Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն կիրառի 907 Բանաձևով սահմանված պատժամիջոցները, Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը բավարար չէ»

Նոյեմբեր 17,2021 15:21

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կապի մեջ է եղել կոնգրեսական առաջնորդների և Բայդենի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային շրջանների վրա վերջին լայնածավալ հարձակումից հետո։ Աճում է աջակցությունն Ադրբեջանի դեմ 907 Բանաձևով սահմանված պատժամիջոցների և այլ միջոցների օրենսդրական ու վարչակազմի կիրառմանը՝ Միացյալ Նահանգների վստահելիությունը վերահաստատելու և կյանքեր փրկելու համար, ինչի համար Համագումարն երախտապարտ է: Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շարունակական դերը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում՝ դավաճանություն է դաշինքի հիմքում ընկած սկզբունքներին։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի կողմից օրվա վերջում հայտարարված հրադադարը նույնքան անարդյունավետ կլինի Ալիևի ցեղասպան վարքագծի մոդելի դեմ, որքան անցյալ հրադադարները, և որքան վկայում է ռուս խաղաղապահների համեմատաբար փոքր ներկայությունը:

2021թ.-ի մայիսին Հայաստանի սահմանները հատելուց ի վեր՝ ադրբեջանական զինուժը օկուպացրել է մոտավորապես 41 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից և շարունակում է հարձակումներ իրականացնել՝ ձգտելով «միջանցք» ստանալ հարավային Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ադրբեջանական էքսկլավ։ Նոյեմբերի 16-ի հարձակումները տեղի ունեցան Հայաստանի ամենանեղ հատվածի երկայնքով և հստակորեն ծրագրված են երկիրը երկու մասի բաժանել։ Վերջին հարձակումների արդյունքում զոհվեցին մի քանի հայ զինվորներ և գերեվարվեցին 12 հայ ռազմագերիներ։

Այս վերջին հարձակումն ակնհայտորեն խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի հրադադարի պայմանները, որոնք Ադրբեջանը բազմիցս խախտել է, և դրանով ակնհայտորեն անտեսում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ հայտարարություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերը՝ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու և հրադադարի պայմանները հարգելու վերաբերյալ: Պարադոքս է, որ Թուրքիան, լինելով միջնորդ Մինսկի խմբի անդամ, բացահայտ և ակտիվ կերպով համակարգել և հաճախ առաջնորդել է ռազմական ու դիվանագիտական քաղաքականությունը Ալիևի ռեժիմի հետ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 16-ին հանդիպեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ և ընդգծեց ընթացիկ պաշարումը՝ որպես հարված ժողովրդավարությանը։

«Ադրբեջանի կողմից բռնության էսկալացիան հայկական հողում անընդունելի է», – ասաց կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի): «Հայաստանի դեմ մահացու բռնության այս աճը միայն շարունակվելու է՝ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական քայլեր չեն ձեռնարկել։ Կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) ասաց, որ «այս առանց դրդապատճառի հարձակումն ուղղակիորեն խախտում է Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի համաձայնագիրը և լուրջ հիշեցում է, որ Միացյալ Նահանգները պետք է անի ամեն ինչ՝ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան կանգնեցնելու համար»:

Այդ նպատակով խիստ անհրաժեշտ է, որ վարչակազմը դադարեցնի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցման Ակտի 907 Բանաձևի կասեցումը, որով արգելվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունն Ադրբեջանին, և դադարեցնել ԱՄՆ ռազմական օժանդակությունը Բաքվի բռնապետական ռեժիմին, որը 2019թ.-ի ֆինանսական տարում աճել էր մինչև ավելի քան 100 միլիոն դոլար։

Այժմ ժամանակն է, որ Բայդենի վարչակազմը և Կոնգրեսը վճռական քայլեր ձեռնարկեն: Ինչպես նախագահ Բայդենը հայտարարեց անցյալ ապրիլին Կոնգրեսին ուղղված իր ուղերձում, «մենք կդիմակայենք մարտահրավերին… ապացուցելով, որ ժողովրդավարությունը դիմացկուն և ամուր է: Բռնապետերը չեն շահի ապագան»։ Համագումարը վարչակազմին կոչ է անում դադարեցնել 907 Բանաձևի կասեցումը, աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները, որոնք շարունակում են ապակայունացնել Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930