Ստուգել ենք վերջին շրջանում շրջանառվող ամենատարածված կեղծ եւ մանիպուլյատիվ պնդումները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
Covid-19-ի առաջին դեպքերն աշխարհում ի հայտ եկան 2019-ի տարեվերջին։ 2020-ին կորոնավիրուսային համավարակն արագ տարածվեց ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2020 թվականի մարտի 1-ին հաստատվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։
Մինչ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը, վարակի մասին էր միֆեր ու ապատեղեկատվություն տարածվում ե՛ւ համացանցում, ե՛ւ որոշ լրատվամիջոցներում։ Պատվաստանյութի ստեղծումից հետո էլ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սկսեցին տարածվել միֆեր, կեղծ եւ մանիպուլյատիվ պնդում, որոնք գիտական հեղինակավոր կառույցների կողմից չեն հաստատվել։
Հայաստանում հակապատվաստումային շարժումը բավականին ակտիվ է։ Ֆեյսբուքի հայկական տիրույթում հակապատվաստումային մի շարք էջեր եւ խմբեր կան, որոնք հաճախ հղում անելով տարբեր երկրների հակապատվաստումային շարժումներին՝ սուտ լուրեր են տարածում։ Հակապատվաստումային այս էջերն ունեն տասնյակ հազարավոր հետեւորդներ։
Կարդացեք նաև
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ պատվաստվել է բնակչության 11%-ը՝ երկու դեղաչափ, 23%-ը՝ առաջին դեղաչափ։ Նոյեմբերի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 572 նոր դեպք, մահվան՝ 52 դեպք։
Aravot.am-ը ստուգել է վերջին շրջանում շրջանառվող ամենատարածված կեղծ եւ մանիպուլյատիվ պնդումները։ Զրուցել ենք Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանի հետ, ինչպես նաեւ ներկայացնում ենք միջազգային առողջապահական հեղինակավոր եւ գիտական կառույցների ուսումնասիրությունների տվյալները։
«Հույս դնելով բնական իմունիտետի վրա, դուք կարող է մահանաք»
Ձեռք բերել բնակա՞ն իմունիտետ, թե՞ պատվաստվել․այս հարցի պատասխանը միանշանակ չէ գիտնականների շրջանում, նրանք դեռ ուսումնասիրում են, եւ դեռ չկա վերջնական եզրակացություն։
Իսրայելական հետազոտության համաձայն, կորոնավիրուսով վարակված եւ առողջացած մարդիկ ավելի ամուր իմունիտետ են ձեռք բերում, քան Pfizer-BioNTech-ով պատվաստվածները։ Սակայն, նույն հետազոտությունը նաեւ պարզել է՝ վարակված առողջացած եւ պատվաստանյութի մեկ դեղաչափը ստացած անձինք ավելի լավ են պաշտպանված կրկնավարակից, քան այն անձինք, ովքեր վարակվել եւ առողջացել են, բայց չեն պատվաստվել։
Չնայած, հետազոտությունը ցույց է տալիս մարդու իմունային համակարգի ուժը, սակայն մասնագետներն այն կարծիքի են, որ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից եւ մահերից։ Հեղինակավոր Science-ը գրում է՝ գիտնական-բժիշկները զգուշացնում են՝ կորոնավիրուսի դեմ բնական իմունիտետին նախապատվություն տալը չափազանց ռիսկային է հատկապես վարակի Դելտա շտամի դեպքում։ «Մենք չենք ուզում, որ մարդիկ ասեն՝ լավ, ես պետք է դուրս գամ եւ վարակվեմ, ես պետք է վարակվելու խնջույք կազմակերպեմ։ Որովհետեւ վարակվելով ինչ-որ մեկը կարող է մահանալ»,-ասում է Ռոքֆելլերի համալսարանի իմունոլոգ Միշել Նուսենցվեյգը, որն ուսումնասիրում է SARS-CoV-2-ի դեմ իմունային պատասխանը։
