Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համազգեստս բերել եմ, որ երբ կարիք լինի, հապճեպ հագնեմ դուրս գամ. Սիսիանի 80-ամյա բնակչուհի

Նոյեմբեր 17,2021 22:45

79-ամյա Ամալյա Մարտիրոսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ունի իր խանութը, որտեղ էլ աշխատում է։

Տիկին Ամալյան ասում է, որ Սիսիանում երեկ՝ նոյեմբերի 16-ին, լսվել են կրակոցի ձայներ, բայց ուժեղ չեն եղել։ Ինքն էլ ընդհանրապես չի վախեցել։ Խոսելուց անընդհատ նշում է, որ ինքը «Ղափանի աղջիկ» է եղել։ Հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադառնալուց երեք տարի անց է մահացել, իսկ իրենց խնամել է տատը։ «Բոյեվոյ կին էր, ես էլ իրեն եմ քաշել»,- ասում է տիկին Ամալյան՝ ցույց տալով ընտանեկան լուսանկարները։

Արցախյան առաջին պատերազմից աջակցել է բանակին և կամավորական ջոկատներին։ Շատերին հյուրընկալել է իր տանը, կերակրել է նրանց։ Նույնը՝ Ապրիլյան պատերազմի և Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում. շատ ընտանիքներին ապաստարանով է ապահովել և կերակրել է։ Իսկ 2018 թվականին, երբ հարաբերական խաղաղություն էր տիկին Ամալյան իր համար համազգեստ էր գնել, որը այսօր պահում է իր խանութում՝ վաճառվող շորերի հետևում. «Ես շորերս դրել եմ, որ հագնեմ գնամ կռվի դաշտ։ Երկու օր հետո իմ 80-ամյակն է։ Ես իմ երեխեքին թույլ չեմ տալիս, որ գան, իմ ծնունդը նշեն։ Ես ուզում եմ, որ այսօր գնան հայրենիքը պաշտպանեն, հողը պաշտպանեն, նվիրված լինեն։ Ես ասում եմ՝ գնամ, գոնե դիակներին կքաշեմ, կհանեմ։ Իմ առաջին ծոռնիկի երկու ոսկորն են բերել տվել։ Մեկը չգնաց գոնե վիրավոր դիակը քաշ տա, բերի տա մեզ»։

Տիկին Ամալյան պատմում է, որ երեքշաբթի հեռվից միայն կրակոցների ձայնն են լսել, բայց ինքը պատրաստ է համազգեստը հագնել և գնալ կռվի դաշտ. «Ամբողջ օրը խանութում եմ, բերել եմ, որ հապճեպ հագնեմ դուրս գամ։ Հիմա կարիք չկա, բայց որ լինի կգնամ։ Կգնամ վիրավոր կհանեմ, կմտնեմ մեկին հաց կտամ, մեկին մի բան կտամ, օրինակ կծառայեմ, որ ջահելները հետևիցս գան»։

Նա ասում է, որ պատերազմների, սովերի ու տարբեր փորձությունների միջով է անցել, բայց երբեք չի ընկճվել. «Էս մի խանութը հենց այսօր էլ կնվիրեմ էս պետությանը, եթե իմանամ, որ դրանով մի բանով կարող եմ օգտակար լինել, որ մի բան դեպի լավը կփոխվի»։

Տիկին Ամալյայի որդին զինվորական է եղել, իսկ ծոռը զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում։ Նա հիշում է, որ իր որդին պատերազմ գնալիս իրեն հրահանգել էր մնալ տանը և հանկարծ չգնալ Սիսիանից. «Իմ տղան ասաց, եթե դու իմ հետևում նստած չլինես, իմ երեխան նստած չլինի, ես չեմ կարող կռվել։ Չի թողել մի քայլ վեր կենամ հետևից նայեմ, ասել է՝ նստի տեղդ, իմ հետևից ո՛չ կնայես, ո՛չ կլացես, պատրաստ եղի՛ր։ 7-8 զոհ են բերել, ես ասել եմ՝ կարող է իմ տղայի դիակը բերեն, լեզուս պապանձվի, ես ո՞ր մամայից եմ լավը։ Այնքանը, որ զոհվել են, կարող է մի գյուլա էլ իմ տղուն կպնի, այդ բոթին ամեն րոպե պատրաստ եմ եղել»։

Լինելով «Ղափանի աղջիկ»՝ տիկին Ամալյան փոքր հասակից ադրբեջաներեն է սովորել, ԽՍՀՄ տարիներին աշխատել է ադրբեջանցիների հետ։ Վերջերս էլ ադրբեջաներեն գիտելիքները օգտագործելու առիթ է ստեղծվել. «Էն օրը գնացել եմ Կապան, պոստերում կանգնած են էդ թուրքերը։ Մեքենայի մեջից կանգնեցրեցին, անձնագիր ուզեցին։ Գիշերն էլ հետ ենք եկել։ Պատուհանը բացել եմ, իրենց լեզվով ասել եմ՝ ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կանգնել նայում ես ինձ, ուզածդ ի՞նչ ա … Ասացի՝ դուրս արի՛ մեր ճանապարհից, ոչ մի ռեակցիա չեն տվել։ Ասել են՝ բաջի՛, գնա։ Ծիծաղեցին վրաս։  Ես չեմ վախեցել, իրենց կողմից էլ արձագանք չկար։ Հայ էլ կար կանգնած, ոչ մի արձագանք չկար»։

Չնայած որոշել է, որ 80-ամյակը չի նշելու, բայց ընտանիքը պնդում է։ Իսկ ինքն էլ հպարտությամբ ասում է, որ 4 երեխա ունի, 12 թոռ և 27 ծոռ. «Գործերս էնքան շատ են, հոգսերս էնքան շատ են, ժամանակ չունեմ ծերանալու։ Ես դեռ նպատակներ ունեմ, հույսեր ունեմ»։

Այժմ իրեն ամենաշատը անհանգստացնում է այն, որ Հայաստանում ժողովուրդը համախմբված չէ. «Իմ հայրական տունը Շուռնուխին անմիջապես կպած է։ Եղբայրս Շուռնուխի տակը նստած է։ Հինգ հատ թուրքի գյուղ է եղել, մենք միակ հայի գյուղն ենք եղել։ Միացյալ կոլխոզով էլ ենք աշխատել, բայց այսքան դժգոհ չենք եղել կյանքից, ինչքան այս պահին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930