«Մեզ համար հասկանալի չեն՝ ի՞նչ պայմաններում են դիրքեր հանձնվում, մասամբ հետ վերցվում, ի՞նչ են անում իշխանությունները հասարակությանը մոբիլիզացնելու: Լուրեր են հասնում, որ փոխանակ այդ տարածքների գյուղերի մարդկանց զինեն, որ գոնե ինքնապաշտպանվեն, մի բան էլ զինաթափել են, աշխարհազոր ստեղծելու ուղղությամբ որեւէ բան չեմ տեսնում»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած զրույցի ժամանակ պարոն Մելիքյանը, նկատի ունենալով Հայաստանի տարբեր սահմաններին ադրբեջանական կողմի ոտնձգությունները, եւ նաեւ երեկ Սյունիքում տեղի ունեցած դեպքերը՝ կարծիք հայտնեց, որ Հայաստանի արտաքին անվտանգությունը վտանգված է, իսկ գործող իշխանությունն ի վիճակի չէ այն ապահովել. «Մենք չգիտենք՝ մեր բանակի վիճակն ինչպիսին է, մենք չգիտենք՝ պատերազմի ընթացքում մեր նյութական կորուստները վերականգնվե՞լ են, թե՞ ոչ եւ այս իրավիճակում տեսնում ենք, որ քայլ առ քայլ տարածքներ են հանձնվում եւ գործող իշխանություններին որեւէ ուղղությամբ չի հաջողվում ոչինչ անել: Եվ դրա հետ մեկտեղ՝ դիվանագիտական բարձրաձայն հնչեցվող նախադասություններ, որոնք իրավական հետեւանքներ չեն նախատեսում»:
Արման Մելիքյանը գտնում է, որ անիմաստ է վկայակոչել ՌԴ-Հայաստան դաշնակցային հարաբերությունները, կամ նեղանալ միջազգային կառույցներից՝ ինչո՞ւ չեն դատապարտում. «Այսօր Հայաստանը միայնակ է, առանց բարեկամների: Հայաստանը միայնակ է եւ ցուցադրական ծեծի է ենթարկվում լուռ համաձայնությամբ: Եվ դրա առաջին մեղավորն ինքներս ենք, ՀՀ քաղաքական վերնախավն է՝ կապ չունի դիմություն-ընդդիմություն, եւ քաղաքական այդ թամբալությունը մեր վրա շատ թանկ է նստել եւ դեռ նստելու է»:
Արման Մելիքյանի համոզմամբ, Հարավային Կովկասում լուրջ զարգացումներ են սպասվում. «Հարավային Կովկասում Թուրքիան դառնում է թուրքական աշխարհի դրոշակակիրը եւ ՀԱՊԿ-ի անդամ երկու երկրները այդ աշխարհի կարեւոր մաս են կազմում»:
Կարդացեք նաև
Նա հայ-ռուսական հարաբերությունները որեւէ կերպ չի գնահատում, որովհետեւ դրանք իր համար տեսանելի չեն:
Ինչպե՞ս պետք է դիմակայել արտաքին վտանգներին՝ հարցին ի պատասխան, պարոն Մելիքյանը կարծիք հայտնեց՝ ներքին համախմբմամբ. «Հայաստանին անհրաժեշտ է ջանքեր գործադրել, բայց չեմ տեսնում՝ ում կողմից դա կարող է լինել: Եթե լուծենք մեր ներքին խնդիրը, կլուծենք արտաքին աշխարհում ունեցած մեր խնդիրները: Պետք է ինչ-որ կորիզ ձեւավորվի ոչ կուսակցական հիմքով, մարդիկ, որոնք մասնագետներ են, եւ այդ խումբը պետք է առաջարկներ մշակի ներքին համերաշխության համար, բայց ժամանակն էլ չի ներում եւ այդ եզրերն էլ տեսանելի չեն»:
Ըստ պարոն Մելիքյանի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ՀԱՊԿ-ին եւ այլ միջազգային գործընկերներին դիմելն օգուտ չի տա, քանի դեռ մեր երկրում ներքին օրակարգը հստակեցված չէ. «Արտաքին բոլոր այդ դիմումները կլինեն անպատասխան եւ անհասցե: Բացի այդ, ես վստահ չեմ, որ ՀՀ –ն իրավական ընթացակարգերին համապատասխան է դիմել այդ կառույցներին»:
Նրա խոսքով, այս պարագայում միակ բանը, որն արդյունավետ է՝ բնակչությանը զենք բաժանելն է. «Պետությունն այսօր ընդունակ չէ լիարժեք ապահովել բնակչության անվտանգությունը, մյուս կողմից՝ Հայաստանն ամենուր ճակատային հատվածում է եւ մարդիկ գոնե իրենք իրենց կկարողանան պաշտպանել»:
Սահմանազատման մասին խոսակցություններն էլ Արման Մելիքյանը կույր է համարում, քանի որ համոզված է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից բոլորովին այլ մակարդակի խաղ է խաղացվում. «Մենք պետք է ճիշտ վերլուծություն անենք եւ հասկանանք՝ իրականում ռուսներն ի՞նչ են ուզում, ինչի՞ են պատրաստ, իսկ դրա համար ռուսների հետ մտերմիկ խոսակցություն վարող է պետք: Ես չգիտեմ՝ ունե՞նք այդ մարդը, թե՞ ոչ: Եթե ռուսները պետք է հեռանան Հարավային Կովկասից, ուրեմն Հայաստանին այլ երաշխիքներ են պետք»:
Հարցին՝ ինչպե՞ս է պատահում, որ գերի ընկնում են բացառապես հայ զինվորները, Արման Մելիքյանն ասաց՝ դա շատ կասկածահարույց է.
«Մարտական դիրքերում մեր զինվորները ինքնապաշտպանվելու լիարժեք հնարավորություն չունեն: Գերեվարությունների խնդիրը դիրքերում եղած մարդկանց խնդիրը չէ, դա գլխավոր հրամանատարի գլխավոր խնդիրներից մեկն է , որն ինքը չի կարողանում լուծի: Պետք է դու էլ գերի վերցնես, որպեսզի կարողանաս փոխանակել, սա վայրենի պատերազմ է, էթնիկ զտումների պատերազմ է, մենք պետք է կռվենք ու հաղթենք, բայց այդ կռվելուց էլ ենք զրկված»:
Արման Մելիքյանը կարծում է, որ 20 տարիների գործելակերպով 2018-ին իշխանափոխությունը հասունացրեց հենց այսօրվա ընդդիմությունը եւ նա պատասխանատու է այն քաղաքականության համար, որը վարել է երկար տարիներ. «Այդ մարդիկ այսօր ճանապարհ բացեցին այսօրվա իշխանությունների համար դեպի կառավարություն, դեպի խորհրդարան: Նրանց քաղաքականության արդյունքում է այս իշխանությանը հաջողացրել իշխանափոխություն անել»:
Այս պահին արտաքին խնդիրներ լուծելու հավանականությունն Արման Մելիքյանը շատ ցածր է համարում. «Եթե սկսեինք աշխատել առնվազն 2005 թվականից, կարող էինք հանել մեզ այս իրավիճակից, բայց մարդիկ չցանկացան աշխատել, եւ հիմա ճաշակում ենք այդ անբանության, անգործության պտուղները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