«Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ եթե ՀՀ-ում կա հակառուսական հիստերիա, ապա դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի նկատառմանն այն մասին, որ երեկ ՔՊ-ական պատգամավորները դահլիճում հակառուսական ուղերձներ էին հղում, դաշնակցին անվանում «ծակ փուչիկ»։
Մամիջանյանը հարցրեց՝ Փաշինյա՞նն էր հրահանգել նման ելույթներ ունենալ․ «Որովհետեւ ձեր պատգամավորների ելույթները «մեսինջերով» են ուղարկվում։ Դո՞ւք էիք հրահանգել, թե դա իրենց ինքնագործունեությունն էր»։ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «ԱԺ ամբիոնից հնչած մտքերը սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն։ Մենք ասել ենք, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգային համակարգի առանցքներից է։
Աշխատում ենք, որ ՀԱՊԿ-ի՝ նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն։ Նախկինում դրանք գործարկելու առիթ չի եղել։ Առաջին անգամ է նման իրավիճակ, որը քննարկում ենք մեր գործընկերների հետ»։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը նաեւ նշեց՝ քիչ առաջ դուք ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է․ «Հիշեցի, որ մի կես տարի առաջ էլ ասել էիք՝ դե հո Սեւ լճի 30%-ի համար պատերազմ չե՞մ անելու․․․պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում՝ հենց այսպես է լինում։ Ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է ՔԿՀ-ների հիմնանորոգում, որովհետեւ ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու»։ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ձեր համար վատ լուր ունեմ։ ՀՀ 4 ՔԿՀ-ներում եղել եմ, վատ չեմ զգացել այդտեղ»։
Դահլիճից աղմուկ լսվեց, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները ռեպլիկներ հասցեագրեցին իրար։ «Պատիվ ունեմ»-ը դուրս եկավ դահլիճից։ «ՔԿՀ-ի անուն տվեցի, փախան»,-ժպտալով ակնարկեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