Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մենք ենք, մեր վախերը

Նոյեմբեր 17,2021 16:34

Հրաշք են հայկական հեքիաթները: Ցավալի է, որ նրանց փիլիսոփայությամբ մենք դեռ չենք դաստիարակվել: Քննարկենք մեր իրողությունը. Ադրբեջանի հանցավոր ոտնձգությունը հայկական սահմանների նկատմամբ, Ալիևի ելույթները՝ «Արցախն էլ է Հայաստան, եթե ինչ-որ մեկը չգիտի» ոգով, հոխորտանքը, գործելաոճը և Նիկոլ Փաշինյանի խաղաղության մոլուցքը, և փորձենք համեմատական անցկացնել ներկայիս իրավիճակի հետ: Ես հասկանում եմ, որ մեր ոչ բոլոր քաղաքական գործիչներն են բարձրագույն կրթություն ստացել, բայց Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը եթե ոչ ծնողները, ապա տարրական դասարաններում ուսուցիչները դասավանդել են մեզ:

Հատված հեքիաթից.

«Լինում է մի սար,
Էն սարում՝ մի ծառ,
Էն ծառում՝ փչակ,
Փչակում՝ մի բույն,
Բնում՝ երեք ձագ,
Ու վրեն կկուն:
-Կու՜կու՜, կու՜կու՜, ի՛մ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնա՜ք,
Ուրախանա՛ք…
Երգում էր մարիկ կկուն,
Մին էլ, ըհը՜, աղվեսն եկավ.
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
-Երեք հատ ձագ, աղա՜ աղվես:
-Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ու չե՞ս ասել, դու, անամո՛թ,
Մինը ծառա ղրկես ինձ մոտ:
Ձգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
-Վա՛յ, չկտրե՛ս,
Աստված սիրես,
Էս մինն, ահա՛,
Տա՛ր քեզ ծառա,
Միայն թե էսպես
Մի՛ ջնջիր մեզ`
Բնով, տեղով,
Ամբողջ ցեղով:
Խնդրեց մարիկ կկուն և ձագերից մինը ձգեց ներքև:
Աղվեսը` հա՛փ, առավ գնաց»:

 

Ահա այսպես, չարաբաստիկ եռակողմ պայմանագրի ստորագրմամբ, ավարտվեց 44-օրյա պատերազմը: Ու թեև 2020 թվականին «աղվեսը» միայնակ չէր, նրա հետ մեր ծառի տակ կանգնած էին ևս մի քանի «աղվեսներ», որոնցից մեկը մինչ օրս բարեկամ է ձևանում, իսկ մյուսը հոխորտում և սպառնում է, սակայն կարծում եմ ընդհանուր գաղափարը հասանելի է: Մենք օգնության չդիմեցինք, չսեղմեցինք Ֆրանսիայի կողմից մեզ մեկնած ձեռքը, անտեսեցինք սկանդինավյան խաղաղապահների գաղափարի շուրջ ԱՄՆ-ի առաջարկը և տարված վախերով շարունակում ենք օրհնել «…էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…»՝ մոռանալով, որ Խաչատուր Աբովյանը կորել է: Այո՛, հիմա էլ իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը մեզ մատուցում են այս խոսքերը ու, անտեսելով իրականությունը, թութակի պես կրկնում են Խաչատուր Աբովյանի խոսքերը:

Ինչևիցե անցնենք առաջ և ևս մեկ հատված ընթերցենք հեքիաթից.

«-Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,

Իմ լա՛վ կուկու,

Ո՞ր սև սարում,

Ո՞ր անտառում,

Ո՞ր թփի տակ

Կորար մենակ:

Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,

Իմ խե՛ղճ կուկու…

Լաց էր լինում մարիկ կկուն, մին էլ, ըհը՜, աղվեսը հետ եկավ:

-Էս սարն ի՛մն է,

Էս ծառն ի՛մն է,

Ծառում փչակ կա,

Փչակում` մի բույն,

Էս ո՞վ է եկել

Տիրացել թաքուն:

Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:

-Երկու հատ ձագ, աղա՜ աղվես:

-Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:

Ա՜խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկու՜ հատ ձագ,

Ի՜նչ, ուզում ես էստեղ զոռով

Լցնել ամբողջ կկուներո՞վ…

Ձգի՛ր շուտով մի հատը ցած,

Թե չէ` կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,

Ծառը կտրեմ…

-Վա՜յ, չկտրե՛ս,

Աստված սիրես,

Էս էլ ա՛ռ տար

Ու թող դադար`

Վերջինը գեթ

Մնա ինձ հետ…

Աղաչեց մարիկ կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:

