Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման վերաբերյալ հստակ որոշումներ չկան. Բայրամով

Նոյեմբեր 17,2021 15:17

Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման վերաբերյալ հստակ որոշումներ չկան: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ հարցում հստակ քայլեր առայժմ ձեռնարկված չեն: Հույս ունենք, որ հայկական կողմն առաջիկայում կգիտակցի հարցի կարևորությունը: Համատեղ հայտարարությունների տակ դրված է հայկական կողմի ստորագրությունը, ինչը պարտավորություններ է դնում Երևանի վրա: Եռակողմ հայտարարությունը փաստաթուղթ է, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև վերաբերում է և բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Բայրամովը:

Շեշտելով, իրենց մեկնաբանությամբ, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը՝ Բայրամովն ասել է, որ դրա ստեղծման շուրջ աշխատանքներ արդեն տարվում են:

«Անհրաժեշտ է վերականգնել ավտոմայրուղային և երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանում: Հայկական օկուպացիայի տարիներին Ադրբեջանի մի շարք շրջաններում ճանապարհներն ավերվել են: Ադրբեջանը սկսել է դրանք վերականգնել: Եթե իրականացվեն եռակողմ հայտարարության դրույթները, ապա միջանցքի բացումը շատ ժամանակ չի խլի: Միջանցքի բացման հստակ ամսաթիվ նշել վաղաժամ է, սակայն գործընթաց գնում է, չնայած և դժվարությամբ»,-ասել է նա:

Բայրամովը նաև հերթական անգամ նշել է, որ իրենք պատրաստ են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ իրենց պայմաններով:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Չնայած հայտարարության բազմաթիվ կետերի իրագործմանը՝ դեռ մնում են չլուծված հարցեր: Ադրբեջանը հարցին մոտենում է կառուցողական և դրական: Նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել խաղաղության և երկու երկրների միջև կապերի կարգավորման վերաբերյալ հայտարարություններով: Բաքուն պատրաստակամություն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված քայլերի նկատմամբ»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով, սակայն, կան որոշակի չափանիշներ, որոնք անհրաժեշտ են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի համար:

«Այդ չափանիշներից գլխավորը Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստի ճանաչումն է՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի: Հայաստանը պարտավոր է անսալ երկխոսության կոչերին: Որքան շուտ Երևանը դա անի, հարգի հարևան պետություններին և ճանաչի նրանց սահմանները, այնքան շուտ կկարգավորվեն խնդիրները: Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»,- ասել է նա:

Բայրամովը հերթական անգամ նշել է, որ Երևանը մինչ այժմ «տարածքային հավակնություններ» է ներկայացնում Բաքվին, որոնք «շատ վտանգավոր» են:

«Հայ քաղաքական գործիչները պետք է առավել մտածված և պատասխանատու գործեն: Վերլուծելով վերջին 30 տարիների գործընթացները՝ պարզ է դառնում, թե որքան շատ խնդիրների ու ավերածությունների է հանգեցրել Հայաստանի՝ հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը: Հույս ունեմ, որ Երևանում ապագայի համար ճիշտ եզրակացություններ կանեն»,- ասել է Բայրամովը:

Նա հավելել է, որ եթե Հայաստանը չհետևի միջազգային իրավունքի նորմերին և ձեռնարկի քայլեր, որոնք «կսպառնան Ադրբեջանի ազգային անվտանգության, ապա Բաքում առանց մտածելու կձեռնարկի բոլոր անհրաժեշտ պատասխան գործողությունները»:

Մեկնաբանելով Սյունիքում վերջին օրերի զարգացումները՝ Բայրամովն ասել է, որ «դրանք ձախողման են դատապարտված»: «Անհրաժեշտ է լուծել սահմանների բաժանման հարցը, ձևավորել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթաց՝ համաձայն միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի սկզբունքի: Հենց որ այդ գործընթացը սկսվի, սահմանին լարվածությունը կնվազի»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930