Ամերիկյան գիտնականները, թեեւ տպավորված են իսրայելական հետազոտությամբ եւ նշում են, որ այն ցույց է տալիս մարդու բնական իմունիտետն ավելի լավն է, քան պատվաստումը, սակայն ընդգծում են՝ չպատվաստածներին դիտավորյալ վարակվելուն դրդելը կարող է նրանց մահվան պատճառ դառնալ․«Հետազոտությունը ցույց է տալիս բնական իմունիտետի առավելությունը, սակայն հաշվի չի առնում, թե վիրուսն ինչ վնաս է հասցնում օրգանիզմին, ինչպես նաեւ վարակվելուց առողջանալուց հետո վիրուսի երկարատեւ ախտանիշերը»։
Այդուհանդերձ, շատ երկրներում խորհուրդ է տրվում վարակվելուց եւ առողջանալուց հետո պատվաստվել գոնե մեկ դեղաչափով, ինչի դեպքում իմունիտետն ավելի ամուր է դառնում։
Փենսիլվանիայի համալսարանի իմունոլոգ Րիշի Գոելն, որը գիտնականների այն խմբում է, որը հետազոտում է «սուպերիմունիտետ» կամ «հիբրիդային իմունիտետ» երեւույթն, ասում է՝Covid-19-ի դեմ պատվաստանյութերի կիրառումից հետո հետազոտողները սկսել են նկատել բացառիկ ռեակցիա պատվաստանյութի նկատմամբ, այն անձանց մոտ, ովքեր վարակվել, առողջացել են եւ պատվաստվել․«Մենք տեսանք, որ հակամարմինները հասնում են աստղաբաշխական մակարդակի»։
Վարդուհի Պետրոսյան․ Վարակված եւ առողջացած, ապա պատվաստված մարդիկ ունեն ավելի ուժեղ իմունիտետ, քան նրանք, ովքեր վարակվել եւ առողջացել են, բայց չեն պատվաստվել։ Իսրայելում եւ ԱՄՆ-ում հետազոտությունները փաստում են՝ վարակված եւ առողջացած մարդը, եթե նաեւ պատվաստվում է՝ 2,5 անգամ նվազում է կրկնավարակի ռիսկը։ Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն վարակվել, մենք չենք կարող թույլ տալ, որ սպասենք մինչեւ իրենք բնական ճանապարհով վարակվեն, քանի որ ռիսկի է ենթարկվում նրանց կյանքն ու առողջությունը։ Եթե ապացուցված է, որ պատվաստվելով մարդը փրկվում է մահանալուց եւ հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքից, ինչպես կարող ենք թույլ տալ, որ այդ մարդը պատվաստվելու փոխարեն ենթարկվի հիվանդության ռիսկին։
Հոկտեմբերի 18-ին հրապարակված ֆրանսիական հետազոտության արդյունքները փաստում են՝ պատվաստումը նվազեցնում է Covid-19-ով մահանալու կամ հոսպիտալացվելու վտանգը 90%-ով: Հետազոտությանը մասնակցել են 50 տարեկանից բարձր 22,6 միլիոն մարդ, համեմատվել են 11,3 միլիոն պատվաստվածները նույն տարիքային խմբի նույն քանակի չպատվաստվածների հետ։ Արդյունքները փաստում են՝ պատվաստանյութերը պաշտպանում են վիրուսի ամենատարածված շտամի՝ Դելտայի վատագույն հետեւանքներից․ 75 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց դեպքում՝ 84% պաշտպանվածություն, 50-75 տարեկանների դեպքում՝ 92%:
“Պատվաստումների բոլոր փուլերի փորձարկումներն ավարտված են, դրանք հաստատվել են առողջապահական միջազգային կազմակերպությունները”
Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Այն հերքվել է փաստեր ստուգող միջազգային լրատվամիջոցների կողմից։ Օրինակ Ռոյթերս-ը ներկայացնելով հետազոտությունների տվյալները, նշում է՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն անցել են նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը։
Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերը՝ Մոդերնան, ԱստրաԶենեկան, Սինովակը եւ Սինոֆարմը հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Սպուտնիկ V-ն օգտագործման համար հաստատել են Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ասիայի բազմաթիվ երկրներ։
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի մասնագետները նշում են՝ պատվաստանյութի փորձարկումների 1-ին, 2-րդ եւ 3-րդ փուլերն իրականացվել են զուգահեռաբար, այլ ոչ թե դրանք հաջորդաբար ավարտելով։ Փորձարկումները ենթարկվել են նույն խիստ կարգավորող պահանջներին, ինչպես ցանկացած այլ պատվաստանյութի ուսումնասիրություն: Պատվաստանյութերից յուրաքանչյուրը, որը ստացել է կամ գտնվում է ժամանակավոր լիցենզավորման վերանայման փուլում, փորձարկվել է ավելի քան 20,000 մարդկանց մասնակցությամբ՝ երկար ժամանակաշրջանում հավաքելով պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ տվյալները:
Վարդուհի Պետրոսյան․ Պատվաստանյութերի արտադրման բոլոր տեխնոլոգիաները երկար տասնամյակներ արդեն ուսումնասիրված էին, ամենաքիչը 20 տարի ուսումնասիրության մեջ են եղել։ Երբ կորոնավիրուսի համավարակը սկսեց SarsCov 2-ի վիրուսը շատ արագ սեկվենավորվեց եւ այդ գենետիկ տեղեկությունը չինացի գիտնականները արագ հայտնաբերեցին եւ կիսվեցին աշխարհի բոլոր գիտական համայնքների հետ, ինչը արագացրեց արդյունավետ եւ ապահով պատվաստանյութ ստեղծելու գործընթացը։
Պատվաստանյութերն անցել են փորձարկումների բոլոր փուլերը։ Բոլոր կողմերի արագ համագործակցության շնորհիվ հետազոտություններն արվել են զուգահեռաբար, որպեսզի ժամանակ շահեն։
Քովիդ-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերը, որոնք այսօր օգտագործվում են աշխարհում, արդեն կիրառվել են 6,5 միլիարդ դեղաչափից ավելի, ինչը նշանակում է՝ ամենաքիչը 3 միլիարդ մարդ ստացել է պատվաստման երկու չափաբաժին։ Կեղծ լուր է, թե կլինիկական հետազոտություններն ավարտված չեն։
1-ին եւ 2-րդ փուլերում կատարվել է աշխատանք կամավորների հետ, իսկ դրանից առաջ նախակլինիկական հետազոտություններում կենդանական մոդելների վրա են փորձարկել, որից հետո կամավորներ են ներգրավվել։ Բայց 3-րդ փուլում տասնյակ հազարավոր մարդիկ են ներառվում ռենդոմիզացված կլինիկական հետազոտություններում, որոնք ունեն երկու հավասարազոր խմբեր՝ խմբեր, որոնք իրար նման են ամեն ինչով, բայց մի խումբը չի ստանում պատվաստանյութ, մյուսը՝ ստանում է։ Այս համեմատության շնորհիվ է, որ հավելյալ տվյալներ են ձեռք բերվել, պատվաստանյութի ե՛ւ ապահովության, ե՛ւ արդյունավետության վերաբերյալ։
“Covid-19 պատվաստանյութերը անվտանգ են եւ արդյունավետ․ երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները ցանկացած պատվաստանյութի դեպքում ծայրահեղ հազվադեպ են հանդիպում”