Աղվեսը` հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

-Վայ՜-վա՜յ, վու՜յ-վու՜յ,

Ինչի՞ համար

Եկա ես սար

Բույն շինեցի,

Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,

Տարավ կերավ

Երկու, երկու,

Կուկու… կուկու…»

 

Չգիտեմ, թե ինչ տպավորություն ստացավ ընթերցողն այս հատվածից և ինչ հիշեցրեցին նրան այս խոսքերը, բայց անձամբ ինձ համար սա համահունչ է արցախյան երկրորդ պատերազմի հետագա զարգացումներին, երբ թշնամին սկսեց իր «արկածները» Սյունիքում և Գեղարքունիքում: Իսկ մենք դեռ հավատում ենք նրա կողքին կանգնած աղվեսին, նրանից փրկություն խնդրում, վախենալով դիմել Միացյալ Ազգերի Կազմակերպություն ու թեև Իրանը, Ֆրանսիան, Հնդկաստանն իրենց քայլերով, ինչու չէ անձամբ ԱՄՆ-ի նախագահը՝ ցեղասպանության ճանաչմամբ, ԱՄՆ-ի դեսպանի Սյունիք այցելությամբ, հուշում են մեզ, որ պետք է դիմել միջազգային հանրությանը, մենք անտեսում ենք այս ամենը և շարունակում ենք հավատալ Կրեմլին և երկրորդ ձագն ենք գցում աղվեսին՝ պատրաստվելով դեմարկացիա-դելիմիտացիա իլյուզիոն փրկօղակին:

 

«Լաց էր լինում մարիկ կկուն:

Էս միջոցին` ղա՜, ղա՜, ղա՜, ագռավն անց էր կենում էդ կողմերով:

Լսվեց կկվի լացի ձայնը:

-Էդպես տխուր ու զարհուրիկ

Ի՞նչ ես լալիս, կկու՛ քույրիկ:

-Ինչպե՞ս չլամ, ա՜ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ,

Գլխիս էսպես փորձանք բերավ,

Ձագուկներս տարավ, կերավ:

-Վու՜յ իմ աչքին, անխե՛լք կկու,

Ինչպե՜ս իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար աղվեսի…

Ո՞նց թե սարը իմն է` կասի:

Ո՞վ է տվել էն լրբին սար,

Սարն ամենքիս է հավասար…

Ո՞վ կթողնի վեր կենա նա,

Ամբողջ սարին գա տիրանա,

Անունը տա սրած կացնի,

Սրան նրան սուտ վախեցնի,

Ու մինն էսօր, մյուսը` երեկ,

Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին

Ո՞վ է տվել սրած կացին:

Մին էլ որ գա ու սպառնա,

Մի՛ վախենա, քշի` գնա:

Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց:

Ահա կրկին աղվեսն եկավ.

-Էս սարն ի՛մն է,

Էս ծառն ի՛մն է…

Հազիվ էր ասել, կկուն բնից գլուխը հանեց.

-Սո՛ւտ ես ասում, դու խաբեբա՛,

Անխիղճ գազա՛ն, անկո՛ւշտ, ագահ:

Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,

Սարն ամենքիս է հավասար…

Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,

Ես էլ հիմար` ճիշտ եմ կարծել,

Ձագուկներս տվել եմ քեզ…

Կորի՛, գնա՛, դու չա՛ր աղվես,

Հերի՛ք, ինչքան սուտ ես ասել»:

 

Ինչպես տեսնում եք կկուն հասկացավ, որ իր վերջին ձագին մատաղ անելով հարցի լուծումը չի գտնի, հաղթահարեց իր վախերը և հավատալով ագռավին փրկեց վերջին ձագին: Եվ հիմա այսօր, երբ մեր «բարեկամ-դաշնակիցը» դեռևս համոզում է մեզ ձագեր նետել աղվեսին՝ խոստանալով օգնել, միակ հարցը նրանում է արդյո՞ք կկարողանանք մենք համախմբվել, հաղթահարել մեր վախերը, գոնե մեկ արժան պատասխան տալ աղվեսին, որն իհարկե հասկանում է, որ իր ավանտյուրաների վերջն եկել է և փորձում է վերջին ձագն ուտել, քանի դեռ այս ողբերգական հեքիաթի վերջն իր դռան առջև չի չոքել:

Վայելենք մեծն Թումանյանի հեքիաթի վերջը, միգուցե բոլոր նրանք, ովքեր դեռ հավատում են, որ աղվեսը կարող է կշտանալ, իսկ Կրեմլն իրենց կփրկի հասկանան, որ մեր փրկությունը մեր ձեռքերում է, փրկօղակն արևմուտքն արդեն վաղուց է նետել դեպի մեզ, Ռուսաստանը մեզ համար փրկօղակ չունի.

