Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԽ աշխատակազմից:
«Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ հանդիպման օրակարգին վերաբերող թեմաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Անվտանգության խորհրդի գրասենյակն այս հանդիպման վերաբերյալ մանրամասնում է. «Զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը:
Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