Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուս կհիմնադրվի

Նոյեմբեր 17,2021 14:34

Հայաստանի UWC  Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում առաջատար տեխնոլոգիական Սամսունգ ընկերությունը համաձայնագիր ստորագրեցին, որով Հայաստանի Դիլիջան քաղաքում հիմնադրվում է Սամսունգի ինովացիոն կամպուսը:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին՝ ՏՏ հմտություններ և բջջային հավելվածների մշակման գիտելիքներ ձեռքբերելու հնարավորություն ստեղծելով հայ պատանիների համար:

Տնտեսության զարգացման համար կենսական դեր ունի տեխնոլոգիական առաջընթացը, ինչին էլ իր հերթին նպաստում է տաղանդների զարգացումը: Հանդիսանալով տեխնոլոգիական առաջատար՝ Սամսունգն ունի անհրաժեշտ գիտելիք և ռեսուրսներ նշված առաջանցիկ նախագծի իրականացմանն իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում աջակցելու համար, իսկ UWC Դիլիջանը, որը սերտ ինտեգրվել է թե տեղական, թե տարածաշրջանի համայնքին, ունի անհրաժեշտ պայմաններ, օժանդակ կառույցներ և գործընկեր կազմակերպություններ նախագծի իրականացումն ապահովելու համար:

Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Նշված կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, այլ նաև պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու և երկրում ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում:

Սամսունգի ինովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը և հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների և առկա ձևաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվեն 150 երեխաներ: Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին և կշարունակվի մինչև ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչև ամառ:

Շուրջ 20,000 բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքը 2014թ. UWC Դիլիջանի դպրոցի հիմնադրման արդյունքում տրանսֆորմացիոն զարգացում է ապրել՝ դառնալով վերակառուցման և ուրբանիզացիայի օրինակ: Դպրոցը նշանակալի միջազգային ներկայություն է ապահովում Հայաստանում և տարածաշրջանում: Ունենալով համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կամպուս և ուսուցիչների և ուսանողների միջազգային համայնք՝ UWC Դիլիջանը ձգտում է գլոբալ, տարածաշրջանային և տեղական ներազդեցության:

Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրագործվելու է UWC Դիլիջանի գործընկերոջ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, որն օգնելու է տեղական դպրոցների հետ կապն ապահովելու գործում:

«Մենք նախատեսում ենք կրթական հարթակ տրամադրել Հայաստանի երիտասարդներին՝ նպաստելով ՏՏ ոլորտում նրանց ունիկալ տեխնիկական տաղանդների և ընդունակությունների դրսևորմանը և կտա գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրենց սեփական բջջային հավելվածները: Հպարտ ենք, որ Միավորված աշխարհի դպրոցներ Դիլիջանի հետ սերտ համագործակցելով նպաստելու ենք ինովացիոն ՏՏ կրթության տարածմանը Հայաստանում և կրթելու ենք ապագայի բարձրակարգ ՏՏ մասնագետներին»,- նշեց Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանային կենտրոնակայանի նախագահ և գործադիր տնօրեն պարոն Դ.Հ. Քիմը:

«Հիմնադրված լինելով 2014թ.՝ UWC Դիլիջանը երիտասարդ հաստատություն է, բայց իր առաջնակարգ կամպուսով և ուսանողների և ուսուցիչների միջազգային համայնքով ձգտում է գլոբալ, տարածաշրջանային և տեղական ներազդեցության: Սամսունգի հետ համագործակցությունը մեզ կօժտի նոր կարողություններով, որպեսզի նպաստենք Հայաստանի երիտասարդների թվային հմտությունների զարգացմանը, ինչը արդի տնտեսության համար կենսական նշանակություն ունի»,- նշեց UWC Դիլիջանի դպրոցի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում էUWC  կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների հինգ սերունդ (2016-ից 2021 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:

Սամսունգ Էլեկտրոնիքսի մասին

Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերաձևել է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցային համակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:

Սամսունգի ինովացիոն կամպուսի մասին

Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներին, պատրաստում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծվում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի իինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 23 երկրում: 2020թ. դրությամբ շուրջ 160,000 ուսանող է մասնակցել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին:

Դիլիջանի համայնքային կենտրոնի մասին

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) ստեղծվել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է 2014թ. բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Այն մեկնարկել է որպես հարթակ, որտեղ UWC Դիլիջանի դպրոցի ուսանողները կշփվեն Դիլիջանի երիտասարդների հետ: Տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է գործունեությունը և իրականացրել է բազմաթիվ կրթական, ժամանցային, կարողությունների զարգացման ծրագրեր և մշակութային միջոցառումներ: ԴՀԿ-ն դարձել է Դիլիջանի և հարակից բնակավայրերի համայնքային կյանքի բաբախող սիրտը:

UWC Դիլիջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930