Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը գնացել է պառլամենտ, որ ինքը նիստերի դահլիճից դուրս գա՞, թե՞ որ դրանց դահլիճից վռնդի». Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 17,2021 15:50

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ապշեցրել է երեկ տարածված հաղորդագրությունը, որ ՀՀ նախագահը եւ վարչապետը հեռախոսազրույց են ունեցել՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նա հեգնանքով խոսեց այդ պաշտոնական տեղեկատվության մասին՝ ասելով, որ դա նույնն է, ինչ հաղորդագրություն տեղադրվի մարզպետարանի կայքում, որ մարզպետն իր տեղակալի հետ է հանդիպել, կամ փոխնախարարը Tik-tok-ում նոր տեսանյութ է տեղադրել: «Հետո պարզվեց, թե ինչո՞ւ. մինչեւ հիմա նախագահի պաշտոնական կայքում տեղադրված չէ, բայց նա Սինգապուրում է: Այն ֆորումը, որին մասնակցությունը պլանավորված էր, ես ֆորումի պաշտոնական կայքում նայեցի, դա սկսվելու է նոյեմբերի 16-ին, այսինքն, առնվազն 15-ին նա մեկնել է: Ֆորումի ոչ բանախոսների կազմում կա Արմեն Սարգսյանը, ոչ վարողների, եւ մասնակցողների ամենաբարձրաստիճանների կազմում ես տեսա Ուգանդայի ֆինանսների նախարարի անունը եւ Դանիայի բնապահպանության նախարարի անունները: Թեման էլ՝ Համաշխարհային կլիմայական փոփոխություններ, կորոնավիրուսի մարտահրավերներ… ի՞նչ գործ ունես դու: Գնացել ես, մի հատ էլ ասում ես անհետաձգելի… ու մենք խոսում ենք մի պաշտոնյայի մասին, որը Սահմանադրության երաշխավորն է, երկրի Սահմանադրությունը խախտվել է, զինվորները զոհվում են, ինքը գնացել է՝ քննարկում է աշխարհի կլիմայի հարցեր»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով այս իրավիճակում ընդդիմության քայլին՝ բոյկոտել խորհրդարանի նիստերը, Էդգար Ղազարյանն ասաց. «Ընդդիմությունը գնացել է պառլամենտ, որ ինքը նիստերի դահլիճից դուրս գա՞, թե՞ որ դրանց դահլիճից վռնդի»: Նա կարծում է, որ ընդդիմությանն ընտրած հասարակությունը մանդատ էր տվել նրանց, որպեսզի խորհրդարանի դահլիճում ասեին այն, ինչ անցյալ տարի ասում էին փողոցում, քանի որ ԱԺ-ում գտնվելու հնարավորություն չունեին: Էդգար Ղազարյանը կարծում է, որ Իշխան Սաղաթելյանն անընդհատ ԱԺ դահլիճում պետք է հնչեցնի ցույցերի ժամանակ իր ելույթները՝ ասելով, որ իշխանությունը դավաճան է:

«Առաջին լավ տեղը, որտեղից պիտի կանգնես ու չիջնես, դա ԱԺ ամբիոնն է: Իրենք պիտի ելույթ ունենան՝ դուք ծափ տաք, ակցիա անեք՝ չթողնեք: Լավ ԱԺ դահլիճից շշերը հավաքում են ձեր դիմացից, չեն թողնում, որ խփեք, կոշիկներն էլ հո չե՞ն հանում ձեր հագից: Էլ չեմ ասում, որ անվտանգության աշխատակիցը չի թողնում, որ ԱԺ պատգամավորը իր հետ նիստերի դահլիճ պայուսակ տանի, կամ ասում է՝ բացի ստուգեմ: Հերիք չէ օգոստոսից մինչեւ հիմա իրենք էդ նվաստացմանը կողմ են, ձայն չեն հանում, որ մի ենթասպա իրենց ստուգի՝ նոր թողնի դահլիճ, մնացած ժամանակն էլ հարմարավետ միջավայր են ստեղծում այս իշխանության գործունեության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պետք է հնարավորություն չտան ԱԺ նիստերի դահլիճում իշխանության աշխատանքը շարունակելու, պետք է խաթարեն նրանց գործունեությունը, որովհետեւ դա աղետ է բերում պետությանը: Էդգար Ղազարյանը ընդդիմությունից գործողություն է ակնկալում, ոչ թե հանրահավաքներ, որտեղ ելույթներ կհնչեն: Այլապես, ինքը գտնում է, որ ընդդիմությունն օգնում է իշխանությանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930