Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանը շրջակա միջավայրի վրա Երևանում գործող և լքված հանքավայրերի ազդեցության գնահատման հետազոտություն է նախաձեռնել»

Նոյեմբեր 17,2021 16:16

Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված բնակիչների և ՀԿ-երի կոչին

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է «ԷկոԼուր», «Հայաստանի անտառներ», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Կանաչ Հայաստան», «Բնապահպանական հասարակական միություն», «Գոյ», «Յանուս» ՀԿ-երի և Երևանի մի խումբ բնակիչների նամակին՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագիծը մերժելու պահանջով:

Երևանի քաղաքապետարանի պատասխան նամակում նշված է. «Երևան քաղաքում շահագործվում է 22 ոչ մետաղական հանքավայր՝ բազալտ, գիպսատար կավ, քարաղ: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում կհրապարակվի դրանց տեղակայման քարտեզը:

Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են գտնվում քաղաքի բնակելի թաղամասերին: Հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով և ուղեկցվում է ռելիեֆի էական փոփոխություններով, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններով. առաջանում են մինչև 10 մ և ավելի խորության գոգավորություններ և փոսորակներ, որոնց պատճառով ձևավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին գրունտներ, կատարվում են ջրային ռեսուրսների ձևավորման և տեղաբաշխման փոփոխություններ, հողի և մթնոլորտային օդի էական աղտոտումներ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Երևան քաղաքում վերջին տարիներին փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) ցուցանիշները հաճախ էապես (մի քանի անգամ) գերազանցվել են: Միաժամանակ, գործող հանքավայրերի մոտակայքում, չնայած առկա ակնհայտ և զգալի աղտոտվածությանը, մշտադիտարկման տվյալներ առկա չեն:

Հաշվի առնելով վերը նշվածը, և քաղաքում հանքավայրերի շահագործման վերաբերյալ բնակչության և մասնագիտական հանրույթի շրջանում գերակշռող բացասական կարծիքները՝ գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավարման օրոք համայնքի անունից մերժվել են նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը:

Ներկայում, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է գործող և լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտության իրականացում՝ Երևան քաղաքում հանքավայրերի շահագործման հետևանքով առկա էկոլոգիական վիճակը պարզելու նպատակով: Միաժամանակ, ներկայում իրականացվում են ծավալուն աշխատանքներ գործող հանքավայրերի վարձակալության պայմանագրերի ստուգման և ճշգրտման, ինչպես նաև լքված հանքավայրերի ռեկուլտիվացման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ»:

Էկոլուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930