Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, ինչ-որ փուլում որոշակի շփումների անհրաժեշտություն կլինի, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և հանդես է գալիս եռակողմ համաձայնագրի պահպանման օգտին:
«Իսկապես, ռազմական գործողությունների վերսկսումը սահմանին երեկ դարձավ լուրջ անհանգստության պատճառ, բայց շնորհիվ ռուսական կողմի միջնորդական ջանքերի՝ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի դա անել:
«Մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է: Եվ մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտավորություններին, և դա կլինի նմանատիպ միջադեպերի կրկնությունը թույլ չտալու գրավականը»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