Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ ենք անում. Զախարովա

Նոյեմբեր 17,2021 17:54

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ նոր միջադեպեր: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:

«Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից երևում է, որ կողմերը միանգամայն հակառակ կերպով են գնահատում իրավիճակը և մեղադրում են միմյանց կատարվածի մեջ»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հունի բերելու համար:

Նա նաև նշել է, որ իրենք շարունակում են համատեղ աշխատանքը՝ լարվածությունը թուլացնելու համար:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Պատրաստ ենք հետագայում էլ երկրներին ցուցաբերել աջակցություն՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, և հետագայում սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչպես նաև «ավելի վաղ Ռուսաստանի կողմից արված առաջարկների հիման վրա համապատասխան համատեղ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, Զախարովան հիշեցրել է, որ այս պահին եռյակը գտնում է Վիեննայում՝ ընթացիկ իրավիճակը քննարկելու համար:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք համանախագահների՝ տարածաշրջան կատարվելիք այցի անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի խողովակներով Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հարցերին:

«Ռուսաստանը լրջորեն է վերաբերում իր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ մասով անցկացվում են համապատասխան խորհրդակցություններ… Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930