Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատանի ընդդիմադիր գյուղապետին զրկեցին Ախուրյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց

Նոյեմբեր 17,2021 20:50

Այսօր Վերաքննիչ վարչական դատարանը «Իկիլիկյան» դաշինքին զրկեց Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես թեկնածու գրանցելուց, դատարանը բավարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցը։

Անդրադարձել էինք, որ «Իկիլիկյան» դաշինքը հայտնվել է դատական քաշքշուկներ մեջ։ Սկզբում այս դաշինքն էր դատի տվել 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ իրենց գրանցումից զրկելու որոշումը, շահել էր դատը, սակայն մի քանի օր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր հայց ներկայացրել դատարան՝ պահանջելով «Իկիլիկյան» դաշինքին զրկել գրանցումից։

«Իկիլիկյան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Իկիլիկյանն՝ Ազատան համայնքի գյուղապետը, որը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով ու համարձակությամբ, դատարանի այսօրվա որոշումը որակում է որպես է քաղաքական հետապնդում իր նկատմամբ։ Նա նշում է, որ բողոքարկելու է այդ որոշումը։

Ըստ նրա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցը դատարանն ընդունելն արդեն իսկ անթույլատրելի էր, քանի որ բողոքարկման եռօրյա ժամկետը վաղուց անցել էր, իսկ նրանք դատարան են դիմել 13-14 օր անց․ ամենաուշը նոյեմբերի 6-ին պիտի բողոքարկեին, մինչդեռ բողոքարկել են ամսի 14-ին։

«Շատ «ժողովրդավարական» երկրում ենք ապրում, այդ նույն ատյանի դատարանը մի տեղ մեր հայցն է բավարարում՝ գրանցելով մեզ որպես թեկնածու, մի տեղ ասում է՝ սխալվել ենք, գրանցումն անվավեր է ճանաչում։ Սա դատարանի նկատմամբ ճնշում է, ուրիշ բան ենթադրելն ավելորդ է։

ՔՊ-ի պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էր դիմել դատարան, բա ի՞նչ պիտի լիներ։ Սա քաղաքականն հետապնդում է իմ նկատմամբ։ Ինչքան ուզում է ՝ ճնշումներ գործադրեն, մեկ է՝ մենք մեր քաղաքական կողմնորոշումը չենք փոխելու ու Ախուրյանի ընտրություններում ՔՊ-ն չի հաղթելու։

Հիշեցնենք, որ «Իկիլիկյան» դաշինքի դատական քաշքշուկների մեջ հայտնվելը կապված էր օրենքով սահմանված կարգով դաշինքի ցուցակում բնակավայրերի ընդգրկվածությունը պահել-չպահելու թեմայի հետ։

Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին պատմել էր հետևյալը․ ««Երբ մեր փաստաթղթերը հանձնեցինք հանձնաժողով, ավագանու կազմում համայնքների թվի ներկայացվածությունը մեզ բացատրեցին ապակողմնորոշիչ ձևով։

Բնականաբար, հանձնաժողովը պարտավոր է ճիշտ փաստաթղթեր ընդունել, մեր ցուցակում ավագանու 26 թեկնածուներ ներկայացված էին 14 համայնքներից: Հանձնաժողովը ուսումնասիրեց համայնքների ներկայացվածությունը, և երբ ես ասացի, որ այդտեղ մենք, հավանաբար, խնդիր ունենք, մեզ պատասխանեցին՝ ոչ. թվով 26 ավագանու թեկնածուներ ներկայացված են 14 համայնքներից և հանձնաժողովի մեկնաբանմամբ՝ նրանց թիվը բավարար է, 50 + 1 տոկոսը ներկայացված է։ Օրենքը սխալ մեկնաբանեցին, մեր փաստաթղթերը ընդունեցին։ Երկու օր հետո ՝ ամսի 3-ին, որոշումը կայացրեցին, մեզ գրանցեցին։ «Իկիլիկյան դաշինք»-ը գրանցված համարվեց՝ որպես թեկնածու։

Մենք մեզ ապահով զգացինք, որ բոլոր փաստաթղթերը նորմալ վիճակում են, բայց 3 օր հետո հարցը քննարկվում է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դիտողություններ են լսվում, որ այստեղի ընտրատարածքային հանձնաժողովը սխալ է թույլ տվել, սակայն սխալը հայտնաբերելուց հետո մեզ պիտի 48 ժամ ժամանակ տային, որ պակաս փաստաթուղթը լրացնեինք։ Մենք զրկվել ենք դրա իրավունքից, որի պատճառով դիմել ենք վարչական դատարան։ Վարչական դատարանն արագացված դատաքննություն անցկացրեց ու որոշեց, որ հանձնաժողովը սխալ հիմքերով է որոշումը չեղյալ համարել, որովհետև դա էական ազդեցություն չի թողել գործընթացի վրա ու հանձնաժողովի նախկին որոշումը՝ մեր դաշինքի գրանցված լինելու վերաբերյալ, թողեց ուժի մեջ»։

Դատը շահելուց ու որպես թեկնածու գրանցվելուց հետո «Իկիլիկյան» դաշինքի գրանցման դեմ բողոք էր ներկայացրել ՔՊ-ն, որն այսօր նրանց զրկեց ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։

Վարդան Իկիլիկյանն այս ամենը համարում է վախկոտության դրսևորում, նա նշում է, որ սրանով ոտնահարում են 3900 ընտրող ունեցող Ազատան համայնքի բնակիչների ընտրելու իրավունքը․ ըստ նրա, իր թեկնածությունն առաջադրել էր հենց համայնքի բնակիչների պահանջով։

Ախուրյան կրկնակի խոշորացվող համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 5-ին, մրցապայքարի մեջ մնացին երկու դաշնակցական գյուղապետերի գլխավորած դաշինքները․ «Ախուրյան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորում է Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրուն Իգիթյանը, «Հաղթանակ» դաշինքինը՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ախուրյանում ընտրապայքարի մեջ է մտել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Առափի համայնքի երկարամյա ղեկավար Ալբերտ Այվազյանն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930