Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան 44-օրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ քիչ չեն այն բժիշկները, որոնք պատերազմի ու կյանքի միջանցքում են

Նոյեմբեր 17,2021 12:55

Պատերազմը երբեք ստվեր չի դառնում ու քայլում է ամենքիս հետ՝ օրեր, տարիներ, տասնամյակներ շարունակ: Ու չես հասկանում, թե այն ինչ երևույթ է՝ հայից չտարանջատվող, հային «մենակ չթողնող»:

Վաստակավոր բժշկուհի տատս, երբ դեռ ողջ էր, պատմում էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բժիշկների ու բուժաշխատողների առաքելության մասին: Միշտ նշում էր. «Այդ օրերին և՛ թերապևտ ես, և՛ վիրաբույժ, և՛ սրտաբան ու ատամնաբույժ, և՛ անոթաբան ու նյարդաբան, նաև հոգեբան»: Եվ պատահական չէ, որ միշտ ուշադիր հետևում էի նրա խոսքերին՝ փորձելով տարիներ հետո տեսնել, հավատալ, որ հայ բժշկի նվիրյալ աշխատանքը չի խմբագրվել, այլ հակառակը՝ նոր սերունդը պատերազմներից ծնված ու խաղաղությամբ սնված ուժով է կատարում իր աշխատանքը:

Արցախյան 44-օրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ քիչ չեն այն բժիշկները, որոնք պատերազմի ու կյանքի միջանցքում են պատերազմում՝ հանուն թանկ կյանքերի:

Այսօր ռազմական բժիշկների մասնագիտական տոնն է: Եվ միտքս կինոժապավենի նման սահում է ոչ շատ հեռուն՝ 2020-ի սեպտեմբերը: Պատերազմ, վիրավորներ, զոհեր…

Այստեղ էլ հայ ռազմական բժիշկն իր բարձրության վրա էր՝ մահից չվախեցող, երդմանը հավատարիմ: Երդում, որն իր մեջ կյանք է ամփոփում, մի անգամ տրվող կյանք:

Այս համատեքստում չեմ կարող չնշել Նիկոլայ Գրիգորյանին, ինչպես մենք ենք դիմում՝ Նիկոյին, որի ոչ միայն խոսքը, այլև գործը իր փոխարեն պատմում են հայրենիքը սիրելու, պաշտելու և պաշտպանելու մասին: Զինվորականի ընտանիքում ծնված Նիկոլայը փոքր ժամանակ գիտեր, թե զինվորականի համազգեստն իրենց ընտանեկան ավանդություններից է: Եվ պատահական չէ, որ նժդեհյան խոսքերը միշտ իր սկզբունքներից առաջինն է. «Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և Հայրենիք»: Աստծո օրհնությամբ և հայրենիքի հանդեպ անքննարկելի սիրով նա մեկնեց Արցախ՝ հայրենի ծննդավայր, և լծվեց ծանր ու պատասխանատու աշխատանքին: Այսօր նա մեր կողքին է՝ հավատարիմ իր մարդկային ու մասնագիտական սկզբունքներին:

Պատերազմական օրերին լուսաբաց ու մայրամուտ չի լինում: Ու թվում է, թե օրերը մեկը մյուսի շարունակությունն են կամ ուղղակի պարտականության նման իրար հաջորդում են: Կյանքի ու մահվան կռիվը ամեն րոպե էր: Եվ այդ պայքարում մահին հեգնեցին մի շարք ռազմաբժիշկներ, որոնք դեռ պետք է ապրեին, բուժեին… Փա՛ռք ու պատիվ նրանց:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930