հայաստանի սահմանը չէ: Դա թշնամու կողմից օկուպացված զորքերի հետ շփման գիծ է, ժամանակավոր շփման գիծ:

Պիտի հասկանանք, թե ինչ կատարվեց երեկ: Չկա վերլուծություն, չեն խոսում, չեն բացատրում, չեն մեկնաբանում»,- ասաց նա եւ այդ հանձնառությունը վերցրեց իր վրա: «Ինչպես Արցախի հատվածում անհրաժեշտ եղավ դավաճանական պայմանավորվածությունները ի կատար ածել պատերազմական գործողությունների արդյունքում եւ դրանց միջոցով, ինչպես այնտեղ իրենց անհրաժեշտ էր տալ մեծ քանակությամբ զոհեր, որպեսզի ժողովուրդը համակերպվի այն հեքիաթի հետ, թե նախ 10 հազար,  15, 20, 25, 30 հազար զինվոր շրջափակումից պետք էր հանել եւ այդ պատճառաբանությամբ գնաց նաեւ Քարվաճառը, Քաշաթաղը եւ ՀՀ մնացած շրջանները հանձնելու, այնպես էլ երեկվա պատերազմական գործողությունները հստակ կազմակերպված, պլանավորված, համաձայնեցված էին եռակողմ կամ քառակողմ ֆորմատով՝ Նիկոլ Փաշինյան-Բաքու-Անկարա եւ Մոսկվա, որպեսզի տեղի ունենար այսօրվա իր հայտարարությունը:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց, որ իբրեւ թե Հայաստանը այսօր վերահսկողություն ունի Խորհրդային Ադրբեջանի տարածքների նկատմամբ: Հետեւաբար, նաեւ ակնարկեց, որ ըստ իր տրամաբանության՝ պետք վերադարձնեն, իսկ իրականում՝ հանձնվեն թշնամուն: Միաժամանակ խոսեց նաեւ այն մասին, որ անհրաժեշտ է ըստ իրեն, անել դեմարկացիա եւ դելիմիտացիա: Դրա իրավունքը նա չունի: Մենք կողմ ենք արդար դեմարկացիայի եւ դելիմիտացիայի՝ իրավական գործընթացների արդյունքում, այլ ոչ թե դավաճանական պայմանավորվածությունների, մենք կողմ ենք ՀՀ իրական սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի»,- հայտարարեց Հայկ Մարտիրոսյանը:

Իսկ Ալբերտ Բաղդասարյանը հավաքվածներին ներկայացրեց  Հայաստանը կործանումից փրկելու ԱԺԲ-ի տեսլականը: Կուսակցությունը առաջարկեց հանրահավաքը եզրափակել դեպի  նախագահական նստավայր երթով: Մենք այս երթով փորձելու ենք հերթական քայլն անել հայկական ներուժի հերթական միավորը դնել հայկական շահերը սպասարկելու ռելսերի վրա: Հայաստանի հանրապետությունը ֆորմալ առումով պետություն է, որն ունի իշխանության տարբեր մարմիններ ինչ-որ մեկի գլխավորությամբ, որը խաբեց ամբողջ ազգին: Սա, վարչապետ կոչեցյալի մասին եմ ասում, ձեռքսեղմելի մարդ չէ: Եթե նկատել եք, հեղափոխական էյֆորիայի օրերը հանած՝ նրա հետ ոչ-ոք չի հանդիպում,աշխարհում  ոչ մեկը սրա, հետեւաբար, նաեւ Հայաստանի հետ,  հարաբերություն չունի:

Բայց Հայաստանը՝ լավ թե վատ, ունի նախագահ, մի պաշտոնյա, որը կարող է դառնալ Հայաստանի համար այս փուլում աշխարհին կապող օղակ: Մարդ, որը չունի լիազորություններ, բայց ի տարբերություն վարչապետ կոչեցյալի, աշխարհում մեծ կապեր ունի»:

ԱԺԲ խորհրդի անդամը հայտարարեց, որ իրենք հանրապետության նախագահին այս փուլում դիտարկում են որպես, այսպես կոչված, փրկօղակ եւ վստահություն, որ Արմեն Սարգսյանը, եթե Հայաստանում լինի, կհամաձայնի հանդիպել ժողովրդի հետ, լսել մտահոգությունները եւ համագործակցել նրա հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930