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հավաստում է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութերը անվտանգ են եւ արդյունավետ։ Դրանք ստեղծվել են կլինիկական փորձարկումներին տասնյակ հազարավոր մարդկանց ներգրավվածությամբ։ ԱՄՆ ՀՎԿԿ-ն հայտնում է, որ առայժմ Covid-19 պատվաստանյութերից երկու լուրջ կողմնակի ազդեցության մասին է հայտնի՝ անաֆիլակտիկ շոկը եւ թրոմբոզը։ Սակայն դրանք շատ հազվադեպ հանդիպող հետեւանքներ են։ CDC-ի համաձայն, ԱՄՆ-ում անաֆիլակտիկ շոկ է արձանագրվել 1 միլիոն պատվաստվածներից 2-5-ի մոտ։ Անաֆիլաքսիան ալերգիկ ռեակցիայի ծանր տեսակ է, որը կարող է առաջանալ ցանկացած տեսակի պատվաստումներից հետո, եւ եթե դա տեղի ունենա բուժաշխատողները կարող են անմիջապես եւ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել։
ԱՄՆ-ում 2021 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ J&J/Janssen պատվաստման 15,7 միլիոն դեղաչափի դեպքում թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզից մահվան 5 դեպք է գրանցվել, Իսկ Moderna-ով պատվաստված 409 միլիոն չափաբաժիններից գրանցվել է թրոմբոզի 2 դեպք։ Այդուհանդերձ, CDC-ն զգուշացնում է՝ 18-49 տարեկան կանայք պետք է տեղյակ լինեն պատվաստանյութի հազվադեպ, սակայն անբարենպաստ ազդեցության մասին։
Երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները, ինչպես ցանկացած պատվաստանյութի, այնպես էլ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի դեպքում ծայրահեղ հազվադեպ են հանդիպում։ ԱՄՆ ՀՎԿԿ-ն նշում է, որ պատմականորեն պատվաստանյութերից կողմնակի ազդեցություններն արտահայտվում են դրանց կիրառումից հետո առավելագույնը վեց շաբաթների ընթացքում։
Վարդուհի Պետրոսյան․ Երկար տարիներ է, ինչ տարբեր պատվաստանյութեր են օգտագործում տարբեր հիվանդությունների դեմ։ Որեւէ պատվաստանյութ, որեւէ երկարատեւ ազդեցություն 28 օրվանից ավելի չի ունեցել։ Մարդկությանը նման դեպքեր հայտնի չեն։
“Պատվաստվածները ավելի քիչ հավանականությամբ են տարածում վարակը, քան չպատվաստվածները”
Covid-19-ի վարակը տարածելու համար մարդը պետք է վարակված լինի, սակայն պատվաստված մարդիկ ավելի քիչ հավանական է, որ կորոնավիրուսով վարակված լինելու ընթացք ունենան։ Պատվաստված մարդկանց մոտ վարակված լինելու շրջանն ավելի կարճ է տեւում, քան վարակվածների մոտ, նաեւ այդ պատճառով է, որ պատվաստված մարդիկ ավելի քիչ են կորոավիրուսի վարակը տարածում, քան չպատվաստվածները։ Նյու-Յորքում 2021թ․ օգոստոսին իրականացված հետազոտության համաձայն Covid-19-ով վարակվածների ավելի քան 96%-ը պատվաստված չեն եղել եւ միայն 0,33%-ն է պատվաստված եղել։
Գիտնականները չեն պնդում, որ պատվաստված մարդը չի կարող վարակը տարածել։ Սակայն նրանք հավաստում են՝ վարակի տարածման ամենամեծ ռիսկը չպատվաստվածների շրջանում է, քանի որ հավանականությունը, որ չպատվաստվածները կվարակվեն եւ կտարածեն վիրուսի այժմ շրջանառվող Դելտա շտամը, անհամեմատ ավելի մեծ է։ Այս խնդրին անդրադարձել է ԱՄՆ ՀՎԿԿ-ն, նշելով՝ պատվաստված մարդիկ, այնուամենայնիվ, վարակն ավելի կարճ ժամանակահատվածում են տարածում։
