ԱԺ-ում մարզպետի ելույթը՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով Արմավիրի մարզում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ազգային ժողովում այսօր ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն.
«2022 թվականի բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվել է մարզերի համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր ոլորտային ծրագրերի և միջոցառումների իրականացման համար պետության մասնակցություն, որի չափը սահմանվել է 18 մլրդ դրամ։ Այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերին: Եվ ես ակնկալում եմ, որ համայնքների խոշորացումից հետո մարզի համայնքային միավորների բյուջետային միջոցները թույլ կտան և գումարային, և մասշտաբային, և քանակական առումով նախորդ տարիների համեմատությամբ գերազանցել ծրագրային հայտերի թիվը:
Այժմ ներկայացնեմ Արմավիրի մարզում ըստ ոլորտների 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերը.
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության ոլորտ
Արմավիրի մարզի համար առանցքային կարևորություն ունեցող այս ոլորտում 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել են գյուղական ենթակառուցվածքների վերականգնմանը և զարգացմանն ուղղված ոռոգման ներտնտեսային ցանցերի բարելավման և նոր խորքային հորերի հորատման ծրագրեր ու միջոցառումներ, որոնք նպաստելու են գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության աճին և գյուղատնտեսական արտադրանքի ծավալի ավելացմանը:
Նախատեսվող ծրագրերի արդյունքում զգալիորեն կնվազեն ոռոգման ջրի կորուստները, կբարելավվի ոռոգման ջրամատակարարումը, որն էլ իր հերթին կբերի չմշակվող հողատարածությունների կրճատմանն ու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: Խոսքն այստեղ շուրջ 23 հազար շահառու հանդիսացող գյուղացիական տնտեսության և 10 500 հա հողատարածքի ոռոգման բարելավման մասին է:
Բյուջեի նախագծով Արմավիրի մարզում նախատեսվում են ոռոգման համակարգերի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված հետևյալ ծրագրերը և միջոցառումները, մասնավորապես՝
Խորքային հորերի վերականգնում, ընդամենը 49 մլն 497.7 հազար դրամի շրջանակում, այդ թվում՝
- 11 մլն 081.3 հազար դրամ Բամբակաշատ համայնքի գազի կալոնկա խորքային հորի վերականգնման նպատակով,
- 17 մլն 113.3 հազար դրամ՝ Մյասնիկյան խորքային հորի վերականգնման նպատակով,
- 10 մլն 510.5 հազար դրամ՝ Շենավան համայնքի Վարդանյանի բաժանարարի խորքային հորի վերականգնման նպատակով,
- 10 մլն 792.6 հազար դրամ՝ Գետաշեն համայնքի (Կոմսոմոլի այգի) խորքային հորի վերականգնման նպատակով:
Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքների համար նախատեսված է 155 մլն 405.3 հազար դրամ, այդ թվում՝
- 11 մլն 565.4 հազար դրամ՝ շուրջ 1 կմ Մեծամորի հեղեղատարի հունի մաքրման և 150 մ ափապատնեշի բարձրացման համար,
- 27 մլն 214.8 հազար դրամ՝ շուրջ 800մ երկարությամբ հատվածում Մեծամոր գետի ափապատնեշի բարձրացման համար,
- 116 մլն 625.1 հազար դրամ՝ Երվանդաշատ համայնքի Արաքս գետի ափապաշտպան արգելաթմբի բարձրացման համար։
Ի դեպ, նշեմ, որ Մեծամոր գետի ափապատնեշի բարձրացման ծրագրին երկար տարիներ են սպասել նշված և հարակից համայնքների բնակիչները, որի իրագործումը զերծ կպահի տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողատարածքները գարնանային վարարումների հետևանքով առաջացող հեղեղումներից:
Նշեմ նաև, որ Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ Արարատյան դաշտավայրում, մասնավորապես՝ գյուղատնտեսության առումով փոխկապակցված Արարատի և Արմավիրի մարզերում նախատեսվում է իրականացնել՝
- Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագրի համակարգում և ղեկավարում՝ շուրջ 2 մլն դրամի շրջանակում։
- Ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի ներդրման և զարգացմանն աջակցություն՝ 373 մլն 512.6 հազար դրամի շրջանակում։
- Ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի ներդրման և զարգացմանն աջակցելու նպատակով գյուղացիական տնտեսվարողներին տեխնիկական աջակցություն՝ 186 մլն 785.4 հազար դրամի շրջանակում։
Ամփոփելով 2022 թվականի բյուջետային տարում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները՝ ցանկանում եմ ներկայացնել նաև վերջին 4 տարվա կտրվածքով մարզում ոլորտի զարգացմանն առնչվող մի քանի ցուցանիշներ, որոնք վերաբերում են՝ ջերմոցային տնտեսությունների, կաթիլային համակարգով ոռոգվող և հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսների ընդլայնմանը, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների հզորությունների և ցանքատարածությունների ավելացմանը.
