«Երեկվա գործողությունների հետեւանքով բալանսը չի փոխվել։ Մինչեւ այդ էլ է այդքան եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով փաստին, որ մայիսից սկսած՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժման հետեւանքով վերջինս օկուպացրել է 42 քառակուսի կմ տարածք՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի շաբաթ առաջ էլ էր, մայիսին էլ էր 41 քառակուսի կմ-ն։ Բայց այնպես չէ, որ այդ 41 քառակուսի կմ-ն լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Մայիսի տասներկուսից հետո գործընթացի հետեւանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի եւ մեր ԶՈՒ դիրքերը շախմատաձեւ դասավորված են, երբեմն՝ մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձեւերով մխրճված։ Մանավանդ հիմա կարեւոր է դաշտը ճիշտ պատկերացնել։ Մայիսի տասներկուսից առաջ ՀՀ-ի շուրջ քառասուն եւ ավելի կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետեւանքներով։ Մենք այդ տարածքները կոնկրետ գիտենք։ Առաջին պատերազմի արդյունքներով նաեւ սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո։ Այս հանգամանքների բերումով է շատ կարեւորվում սահմանազատման-սահմանագծման գործընթացը»,-նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ երբ ասում ենք, որ ՀՀ տարածքներից Ադրբեջանն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջին վիճակագրական միջազգային հանրության ներկայացուցիչն ասում է՝ դա միանշանակ չէ, Ադրբեջանից էլ կան տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են։
Փաշինյանը նաեւ հայտնեց՝ Ադրբեջանի երեկվա ներխուժման արդյունքում «բալանս չի փոխվել», դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