Վարդուհի Պետրոսյան.Այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ մարդիկ մինչեւ կլինիկական ախտանշաններ ունենալն՝ ամենաքիչը 48 ժամ առաջ, տարածում են վիրուսը, վարակում են այլ մարդկանց՝ չիմանալով, որ հիվանդ են։ Այսինքն, վիրուսը չպատվաստված մարդկանցից հիմնականում փոխանցվում է ախտանշանից 2 օր առաջ եւ ախտանշանների հայտնվելու առաջին մի քանի օրերը։ Ուստի, եթե դիմակ ենք կրում, հավանականությունը, որ վարակը կփոխանցի, 95% ով նվազում է։ Գիտականորեն ապացուցված է՝ վիրուսի կոնցենտրացիան պատվաստված մարդու մոտ լինում է շատ ավելի քիչ, եւ հավանականությունը, որ դիմացինին կվարակի, ավելի է փոքրանում։ Պատվաստվածներն ավելի քիչ օրեր են լինում վարակիչ, քան չպատվաստված մարդիկ։
”Covid-19-ի դեմ պատվաստանյութը չի մեծացնում վիժումների ռիսկը”
Մինեսոտայի համալսարանի տվյալների համաձայն Covid-19-ի դեմ պատվաստանյութը չի մեծացնում վիժումների ռիսկը։
Գիտնականները չեն հայտնաբերել վիժման մեծ ռիսկ այն կանանց մոտ, ովքեր ստացել են mRNA COVID-19-ի դեմ պատվաստանյութ հենց հղիությունից առաջ կամ վաղ հղիության ընթացքում (մինչեւ 20 շաբաթական հղիությունը): Հղիության ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստման անվտանգության եւ արդյունավետության մասին տվյալները հուշում են՝ պատվաստվելու առավելությունները գերազանցում են հղիության ընթացքում պատվաստումների ցանկացած հայտնի կամ հավանական ռիսկերը:
Բրիտանիայի դեղերի եւ բժշկական արտադրանքների ոլորտը կարգավորող գործակալությունը, որը մշտադիտարկում է կատարում դեղանյութերի եւ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, նշում է՝ վիժման եւ մեռելածնության մասին հաղորդումների թիվը մեծ չէ հղիների համեմատ, որոնք պատվաստվել են։ Նույն աղբյուրի հաղորդմամբ, չկա որեւէ օրինաչափություն, որը թույլ կտա ենթադրել, թե Մեծ Բրիտանիայում կիրառվող որեւէ պատվաստանյութ մեծացնում է վիժումների կամ մեռելածնության ռիսկը։ Աղբյուրը հայտնում է՝ ամբողջ աշխարհի տարբեր երկրներից ստացած վեց ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս՝ պատվաստվածների շրջանում վիժումների մակարդակն այնքան է, որքան որ սովորաբար լինում է ընդհանուր բնակչության շրջանում։
Բրիտանական եւ ամերիկյան գիտական կառույցները հայտնում են՝ չորս երկրներում իրականացված վեց հետազոտությունների արդյունքում, որոնց մասնակցել են ավելի քան 40,000 հղիներ, պարզվել է՝ պատվաստումը չի մեծացնում վիժման, վաղաժամ ծննդաբերության, մեռելածնության եւ բնածին անոմալիաների ռիսկը։
Վարդուհի Պետրոսյան․Պատվաստման բազմածավալ գործընթացից ի վեր կան տվյալների մեծ բազաներ ԵՄ-ում, Իսրայելում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, ըստ այդմ, պատվաստումը հղիների համար հավելյալ ռիսկ չէ։
