Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կընդունի՞ Հայաստանի կողմը Ադրբեջանի հետ վեճում. «Վեդոմոստի»

Նոյեմբեր 17,2021 12:20

Հայաստանը դիմել է Ռուսաստանին կոչ անելով պաշտպանել հանրապետության սուվերեն տարածքը ադրբեջանական հարձակումներից: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 16-ին հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քանի որ հարձակումն իրականացվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, համաձայն 1997թ. պայմանագրի, մենք դիմում ենք Ռուսաստանին՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Երևանում ակնկալում են ստանալ ռազմական օգնություն Ռուսաստանից, եթե Բաքվի հետ պայմանավորվել չհաջողվի: Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը դիմել է Մոսկվային նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խողովակով: ԸՍՏ ՀԱՊԿ ներկայացուցչի՝ քարտուղարությունը Հայաստանից դիմում չի ստացել:

Ռուսական «Վեդոմոստի» թերթը վերլուծել է, թե նման իրավիճակում ինչ վարք կդրսևորի Ռուսաստանը: Թերթը հիշեցնում է, որ երեկ երեկոյան տարածաշրջանում իրավիճակի սրացումը քննարկեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից քիչ ավելի վաղ տեղի էր ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Շոյգուն, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, երկու կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սադրում են իրավիճակի սրացում: Նոյեմբերի 16-ին ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: Դա հաստատեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները:

Թերթը նկատում է, որ նախկինում ՀԱՊԿ մեխանիզմները գործարկվել են Ղրղըզստանին և Տաջիկստանին օգնելու համար, վերջինը Տաջիկստանի դեպքն էր այս տարվա ամռանը այն բանից հետո, երբ Աֆղանստանում իշխանության եկավ «Թալիբան» շարժումը: 1999թ. օգնություն ցուցաբերվել է Ղրղըզստանին այն բանից հետո, երբ նրա տարածք զինյալներ էին ներխուժել Տաջիկստանից:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հղում է կատարում 1997թ. օգոստոսի 29-ին նախագահներ Ելցինի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ստորագրված Բարեկամության, գործակցության և փոխադարձ օգնության մասին հայ-ռուսական պայմանագրին: Այդ փաստաթղթի երրորդ հոդվածի համաձայն՝ կողմերը միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն երրորդ պետության կողմից ագրեսիայի դեպքում և կդիմակայեն դրան հնարավոր բոլոր միջոցներով:

Թերթը նկատում է, որ Գրիգորյանի հայտարարությունը և Հայաստանի ԱԳՆ դիմումը հնչեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային ռազմական բախումների ֆոնին: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանային Սյունիքի մարզում կտրուկ վատթարացել է նոյեմբերին: Երկու պետությունների բանակները փոխանակվել են հրետանային հարվածներով, կան զոհեր: Բաքուն և Երևանը հակամարտության էսկալացիայի մեջ մեղադրում են միմյանց: Փոխհրաձգություններն ընթանում են «նոր», ավելի ճիշտ՝ խորհրդային վարչական նախկին սահմանի վրա, որտեղ սահմանազատում կատարված չէ: Ադրբեջանի զորքերը այդ սահմանի վրա են դուրս եկել Քելբաջարի և Լաչինի շրջաններից (որոնք գտնվում են Սյունիքի մարզի դիմաց) անցյալ տարվա՝ իրենց համար հաջող ելք ունեցած պատերազմի և դրան հաջորդած հրադադարի համաձայնագրի արդյունքում:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրի զինված ուժերը Ադրբեջանի հետ բախումներում նոյեմբերի 16-ին կորցրել են երկու դիրք և կրել կորուստներ, այդ թվում առնվազն 12 գերեվարված, զոհերի և վիրավորների թիվը դեռ չի հստակեցվում: Միաժամանակ Երևանը պնդում է, որ «հակառակորդին հասցրել է ռազմատեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ», կրկին՝ առանց մանրամասներ նշելու: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից կատարվածը նկարագրում են որպես «սադրանք» և հայտարարում, որ ոչնչացրել են հայկական ականանետային հաշվարկ և հակատանկային սարքավորումներ: Բաքվում հավելել են, որ իրենց կողմից կա երկու վիրավոր:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոն կարծում է, որ ՀԱՊԿ-ը, բնականաբար, կանի ամեն ինչ, որպեսզի չներգրավվի հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններին, իսկ Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման համար: «Վեդոմոստիի» ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պատահաբար չէ ընտրել իրավիճակի սրման պահը. Մոսկվան և Արևմուտքը զբաղված են Ուկրաինայի շուրջ լարված տրամադրություններով և լեհ-բելառուսական սահմանի լարվածությամբ: Բայց կարծել, որ Ադրբեջանն իր առջև խոշոր ռազմական առաջադրանք է դրել, ինչպես անցյալ տարվա աշնանը, վաղաժամ է. խոսքը, ըստ երևույթին, մարտավարական դիրքերի ամրապնդման մասին է:

