Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի զինվորների բջջային հեռախոսներն են հայ ժողովրդի տեղեկատվության աղբյուրները». Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 17,2021 14:20

«Ընդամենը մեկ օրվա իրադարձության հետ կապված՝ տարբեր թվեր են հրապարակում եւ այդ ամենը վերաբերվում է մարդկային կյանքերին»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ երեկ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը 41 ԿՄ ներխուժել է ՀՀ տարածք, հայկական կողմը ունի զոհեր եւ վիրավորներ, իշխող ուժի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ խոսել էր 15 զոհի եւ 4 վիրավորի մասին , իսկ ՊՆ-ն ասում է, որ ունենք մեկ զոհ, 13 գերեվարված, 24 զինծառայողի հետ կապ չկա:

Էդգար Ղազարյանը չի հասկանում նաեւ ՊՆ-ի նոր տերմինը՝ «24 զինծառայողի հետ կապ չկա», ինչպե՞ս է նման բան պատահում: Նա ցավով է նկատում, որ հայկական տեղեկատվական դաշտում այսօր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը ադրբեջանցի զինվորների հեռախոսներն են, քանի որ շատ բանի մասին իմանում ենք նրանց տեղադրած տեսանյութերից, ինչից հետո միայն ՀՀ պաշտոնական մարմինները հաստատում են այդ տեղեկությունները. «Ադրբեջանցի զինվորների բջջային հեռախոսներն են հայ ժողովրդի տեղեկատվության աղբյուրները»:

Անդրադառնալով բուն խնդրին էլ՝ նա նկատեց, որ գործընթացները մեկ օրում տեղի չեն ունենում եւ հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Սյունիքում, Երասխում, Մեղրիում ռուսական սահմանապահ զորքերն էին կանգնած՝ Արցախում խաղաղապահ մանդատ ունեցող ուժերի հետ: Ո՞ւր են հիմա նրանք՝ հարց է հնչեցնում նախկին դեսպանը՝ նկատելով, որ ռուսական դրոշն էր Ադրբեջանին զսպում, որպեսզի արկածախնդրության չգնային:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ անգամ կառավարության ծրագրում է նշված, որ 102-րդ ռուսական ռազմաբազան Սյունիքում ստորաբաժանումներ պետք է ունենա. մեկ տարի անցել է, բայց գործողություն չի իրականացվել այդ ուղղությամբ՝ նկատելով. «Ինքը ռուսներին հանել է, ոչ էլ կարողանում է Ալիեւի հետ բանակցել: Պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նոյեմբերի 15-ին, Սոչիում եռակողմ հանդիպում է նախատեսված, բայց դրանից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին հարցազրույց է տալիս ու ասում է, որ այդ հանդիպումը չի կայանալու: Բա դու չես գնում, ոչ կոնֆլիկտի կողմի հետ բանակցում ես, մենակ նստել ես ու բարձրագոչ բաներ ես ասում՝ Հայաստանի հետ հնարավոր չէ ուժի լեզվով խոսել, չգիտեմ ինչ: Բա որ հնարավոր չէ՝ ինչո՞ւ ենք այս վիճակում: Ինչի միջպետական հարաբերությունները հարցազրույցներո՞վ են կարգավորվում»:

Էդգար Ղազարյանին անհասկանալի է նաեւ մինչ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը՝ Նիկոլ Փաշինյանի եւ ԵԽ խորհրդի նախագահի հետ, այն պարագայում, երբ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը ԵՄ անդամ չեն, ոչ էլ ԵՄ-ն ռազմական ստորաբաժանումներ ունի տարածաշրջանում. ի՞նչ կապ ունեն այս խնդիրները ԵՄ խորհրդի նախագահի հետ:

Նա ուշագրավ է համարում նաեւ այն, որ խորհրդարանում, իշխող ուժի ներկայացուցիչները ողջ օրը ՌԴ-ին «շանտաժ» էին անում: Նա առնվազն անհեռատես է համարում հայտարարությունները, թե եթե ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը չմիջամտեն, Հայաստանն այլ գործընկերների կդիմի, այն պարագայում, երբ Հայաստանը այլ գործընկեր չունի:

Էդգար Ղազարյանի դիտարկմամբ, գործող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տապալել է եւ դիվանագիտությունը, եւ ռազմական գործը եւ, առհասարակ, պետությունն ու ժողովրդին տանում է դեպի բախտախնդիր որոշումների, ուստի, նրանք պետք է հեռանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930