Վերջերս Մեծ Բրիտանիայի մանկաբարձների եւ գինեկոլոգների թագավորական քոլեջը հայտարարություն արեց, որով հաստատեց՝պատվաստումը չի հանգեցնում մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության կամ վիժեցման։ Չկան ապացույցներ, թե պատվաստումը հանգեցնում է վիժեցման, մեռելածնության կամ վաղաժամ ծննդաբերության։ Կա հետազոտություն, ըստ որի, համեմատվել են հարյուր հազարավոր պատվաստված հղիներն ու չպատվաստված հղիները, պարզվել է, որ վիժումների, մեռելածինների կամ վաղաժամ ծնունդների տարածվածության համամասնությունը նույնն է պատվաստվածների եւ չպատվաստվածների միջեւ։
Սա նշանակում է, որ այս պատվաստումը չի կարող լինել ռիսկի գործոն, որը կհանգեցնի վիժման։ Սակայն, արդեն ապացուցված է, որ հղիությունը հավելյալ ռիսկի գործոն է Covid-19-ով ծանր հիվանդանալու։ Մեծ Բրիտանիայի հետազոտության տվյալները փաստում են՝ այս երկրում հիվանդացության ծայրահեղ ծանր դեպքերի մոտ 20%-ը եղել են չպատվաստված հղիները։ Հուլիս ամսից սկսած Covid-19-ով յուրաքանչյուր 5-րդ հիվանդը, որին միացված էր թոքերի օդափոխման սարք, չպատվաստված հղիներ են։ 16-49 տարեկան բոլոր կանանցից, ովքեր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էին եւ ծայրահեղ ծանր վիճակում, հղիները կազմում են 32% տոկոս։ Այս ցուցանիշը փաստում է, որ հղի կանայք քովիդ 19-ը հիվանդությունը տանում են ծայրահեղ ծանր։ Մեզ մոտ արդեն մայրական մահվան 7 դեպք է գրանցվել քովիդի պատճառով։ Պետք է վախենալ հիվանդությունից, որը բերում է վաղաժամ ծնունդների, մեռելածնության եւ վիժումների, կնոջ մահվան։ Պետք է ամեն ինչ անել, խուսափելու համար, որ հղի կինը հիվանդանա։ Մեծ Բրիտանիայում մասնագետներն արդեն ուղղակի խնդրում են, որպեսզի բոլոր հղիները հնարավորինս շուտ պատվաստվեն։
«Կանայք կարող են պատվաստվելուց հետո ցանկացած ժամանակ պլանավորել իրենց հղիությունը»
Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների եւ գինեկոլոգների թագավորական քոլեջի հրապարակած տվյալների համաձայն, Անգլիայում եւ Շոտլանդիայում 100,000-ից ավելի իսկ ԱՄՆ-ում 160,000 պատվաստված հղիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատվաստվելուց հետո որեւէ վնաս չի եղել պտղին կամ նորածնին։
ԱՄՆ ՀՎԿԿ-ն զույգերին, որոնք ցանկանում են երեխա ունենալ, խորհուրդ է տալիս պատվաստվել COVID-19-ի դեմ։
Նույն աղբյուրի համաձայն, պատվաստանյութերը կորոնավիրուսի վարակ չեն առաջացնում որեւէ մեկի մոտ, այդ թվում՝ մոր եւ երեխայի։ Հակառակը, պատվաստանյութն արդյունավետ է կրծքով կերակրող մայրերի համար՝ կանխարգելում է վարակվելը։ Ամերիկյան հետազոտությունների համաձայն, mRNA COVID-19-ի դեմ պատվաստանյութ ընդունած կերակրող մայրերի կրծքի կաթը պարունակում է հակամարմիններ, ինչը նշանակում է, որ այն կարող է պաշտպանել փոքրիկին։ Այդուհանդերձ, մասնագետները նշում են՝ պարզելու համար, թե երեխաների պաշտպանվածության համար ինչպիսի մակարդակ ունեն այդ հակամարմինները, հարկավոր են հավելյալ տվյալներ։
