«Ղարաբաղի հայերն ազգերի ինքնորոշման իրավունք ունեն, և այդ պատճառով նրանց՝ անկախության համար պատերազմը, որը 1990-ականների սկզբներին տեղի ունեցավ, ազատագրական պատերազմ էր և միանգամայն լեգիտիմ: Սակայն նաև պետք է ասել, որ Գերմանիայի կառավարության մոտ այս թեմայի շուրջ մենք ոչ մի ոգևորություն չտեսանք»,- մինչ սահմանադրական բարեփոխումների թեմային անդրադառնալը «Սահմանադրական բարեփոխումներ. արդյոք կա՞ անհրաժեշտություն» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց գերմանացի հեղինակավոր դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը:
Նա ՀՀ-ում է աշխատել դեռևս 1990-ականների սկզբից՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների ոլորտում:
Քննարկումը կազմակերպվեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Լույս հիմնադրամի նախաձեռնությամբ:
Պրոֆեսոր Լուխթերհանդթի ելույթի առանցքը սահմանադրական բարեփոխումներն էին՝ 1995-ի Սահմանադրությունից մինչև 2015-ի սահմանադրական փոփոխություններ: Այս համատեքստում նա անդրադարձավ 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին ու ասաց. «Նախապես ասեմ՝ որպես իրավաբան եմ ասում, դա հեղափոխություն չէր, այն պատճառով, որովհետև այդ իրադարձություններն իրականացան 2015-ին ուժի մեջ մտած Սահմանադրության շրջանակներում և դրա հիման վրա: Իսկ եթե նմանատիպ որևէ բան է կատարվում Սահմանադրության հիման վրա, ապա չի կարելի լրջորեն այս իմաստով հեղափոխության մասին խոսել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