ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի հանձնման արարողությանը:
2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։
Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և մենք 2020 թվականի մրցանակը շնորհում ենք այս տարի: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է:
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ մեր մրցանակակիրները շատ նման առաջարկներ են ստանում տարբեր երկրներից, բայց քչերն են ընտրում, որովհետև, եթե կոնկրետ ոլորտում մրցանակ է շնորհվում, նրանք նայում են, թե տվյալ երկիրը ինչ ներդրում և հաջողություններ ունի այդ ոլորտում և ինչպիսին է այդ ոլորտի ապագան այդ երկրում: Վստահ եմ, որ Չի-Ֆուն Չանն ընտրություն կատարելիս նման ֆիլտրներ է ունեցել: Եվ որպես կոդերի հետ աշխատող մարդ, ասեմ, որ մենք սիրում ենք գործ ունենալ կոդերի հետ: Նախնադարյան քարտեզներում մի կոդ գրեցինք՝ «Արմենիա», և այդ կոդը թույլ տվեց մեզ լեգիտիմ իրավունք ունենալ լինելու 21-րդ դարում, զարգանալու և աշխարհին նորություններ և նորարարություն տալու: 5-րդ դարում մենք ևս մի կոդ գրեցինք՝ հայկական տառերի տեսքով, որպեսզի ոչ միայն մեր մշակույթը, այլ նաև համաշխարհային մշակույթը կոդերի միջոցով հասցնենք 21-րդ դար: Ես շատ ուրախ եմ, որ մի քանի օրից Դուք հյուրընկալվելու եք Մատենադարանում և կտեսնեք, թե ինչ ծավալի կոդավորված նյութ ենք հասցրել 21-րդ դար: Ցավոք, դրանք դեռ ամբողջությամբ չենք կարողացել վերծանել, և ոլորտի մասնագետները, որոնք այստեղ են, նաև Ձեր օգնությամբ, նորարարական տեխնոլոգիաների միջոցով կկարողանան այդ հասցրած ինֆորմացիան հասցնել աշխարհին: 20-րդ դարում տեխնոլոգիական մեր հայրերը նույնպես ստեղծեցին կոդեր և իրենց խոսքն ասացին տեխնոլոգիական ոլորտում, ինչը լավ հենք ստեղծեց մեզ համար՝ ներկայում և ապագայում այս ոլորտում լուրջ առաջընթաց ապահովելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է Չի-Ֆուն Չանին և համոզմունք հայտնել, որ նրա համագործակցությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա: «Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլված է ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
Այնուհետև տեղի է ունեցել նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանի, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի մասնակցությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