Մեծ Բրիտանիայի մանկաբարձների եւ գինեկոլոգների թագավորական քոլեջի ուղեցույցի համաձայն՝ 1) COVID-19- ի պատվաստանյութերը խորհուրդ են տրվում հղիության ընթացքում: 2) Պատվաստումը հղիության ընթացքում COVID-19-ի ռիսկերից պաշտպանվելու լավագույն միջոցն է ինչպես կանանց, այնպես էլ նորածինների համար։ 3) Չպետք է դադարեցնել կրծքով կերակրումը COVID-19-ի դեմ պատվաստվելու համար։ 4) Կանայք, որոնք ծրագրում են հղիանալ, պատվաստումից հետո կարիք չունեն հղիությունից խուսափել, չկան ապացույցներ, որ COVID-19 պատվաստանյութերը ազդում են վերարտադրողական առողջության վրա եւ նվազեցնում են հղիանալու հավանականությունը։
Վարդուհի Պետրոսյան․Չկա նման բան, որ պատվաստումից հետո 1,5 տարի չի կարելի հղիանալ։ Պատվաստվելուց հետո ցանկացած ժամանակ կարող են մտածել հղիության մասին, առաջին հերթին պետք է պատվաստվեն, որպեսզի ռիսկի խմբում չլինեն եւ պլանավորեն հղիությունը։ Եթե նախկինում, երբ տվյալները քիչ էին, կար անհրաժեշտություն մտածելու հղիության մասին, սակայն այս պահին կան տվյալներ պատվաստման եւ հղիության ընթացքի վերաբերյալ, այդ պատճառով նմանատիպ խորհուրդ՝ սպասելու կամ հապաղելու, գոյություն չունի։
“Պատվաստանյութերն անվտանգ են վերարտադրողական առողջության համար”
Աշխարհում չկա գիտականորեն հաստատված որեւէ ապացույց, որ պատվաստանյութերը բացասաբար են ազդում վերարտադրողական առողջության վրա։
Նշված կեղծ պնդումն արդեն ստուգել է ամերիկյան հեղինակավոր FactCheck.org-ը։ Հոդվածում նշվում է՝ նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ COVID-19-ի դեմ որեւէ պատվաստանյութ տղամարդկանց սերմնահեղուկի վրա բացասական ազդեցություն չի ունեցել։
Նույն աղբյուրը գրում է, որ անպտղության մասին կեղծ պնդումը տարածվել է մայիսի 23-ին բրիտանական Daily Expose կոչվող կայքի՝ «Պատվաստանյութերը կարող են առաջացնել տղամարդկանց մասսայական անպտղություն»։ Կայքը հղում է արել կանադացի պաթոլոգ Ռոջեր Հոդկինսոնի հարցազրույցը, որը 2020-ին, որտեղ նա COVID-19-ը անվանել է «ամենամեծ խաբեություն»՝ հիվանդությունը համեմատելով գրիպի հետ: Այդ հարցազրույցում պնդում կա, թե պատվաստանյութի «spike սպիտակուցը արտահայտվում է պլացենցայում եւ ամորձիներում», ինչը «կարող է սպանել չծնված երեխաներին ընթացիկ հղիության ժամանակ եւ ընդմիշտ խոչընդոտել տղամարդկանց երեխա ունենալ»։
FactCheck.org-ը, հղում անելով գիտական մի շարք հաստատված ուսումնասիրություններին եւ բժիշկներին, գրում է՝ հետազոտողները զեկուցել են, որ իրենք չեն հայտնաբերել «սերմնաբջիջների պարամետրի զգալի նվազում» առողջ տղամարդկանց խմբի մոտ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալուց առաջ եւ հետո։ Ընդ որում, Մայամիի համալսարանի հետազոտողները սերմնահեղուկ են հավաքել մինչ Pfizer/BioNTech կամ Moderna պատվաստանյութ ստանալը եւ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։ Ապա ուսումնասիրելով սերմնահեղուկի ծավալը, կոնցենտրացիան եւ ակտիվ սերմնաբջիջների ընդհանուր քանակը, պարզել են, որ ելակետային վերլուծության համեմատ ոչ մի պարամետրի անկում չի գրանցվել»:
Մասնագետները եզրակացրել են՝ պատվաստանյութերը տղամարդկանց վերարտադրողական առողջության համար անվտանգ են։ Նմանատիպ ուսումնասիրություն են կատարել նաեւ Իսրայելի գիտնականները եւ նույն եզրակացության հանգել՝ պատվաստանյութերն անվտանգ են վերարտադրողական առողջության համար։
