Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ անսահմանափակ ազդեցություն ԱԺ-ի վրա, բայց որպես նախագահ 1990-ականներին լեգիտիմության ճգնաժամեր է ունեցել». Պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթ

Նոյեմբեր 17,2021 23:23

«Անկախացած ՀՀ-ի իրականությունն արտացոլվում է 1995-ի Սահմանադրության մեջ: Դա փոխզիջում էր, որը վերաբերում էր մի կողմից իշխանության, մյուս կողմից ընդդիմության ճամբարներին: Միանշանակ էր, որ իշխանությունը կենտրոնացավ նախագահական համակարգի վրա»,- «Սահմանադրական բարեփոխումներ. արդյոք կա՞  անհրաժեշտություն» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց գերմանացի հեղինակավոր դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը:

Քննարկումը կազմակերպվեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Լույս հիմնադրամի նախաձեռնությամբ:

Պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթն աշխատել է 1995-ի, 2005-ի, 2015-ի Սահմանադրությունների վրա: Նա կատակով նշեց՝ հայերն այնքան ստեղծագործ են, որ տասը տարին մեկ իրենց Սահմանադրություն են նվիրվում:  Իր ելույթում գերմանացի պրոֆեսորը նկարագրեց 1995, 2005, 2015 թվականների Սահմանադրություններով ամրագրված կառավարման համակարգը, ցույց տվեց այն խնդիրները, որոնք սահմանադրական համապատասխան դրույթներն ունեին:

Խոսելով 1995-ի Սահմանադրության մասին՝ նա ասաց. «Ահա այդտեղ աչքի է զարնում այն հանգամանքը, որ նախագահը չի նշվում որպես պետության և գործադիր իշխանության ղեկավար, նա պետության ղեկավարն էր, բոլոր առավելությունները նրա ձեռքին էին: Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ անսահմանափակ ազդեցություն ԱԺ-ի վրա, իրավունք ուներ նախագահելու կառավարության նիստերը, հանդիմանություններ անելու վարչապետին և նախագահն իրավունք ուներ կառավարության որոշումները հաստատելու՝ բութ մատը կամ ներքև, կամ վերև պահելու: Կառավարության բոլոր որոշումները կարող էր իր վետոյով անհնար դարձնել: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահ 1990-ականներին լեգիտիմության ճգնաժամեր է ունեցել»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին՝ նշեց՝ խնդիրներ կան նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրության առումով ու կասկածի տակ դրեց նրա ընտրության լեգիտիմությունը՝ նկատելով, որ այդ հանգամանքը թուլացրել է նրան:

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին էլ ասաց. «Խորհրդարանում մեկ hարվածով հնարավոր բոլոր հաջորդներն անհետացան: Մի դժվարին իրավիճակ էր առաջացել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակառակորդները շարքից դուրս էին և ազդուն հակառակորդներ չկային: Վազգեն Սարգսյանի եղբայրն է նշանակվում վարչապետ: Դա հետընթացի մի ժամանակաշրջան է եղել: Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր այդ քայլին դիմել իր նախագահական իշխանությունը և պոստը պահպանելու համար: Նա այդ ամենն անում էր Սահմանադրությամբ իրեն վերապահված մենաշնորհների, իրավասությունների շրջանակում:

Փաստորեն, նրան հաջողվում է, իհարկե, ռազմական կլանի գլխատումից հետո ենթարկեցնել իրեն այդ կլանին: Այդպես Քոչարյանը կարողացավ կայունություն ապահովել, 2000-ականներին վերընտրվել: Այս բոլոր իրադարձությունները 1999-ից մինչև 2008-ը կրիտիկական ազդեցություն ունեին, որը զարգացնում էր նոր Սահմանադրության փոփոխության գաղափարը: Խոսքն այն մասին էր, որ նախագահը չափից ավելի հզոր էր և խորհրդարանը՝ թույլ: Այդ իմաստով 2005-ին թղթի վրա նախագահական, խորհրդարանական կառավարման համակարգ է ստեղծվում: Նախագահն արտաքին անվտանգային քաղաքականությունն էր որոշում, բայց կառավարության վերահսկողության ոլորտում նրա լիազորությունները կառավարության ձևավորման հարցում սահմանափակվեցին: 2005-ի Սահմանադրության հետ կապված կիսանախագահական, կիսախորհրդարանական պետության ձևավորման գաղափարը չէր իրականացել»:

Եզրափակելով խոսքը՝ գերմանացի պրոֆեսորը կարծիք հայտնեց՝ ներկայիս կառավարման համակարգում անհրաժեշտ է իրականացնել Սահմանադրության որոշակի վերանայում. «Այնպես է ստացվել, որ նախագահը և վարչապետը հակասության մեջ են: 2018-ից ի վեր այժմ սահմանադրական իրավունքի տեսանկյունից և Սահմանադրության փաստաթղթի առումով համապատասխանություն կա այն իրավիճակին, որը տեղի է ունեցել: Բայց այստեղ ևս կա քննադատություն. պարոն նախագահին մեջբերում արել եմ, որ ասում է, որ այստեղ ստուգելու և հավասարակշռման սկզբունքը խնդիր է և դա պետք է լուծել: Սրանից բխում է, որ ներկայիս կառավարման համակարգում անհրաժեշտ է իրականացնել Սահմանադրության որոշակի վերանայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930