Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ է արել ձեզ էս երկիրը, որ սենց մուռ եք հանում». Արթուր Սահակյան

Նոյեմբեր 17,2021 15:00

«Մեր հերոսապատումը, մեր անցած ճանապարհը սարքեցին առոչինչ»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ցավ հայտնեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ խոսելով վերջին զարգացումների ու պարտության մասին: Նա ցավակցեց Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ագրեսիայի պատճառով զոհված հայ զինծառայողների հարազատներին:

«Թուրքի եւ նրա արածի վրա զարմանալ պետք չէ, ես մեր ներքին թուրքի վրա եմ զարմանում…Ներկայացումներից մեկի մեջ մի հարցադրում կա՝ լավ ինչ է արել էս երկիրը ձեզ, որ սենց մուռ եք հանում…Ինչի եք սենց մուռ հանում էս երկրից»,-ասում է ռեժիսորը:

Ապա հավելում է. «Մենք մեր մասին իդեալիստական պատկերացումներ ունեինք, բայց ինչ կանք, էս ենք, ու ինչքան թույլ տանք, մեզ հետ այդպես են վարվելու: Ես այժմ անջատել եմ ֆեյսբուք, հեռուստատեսություն…Էս տեխնոլոգիաների նպատակը հենց սա է՝ էս մարդը ինֆարկտ ստանա, մյուսը ինսուլտ…Իսկ ում համար մեկ է, թե ով է իր 80000 աշխատավարձը տալիս, հանգիստ է: Արդեն չգիտես էլ ում ինչ բացատրես, ինչքա՞ն ասես նույն բանը… Հիշեք, թե «Էլեկտրիկ-Երեւանի» կամ բանակի 1000 դրամների համար ինչ մուննաթ կար մեջներս, հիմա 15000 պատվաստվելու համար պիտի վճարեն, ոչ ոք չի դժգոհում, ասում են՝ ոչինչ 6000-ով կանեն, ու արդեն երջանիկ են, որ 9000-ը իրենց է մնում…Տեխնոլոգիա է…»,-ասում է Արթուր Սահակյանը ու հավելում, որ նույն տրամաբանությունն էլ Արցախը հանձնելու ու Սյունիքի դեպքում է գործում:

«Սրանց ուղեղն էդքան չի հասնում, սրանք ամեն առավոտ ստանում են իրենց խոսելիքն ու անելիքը՝ կոնկրետ ինչ-որ դեսպանատներից, ես չգիտեմ էլ, թե որտեղից: Սրանք հատուկ մշակված ու փորձարկված տեխնոլոգիաներ են, մեզ մոտ ամեն ինչին էլ կսովորեն, կհամակերպվեն: Օրինակ, մի բան ասեմ: Մարդ մի օր պիտի մեռնի չէ՞, ավելի լավ չի՞ մեռնի քովիդից, քան քաղցկեղից, գոնե էդպես չի տանջվի… Ռոքֆելլերն ինչքան ծախսեց, 6 հատ սիրտ փոխեց, բայց չմնաց, չէ՞…Բոլորն են մեռնելու…Բայց ինչից ենք վախենում… Արտահայտություն կա՝ ողջերը երանի կտան մեռածներին, ես ոչ թե երանի եմ տալիս, այլ ասում եմ, որ ինչ լավ է՝ այդ մարդիկ չտեսան ու չապրեցին այս խայտառակությունը, այս ամոթի մեջ չեղան»,-հավելում է նա:

Ռեժիսորը տարակուսած է, որ թատրոնում աշխատանքից բացակայած դերասանների աշխատավարձերը պահում են, այն դեպքում, երբ դերասանը կարող է երեք-չորս ամիս զբաղված չլինել տվյալ ներկայացման մեջ, ու չի էլ կարող բացակայել առանց վերադասին զգուշացնելու. «Սրանք վերցրին ու 80000-ից պահեցին տոկոսներ՝ ինչքան դու չես եկել…»:

Արթուր Սահակյանն ասում է նաեւ, որ սկզբունքորեն չի պատվաստվում, ոչ էլ թեստ է հանձնում. «Ես խաբում եմ այն մարդուն, որն արժանի է խաբվելու, սրանց չեմ էլ խաբում, ափաշքյարա չեմ անում…Գնում եմ ինստիտուտ, ասում են՝ ձեզ բացակա եմ դնելու, ասում եմ՝ խնդրեմ, թեստ-մեստ չեմ հանձնելու, մեկ էլ թուղթ են ուղարկում, թե ստորագրի, ասում եմ՝ բայց ես բացակա եմ, չէ՞, ասում են՝ դու էստեղ ես: Ասում եմ՝ բա որ էստեղ եմ, ինչու եմ բացակա, ո՞նց հիմա ստորագրեմ, քրեական հանցագործություն է, եթե բացակա եմ ու թուղթ եմ ստորագրում…Նույնն էլ թատրոնում, հաշվապահին հարցնում եմ՝ ո՞նց ես ինձ բացակա դնելու, ասում է՝ էդպես են ասել: Ասում եմ՝ էդ ասողին կասես, որ քեզ դատի եմ տալու, կասես, որ նա է քեզ կարգադրել, որ բացակա դնես…»:

Ռեժիսորն ասում է, որ շատերին չի հասկանում, նաեւ մտավորականներին է դիմում, որոնք հանուն փողի չնկատելու են տալիս երկրում տիրող իրավիճակը, հարմարվում են. «Ձեզ Նիկոլը չի մորթելու, թուրքն է մորթելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930