Գերմանացի բժիշկ հետազոտողները https://www.dw.com/en/covid-vaccine-the-unfounded-tale-of-infertility/a-58753946 նշում են՝ եթե ճիշտ լիներ, որ պատվաստանյութի արտադրած իմունային պատասխանը կարող է կանանց մոտ անպտղություն առաջացնել, ապա պետք է նաեւ ճիշտ լինի, որ COVID-19 վարակն էլ կարող է անպտղություն առաջացնել։ Գերմանական հետազոտությունը հաստատում է՝ COVID-19-ի դեմ պատվաստումը չի ազդում վերարտադրողական առողջության վրա։
Գիտական հետազոտություններով ապացուցված է, որ Covid-19-ն է բացասաբար ազդում տղամարդկանց եւ կանանց վերարտադրողական առողջության վրա
Վարդուհի Պետրոսյան․ Անհեթեթ պնդումներից մեկն է։ Մի բժիշկ նման ենթադրություն էր արել՝ նմանեցնելով վիրուսի կառուցվածքը որոշակի սպիտակուցների կառուցվածքի հետ։ Սակայն գիտնականները ուսումնասիրելով այդ թեզը, ապացուցել են՝ ո՛չ տեսականորեն, եւ ո՛չ էլ գործնականում նման բան տեղի չի ունենում, եւ կրկին համեմատում են պատվաստված երիտասարդների մոտ անպտղության համամասնությունը չպատվաստված նույն տարիքի երիտասարդների հետ՝ արդյոք գոյություն ունի անպտղության դեպքեր։ Արդեն գիտական հետազոտություններով ապացուցված է, որ Covid-19-նն է բացասաբար անդրադառնում ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց վերարտադրողական առողջության վրա։ Չինական եւ եվրոպական հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդությունը կարող է ազդել սերմնաբջիջների որակի եւ քանակի վրա, կարող է էրեկտալ դիզֆունկցիա առաջացնել։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը վստահեցնում է՝ չկան ապացույցներ, որ պատվաստանյութերն ազդում են վերարտադրողական առողջության վրա։ Նույն աղբյուրը հայտնում է՝ շատերը հղիացել են COVID-19 պատվաստանյութը ստանալուց հետո, այդ թվում՝ նրանք, ովքեր պատվաստվել են COVID-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ընթացքում։
Այժմ մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել 12 տարեկանից բարձր տարիքի անձանց(ՀՀ-ում նոյեմբերի 4-ի դրությամբ քովիդի դեմ պատվաստվել է 12-18 տարեկան 45 երեխա), ներառյալ՝ հղիներին եւ կերակրող մայրերին, քանի որ պատվաստանյութն արդյունավետ է եւ անվտանգ, իսկ ահա կորոնավիրուսային վարակը https://www.bbc.com/news/health-57833394 բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, նույնիսկ՝ երկարատեւ, որը հայտնի է որպես longCovid։
Բրիտանական բժշկական ամսագիրը հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ ՀՎԿԿ-ի հետազոտությունների տվյալներին, նշում է՝ ԱՄՆ-ում չպատվաստված քաղաքացիների շրջանում մահվան դեպքերը 11 անգամ հաճախակի են լինում, քան պատվաստվածների շրջանում, քանի որ գերիշխող է վարակի Դելտա շտամը։ Դելտայի դեպքում պատվաստվածների հոսպիատալացման ռիսկը 10 անգամ նվազում է, վարակվելու ռիսկը՝ 5 անգամ, մահանալու ռիսկը՝ 10 անգամ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։