Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել` Սերգեյ Լավրովի, Անն Լինդեի, Քերըն Դոնֆրիդի հետ

Նոյեմբեր 17,2021 23:13

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել գործընկերների հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930