«Հիմի գիտեմ, չեմ վախենում էլ.

Կացին չունես` ծառը կտրես:

-Ո՞վ ասաց քեզ:

-Ագռավն ասավ:

-Ագռա՞վը: Լա՜վ:

Ու ագռավի վրա բարկացած` աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվեց, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց` իրավ սատկել է, թռավ, եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը` հա՛փ, հանկարծ բռնեց:

-Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜,

Աղվես աղա…

-Ա՛յ դու կռավան չարալեզու,

Ո՞նց թե կկվին ասել ես դու,

Թե ես կացին չունեմ սրած…

Կացին չունե՜մ…Դե՛, հիմի կա՜ց…

-Վա՜յ, քեզ մեղա՛,

Աղվե՛ս աղա,

Ե՛ս եմ ասել, չեմ ուրանում,

Ինձ քրքրի՛ր, ինձ կե՛ր հում-հում,

Տու՛ր ինչ պատիժ սիրտդ կուզի,

Բայց մի վերջին խոսքս լսի:

Ես էն սարում, հենց դեմուդեմ,

Էնպես մի թանկ պահուստ ունեմ,

Որ չես գտնի դու քո օրում

Ո՛չ մի թառում կամ անտառում:

Ինչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:

Արի՛ գնանք, հանեմ տամ քեզ,

Էնքան ուտե՜ս, էնքա՜ն ուտես…

Թե չլինի ու սուտ դուրս գամ,

Ես հո էստեղ միշտ կամ ու կամ… -Գնա՛նք, – ասավ աղվեսը, – թե կլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ: Գնացին: Վերևից թռչելիս ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը:

Աղվեսին տարա՜վ, տարա՜վ, դուրս բերեց ուղիղ էն թփի վրա:

-Ա՛յ, – ասավ, – էս թփումն է իմ պահուստը:

Աղվեսն ագահ վրա ընկավ թփին: Շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:

Աղվեսը խեղդվելով սկսեց խռխռալ.

-Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…

Զգույշ աղվես…

Փորձանքի մեջ

Ընկնեմ էսպե՛ս…

Ա՜խ, անիրա՛վ…

Դու սև ագռա՛վ…

-Ինչքան էլ որ զգույշ լինես,

Չարի համար թե՛ վաղ, թե՛ ուշ`

Է՛դ է պահված, աղվե՛ս աղա…

Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց ագռավն ու թռավ»:

 

Պատրաստվե՛նք պատերազմի, դիմե՛նք Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, այլ փրկություն չկա, պետք է արժանի հակահարված տալ, ինչպես Թումանյանն է ասում՝ «միակ ելքը աղվեսին շան բերանը տալն է»:

Բավական է Կրեմլի հրահրած և նրա կողմից կանգնեցրած պատերազմների համար նրանց շնորհակալություն հայտնենք: Ավելի լավ է արժանապատիվ կռիվ տալ և զոհվել մարտի դաշտում, քան խաղաղություն մուրալ և կորցնելով ինքնասիրությունը մեռնել անփառունակ: Ալիևն արդեն գրեթե միայնակ է մնացել համաշխարհային ասպարեզում, սա նրա վերջին ջղաձգումներն են, նա այս ամենը հասկանում է: Մոտ է այն ժամանակը, երբ նույնիսկ Թուրքիան իրեն չի կարողանալու օգնել, քանզի աշխարհի նոր բաժանում է գնում, դա է պատճառը, որ վախեցած Կրեմլը դեռևս չի պատռում իր փրկչի ճղճղված դիմակը և, սարսափած սեփական երկրի մասնատումից, գիշատիչների առաջ է նետում Հայաստանը, որ փրկի սեփական մաշկը: Եկել է Ռուսաստանի և Ադրբեջանի համար նահանջելու պահը, և նրանք ցանկանում են վայելել մեզանից պոկած կտորները: Պետք է ուժ գտնել  և պայքարել, քանզի հաղթելով մարտում, նրանք հասկանում են, որ տանուլ են տալիս պատերազմը:

Հ.Գ. Մոռացա ասել՝ չորս մայր կկու է ունեցել Հայաստանը, չորսն էլ իրենց կաշվի մասին են մտածել, միգուցե ժամանակն է, որ ագռավը գա իշխանության…

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930