Ջերմոցային տնտեսություններ՝
- 2018-ին 666,2 հա
- 2019-ին՝ 714,31 հա
- 2020-ին՝ 735,81 հա
- 2021-ին՝ 1184,12 հա
Կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքներ՝
- 2018-ին՝ 855,5 հա
- 2019-ին՝ 1635,74 հա
- 2020-ին՝ 2087,54 հա
- 2021-ին՝ 3068,32 հա
Հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքներ՝
- 2018-ին՝ 82,9 հա
- 2019-ին՝ 130,95 հա
- 2020-ին՝ 130,95 հա (ցուցանիշը պահպանվել է)
- 2021-ին՝ 155,23 հա
Սառնարանային տնտեսությունների հզորություններ՝
- 2018-ին՝ 14 764 տոննա
- 2019-ին՝ 21 100 տոննա
- 2020-ին՝ 21 500 տոննա
- 2021-ին՝ 25 325 տոննա
Նշեմ նաև, որ Արմավիրի մարզում ցանքատարածությունները 2021 թվականին 2020-ի համեմատությամբ ավելացել են 294,6 հեկտարով: Այս ցուցանիշն աճի միտում ունի:
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտ
Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 111 հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության իրականացման նպատակով նախատեսվել է 8 մլրդ 518 մլն 754.8 հազար դրամ, այդ թվում՝
- 157 մլն 459.8 հազար դրամ՝ նախադպրոցական կրթության նպատակով,
- 3 մլրդ 275 մլն 147.7 հազար դրամ՝ տարրական ընդհանուր հանրակրթության նպատակով,
- 3 մլրդ 921մլն 448.9 հազար դրամ՝ հիմնական ընդհանուր հանրակրթության նպատակով,
- 1 մլրդ 117 մլն 431.8 հազար դրամ՝ միջնակարգ ընդհանուր հանրակրթության նպատակով,
- 47 մլն 266.6 հազար դրամ՝ հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով։
Ի դեպ, նշեմ, որ Արմավիրի մարզում գործում է 6 ավագ դպրոց, որից սեյսմիկ անվտանգության առումով խոցելի համարվող Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ լայն թափով վերկառուցման աշխատանքներ են ընթանում:
Նույն ծրագրում ընդգրկված են նաև մարզի 4 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից Պտղունքում ընթանում են վերակառուցման աշխատանքներ, Փարաքարում ծրագիրը մեկնարկային փուլում է, իսկ Ջրարբիում և Մրգաշատում ավարտին են մոտենում նախագծանախահաշվային աշխատանքները:
Ինչպես գիտենք, մշակվել է ուսուցիչների այլընտրանքային՝ կամավոր ատեստավորման համակարգ, որը կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հնարավորություն կընձեռի: Կանխատեսումների համաձայն՝ 3 տարվա ընթացքում ուսուցիչների ավելի քան 41%-ը հավելավճար կստանա, որը հնարավորություն կընձեռի ուսուցիչների վարձատրությունը մոտեցնելու երկրի միջին աշխատավարձին:
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նպատակով նախատեսվել է 30 մլն 864.0 հազար դրամ։
Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների հավելավճարների տրամադրման նպատակով նախատեսվել է 10 մլն 031.0 հազար դրամ։
Նշեմ, որ «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագիրը 2022 թվականի սեպտեմբերից ներդրվելու է նաև Արմավիրի մարզում, որի արդյունքում մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և նախակրթարաններում ընդգրկված շուրջ 16 հազար երեխա կապահովվի սննդով:
Կրթական ոլորտում նախատեսվում է նաև դպրոցների և մարզադպրոցների նախագծման և շինարարական աշխատանքների իրականացում, այդ թվում՝ փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում, մասնավորապես՝
Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 302 մլն 117.1 հազար դրամ, այդ թվում՝
- 180 մլն 993.9 հազար դրամ` Արմավիրի մարզի «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին,
- 346 մլն 352.7 հազար դրամ` «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին,
- 271 մլն 426.8 հազար դրամ` «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին,
- 239 մլն 621.4 հազար դրամ` «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին,
- 263 մլն 722.3 հազար դրամ` «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին:
Նշեմ, որ հանրապետության մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրում ընդգրկված է նաև Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցը, որտեղ այժմ լայն թափով շինաշխատանքներ են ընթանում:
Մարզական օբյեկտների շինարարություն ծրագրով Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման համար նախատեսվել է 512 մլն 360.0 հազար դրամ։
Մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում նախատեսվել է՝
- 18 մլն 000.0 հազար դրամ՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում ծրագրով Այգեշատ (Էջմ.) համայնքի Թարգմանչաց եկեղեցու վերականգնման նպատակով,
