Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսական շրջաններ՝ «Թյուրքական աշխարհի քարտեզում». Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին

Նոյեմբեր 17,2021 22:55

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Թուրքական խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հրապարակել է իր նկարը «Թուրքական աշխարհի քարտեզի» ֆոնին: Դրանում, մասնավորապես, ներառված են մի շարք ռուսական շրջաններ՝ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչեւ Ալթայ ու Յակուտիա: Խոսքը Ռուսաստանի Դաշնության մոտ 20 սուբյեկտի մասին է: Հրապարակված լուսանկար-քարտեզում նշված են Սիբիրի լայնածավալ տարածքները:

Այս քարտեզը հայտնվել է Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) գագաթնաժողովում` «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչեւ 2040 թվականը» հռչակագրի ընդունման հաջորդ օրը։ Այն խոսում է ընդհանուր ինքնության մասին՝ որպես «մշակութային հարստության աղբյուր»: Այս գագաթնաժողովի ընթացքում Թյուրքական խորհուրդը վերանվանվել է Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը ոչ մեկին չպետք է անհանգստացնի»։ «Ընդհակառակը, պետք է ձգտել դառնալ ծագող այս՝ պատմական ընդհանրությունների վրա հիմնված կառույցի մասը։ Այս կազմակերպությունը միջպետական կապերի զարգացման հարթակ է»,- ասել է նա։

Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ դրսեւորվում են Թուրքիայի տարածքային նկրտումները։ Օրինակ՝ փետրվարին թուրքական TRT1 հեռուստաալիքը եթեր է հեռարձակել մի սյուժե, որում հաղորդավարը խոսում է այն մասին, թե «որ տարածքները մինչեւ 2050 թ. կմտնեն Թուրքիայի կազմի մեջ»։ Դրանց թվում անվանվել են Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Լիբիան, ինչպես նաեւ Արաբական թերակղզին եւ Միջին Ասիայի մեծ մասը։ Նշվում էին նաեւ ռուսական որոշ տարածքներ, որոնք ենթադրաբար պետք է անցնեն Թուրքիային, մասնավորապես՝ Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան, Հյուսիսային Օսեթիան, Ղրիմը, Սեւաստոպոլը, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի տարածքները։

Յակուտիայից Պետական դումայի պատգամավոր Ֆեդոտ Տումուսովը Թուրքիայի տարածքային նման հավակնությունները դատարկություն է անվանել: «Մի կողմից՝ այո, մենք թուրքեր ենք, բայց որպեսզի այսպիսի քարտեզ նկարենք… Դա անօգուտ գործ է: Ռուսաստանը պետք է արձագանքի նման գործողություններին: Ինչո՞ւ մեկ այլ պետություն պետք է ոտնձգություն կատարի մեր տարածքային ամբողջականության դեմ»,- ասել է նա «Գազետային»:

Միեւնույն ժամանակ Թաթարստանից խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Այրաթ Ֆարախովը նշել է, որ հակված չէ Դեւլեթ Բահչելիի նման ժեստը գնահատել որպես Թուրքիայի դիրքորոշում: «Կարծում եմ՝ դա անհեռատես քաղաքական գործչի դիրքորոշում է, ով փորձում է իրացնել իրեն: Ըստ իս՝ Թուրքիան տարածքային հավակնություններ չունի Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա: Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թաթարստանում Թուրքիան բավական մեծ ներդրող է եւ աշխատանքային տեղեր է ստեղծում: Նա Թուրքիայի հետ համագործակցությունն անվանել է փոխշահավետ եւ արդյունավետ:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չպետք է արձագանքի նման «անհեռատես» գործողություններին: «Դա նրանց սովորական ամբիցիան է, նոր բան չկա: Այն կարելի է տեսնել թուրքական ցանկացած դասագրքում: Երեխաներին դպրոցից սովորեցնում են, որ սա մի աշխարհ է, որում բացառապես թուրքեր են ապրում»,- «Գազետային» ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով՝ խոսքը մի երեւույթի մասին է, որը հայտնի է պանթյուրքիզմ անունով, այսինքն՝ մեծ կայսրության ստեղծման գաղափարի մասին: «Պանթյուրքիզմի նման ալիքը նրանց տարավ գերմանական բլոկի կողմը, որի կազմում թուրքերը մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին: Արդյունքում կայսրությունը փլուզվել է։ Սովորաբար այդպես են ավարտվում նրանց բոլոր հավակնությունները»,- ասել է փորձագետը։

Ինչպես նշել է Նադեին-Ռաեւսկին, այժմ Թուրքիայում շատ կազմակերպություններ հավատարիմ են այդ քաղաքականությանը, նրանց աջակցում է թուրքական կառավարությունը։ Նոր Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Յուրի Մավաշեւը «Գազետայի» համար կատարած մեկնաբանությունում նաեւ կոչ է արել չմոռանալ, որ Թուրքիան այժմ նախապատրաստվում է 2023 թ. կայանալիք ընտրություններին. «Սա բացառապես նախընտրական պատմություն է։ Իրականում ոչ ոք չի պատրաստվում վտանգ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»։ «Այդ կուսակցությունն արդեն վաղուց գոյություն ունի, բայց ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում: Ես կարծում եմ՝ մենք էլ չպետք է այդ ամենին լուրջ վերաբերվենք»,-շեշտել է նա:

«Նման քարտեզներ սկսեցին հայտնվել Թուրքիայում թյուրքական աշխարհի ձեւավորման ֆոնին, սա ընդհանուր էյֆորիա է, որը դժվար թե որեւէ լուրջ հիմք ունենա»,- այս կարծիքին է ՌԴ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից Ամուր Հաջիեւը։ «Ես քաղաքական ազդակներ չեմ տեսնում։ Դժվար թե թուրքերը նման մտադրություններ ունենան։ Ավելի շուտ դրանք ցանկություններ են, որոնք հիմնավորված չեն կոնկրետ, փաստացի ռեսուրսներով։ Բայց դա, իհարկե, չի կարող որոշակի տարակուսանք չառաջացնել»,- նշել է փորձագետը։

Նա միեւնույն ժամանակ ճշտել է, որ այդ քարտեզները չեն արտացոլում Եվրամիության կամ Արաբական պետությունների լիգայի տիպի ինտեգրացիոն կառույց: Նրա խոսքերով՝ այս դեպքում ավելի շուտ փորձ է արվում նշել թյուրքական աշխարհի ներուժը, քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է ապրում թյուրքալեզու բնակչությունը։ «Սա փորձ է՝ ցույց տալու, թե ինչ նշանավոր տեղ են նրանք զբաղեցնում աշխարհի քարտեզի վրա, շոյելու սեփական հպարտությունը, բայց ոչ ավելին։ Հավանաբար, այս տարածքների միավորման նպատակով ռեսուրսների մոբիլիզացման հետագա քայլեր չեն սպասվում։ Չափազանց շատ են հակասությունները, խոչընդոտները։ Բացի այդ, հիմքեր չկան ակնկալելու, որ թուրքերը կսահմանափակեն իրենց ինքնիշխանությունը հանուն միավորման»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930