Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի բանախոսները հանրությանն ասացին, որ սա, ըստ էության, երեկ ԱԳՆ շենքի առջեւ կազմակերպված հրատապ հավաքի շարունակությունն է:
Դեռ նոյեմբերի 9-ի հանրահավաքի ժամանակ ԱԺԲ-ն հայտարարել էր, որ հաջորդ անգամ հավաքվելու են նոյեմբերի 27-ին, սակայն անհրաժեշտության դեպքում կհրավիրեն նաեւ հրատապ հանրահավաք:
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը վերհիշելով փետրվար, մարտ ամիսներին իրենց սկսած ակտիվ հրապարակային պայքարը Մատենադարանի հարակից տարածքում, հույս հայտնեց, որ շատ շուտով իրենք կլինեն «Հանրապետության» հրապարակում, քանի որ արդեն «Ազատության» հրապարակում էլ չեն տեղավորվելու:
Կարդացեք նաև
«Մենք հայտարարել ենք, թե Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը իշխանափոխությունն է, ինչը կվերացնի այն գլխավոր ու միակ պատճառը, որի հետեւանքով առաջանում են մնացած բոլոր խնդիրները՝ պաշտպանունակության, սահմանների անվտանգության, գերիների, Արցախի, առողջապահության, սոցիալական եւ մնացած բոլոր խնդիրները: Քանի դեռ այս դավաճանները երկրի ղեկին են, որեւէ խնդրի լուծում չի լինի: Մենք վերահաստատում ենք մեր այդ դիրքորոշումը, բայց ասել եւ ասում ենք. իշխանափոխություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ որ դուք, սիրելի ժողովուրդ, տասնյակ հազարներով մեզ կօգնենք եւ մենք կպարտադրենք ձեր կամքը: Իշխանափոխությունը Ազգային ժողովրդավարական բեւեռը չի անելու: Իշխանափոխությունը անելու է հայ ժողովուրդը՝ այստեղ: Սա աթոռակռիվ չէ, սա ազգային-ազատագրական պայքար է, գոյատեւման պայքար է: Եվ այն կառավարությունը, որը դուք կձեւավորեք, պիտի մեկ նպատակ ունենա՝ քաղաքական դաշտ պատրաստել, որ հնարավոր դառնան արդեն ազատ, արդար ընտրություններ, որի ընթացքում դուք կընտրեք ձեր իշխանությանը»,-ասաց Վահե Գասպարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