- 17 մլն 765.1 հազար դրամ՝ ազգային, փողային և լարային նվագարանների ուսուցում ծրագրով ՀՀ Արմավիրի մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող սաների ուսման վարձի փոխհատուցման նպատակով,
- 2 մլն 495.9 հազար դրամ՝ մարզում 2 մշակութային միջոցառման (մայիսի 28՝ Առաջին Հանրապետության տոն, սեպտեմբերի 21՝ Անկախության տոն) իրականացման նպատակով:
Ենթակառուցվածքների զարգացման ոլորտ
Այս ուղղությամբ նախատեսվում են միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգման, հիմնանորոգման և որակի շարունակական բարձրացման աշխատանքներ: Մարզում մարզային նշանակության 391.8 կմ ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով նախատեսված է 68 մլն 800.0 հազար դրամ, որից՝ 46 կմ ընթացիկ նորոգման և 113.6 կմ ձմեռային պահպանման նպատակով։
Իսկ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավում, կորուստների կրճատում ծրագրով էլ նախատեսվել է հանրապետության 579 գյուղական բնակավայրերից ընտրված որոշ համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների իրականացում՝ 1 մլրդ 574 մլն 218.4 հազար դրամ ընդհանուր գումարի սահմաններում: Նշված գումարի շրջանակում իրականացվելու է նաև Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը։
Նշեմ, որ այն ծրագրերը, որոնք նախատեսվել են 2022 թվականի համար, սակայն հնարավոր չէ իրականացնել պետական բյուջեի հատկացումների միջոցով, կիրականացվեն տարբեր այլ գերատեսչությունների, հիմնադրամների և միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերի շրջանակում:
Ի հավելումն ասվածի՝ նշեմ, որ 2022 թվականին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 945 մլն 352.47 հազար դրամի ծրագրեր, մասնավորապես՝
- Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ), Եվրոպական ներդրումների բանկի վարկային և կառավարության միջոցներով 2021 թվականին սկսվել և շարունակվում է Արմավիր քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգում և անհատական ջրաչափերի տեղադրման ծրագիրը՝ 1 մլրդ 838 մլն 696.2 հազար դրամ ընդհանուր արժեքով, 2022 թվականին նախատեսվող ֆինանսավորման չափը կազմում է 964 մլն 531.2 հազար դրամ: Ծրագրի ավարտը` 2023 թվականին:
- Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի դրամաշնորհային և կառավարության միջոցներով 2021 թվականին սկսվել և շարունակվում է Մարգարա համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագիրը՝ 862 մլն 185 հազար դրամ ընդհանուր արժեքով: 2022 թվականին նախատեսվող ֆինանսավորման չափը կազմում է 30 մլն 821.3 հազար դրամ:
- Ասիական զարգացման բանկի, վարկային և կառավարության միջոցներով, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով 2020 թվականին սկսվել և շարունակվում է Պտղունքի միջնակարգ դպրոցի կառուցման ծրագիրը` 923 մլն 681.1 հազար դրամ ընդհանուր արժեքով: 2022 թվականին նախատեսվող ֆինանսավորման չափը կազմում է 400 մլն դրամ: Ծրագրի ավարտը` 2022 թվականին:
- Նույն ծրագրով մեկնարկային փուլում է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման ծրագիրը` 2.08 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: 2022 թվականին նախատեսվող ֆինանսավորման չափը կազմում է 1 մլրդ դրամ: Ծրագրի ավարտը` 2023 թվականին:
- Համաշխարհային բանկի, վարկային, ՀՀ կառավարության և համայնքային միջոցներով, սոցիալական ներդրումների և տարածքային զարգացում ծրագրով 2022-2023 թվականներին մարզի թվով 7 խոշորացված համայնքներում նախատեսվում են 1.7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագրեր: 2022 թվականին նախատեսվող ֆինանսավորման չափը կազմում է 500 մլն դրամ:
- Համաշխարհային բանկի, վարկային, ՀՀ կառավարության և համայնքային միջոցներով, սոցիալական ներդրումների և տարածքային զարգացում ծրագրով 2022թ. նախատեսվում է իրականացնել Փարաքարի ըմբշամարտի դպրոցի կառուցման ծրագիրը` 390 մլն դրամ ընդհանուր արժեքով: 2022 թվականին նախատեսվող ֆինանսավորման չափը կազմում է 50 մլն դրամ: Ծրագրի ավարտը` 2023 թվականին:
Ընդգծեմ, որ վերոնշյալ ծրագրերն ամբողջությամբ չեն արտացոլում 2022 թվականի համար Արմավիրի մարզում տարբեր ոլորտների մասով սպասվող աշխատանքները, որոնց մասին առավել հստակ տեղեկություն մեր ազգաբնակչությանը և շահագրգիռ կողմերին կներկայացվի 2022 թվականի ընթացքում:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, Արմավիրի մարզին ցուցաբերված մշտական ուշադրության և ներմարզային խնդիրների լուծման հարցում շարունակվող աջակցության համար:
Շնորհակալություն»:
Արմավիրի մարզպետարան