Քիչ հավանական է, որ Ռուսաստանը որևէ կերպ ռազմական միջամտություն կունենա հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտին, ավելին, այդ միջամտության կարիքն օբյեկտիվորեն չի լինի, կարծում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը: Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից Մոսկվային դիմելու փաստը՝ հայ-ռուսական պայմանագրի և ՀԱՊԿ խողովակներով, կարող է Մոսկվայի կողմից օգտագործվել Բաքվի հետ Ղարաբաղի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի շուրջ բանակցություններում: «Հայաստանն այդ պարագայում կստանա Ռուսաստանից անհրաժեշտ օգնություն: Նրա դիմումը կարևոր դիվանագիտական գործիք է, և առաջին հերթին այն կաշխատի որպես այդպիսին: Ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին բավականին շատ են և կայուն, չնայած որ կապված չեն այս կամ նմանատիպ միջադեպերի հետ, այնպես որ Հայաստանը կարող է վստահ լինել Ռուսաստանի աջակցության գործում»,- ասել է Սիլաևը:

Նրա կարծիքով՝ այդ դիմումը կարող է լինել Ղարաբաղի և Հարավային Կովկասի շուրջ արդեն ընթացող բանակցությունների թեմաներից մեկը: Սիլաևը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում հիշատակել է նաև նոր սահմանի հարցը, չնայած որ դրա մասին չէր խոսվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այնպես, որ այդ խնդիրը Մոսկվայի համար «սեղանի վրա» է, և բանակցություններն ընթանում են մշտապես:

«Ադրբեջանը փորձում է սրացումով բարենպաստ պայմաններ ստեղծել սահմանի շուրջ բանակցությունների համար: Բայց Բաքվի համար կան ռիսկեր, որ փորձելով նման պայմաններ ստեղծել ուժով՝ նա կարող է, ընդհակառակը, վատթարացնել իր բանակցային դիրքերը, եթե «համը հանի»: Եվ Հայաստանի կողմից Մոսկվային ուղղակիորեն դիմելը նոր հանգամանք է, որի հետ հնարավոր չի լինի հաշվի չնստել»,- ասել է Սիլաևը:

Երևանում տեղակայված Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը կհանգեցնի Մոսկվայի և Բաքվի միջև ինտենսիվ շփումների: Ռուսաստանի ղեկավարությունը կփորձը ազդել Ադրբեջանի վրա, բայց թե որքան հաջող կլինեն այդ փորձերը, առայժմ հայտնի չէ: Հայկական կողմը կփորձնի հասնել նրան, որ իրավիճակը սահմանին հստակեցվի, իսկ ադրբեջանական զորքերը հետ քաշվեն մինչև պատերազմը եղած դիրքեր: Իսկանդարյանի խոսքով այս տարվա մայիսին Բաքուն փաստացի իրականացվեց կոնսոլիդացված դիվանագիտական և ռազմական ճնշում Երևանի վրա և զբաղվում է եռակողմ հայտարարության «վերանայմամբ»՝ ոչ պաշտոնապես գրավելով նոր տարածքներ, ճանապարհներ և ռազմավարական օբյեկտներ: Ադրբեջանի նպատակն է հասնել տարածքային զիջումների և միջանցքի՝ Սյունիքի մարզով, որը կմիացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի պատասխանել հարցի վերաբերյալ թերթի հարցմանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930