Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են Հայաստանը և Վրաստանը դեմ «3+3» ձևաչափին. Ամիրան Խեվցուրիանի. «Անալիտիկոն»

Նոյեմբեր 17,2021 09:52

Անկյունադարձային և ուշադրության արժանի փաստն այն է, որ տարածաշրջանում ծավալված գործընթացներն անցնում էին առանց Արևմուտքի ակտիվ միջամտության, որը տարածաշրջանային ամենախոշոր խաղացողներին ավելի մեծ համարձակության և ախորժակի առիթ է ընծայել։ Հենց դրան է ծառայում «3+3 ձևաչափի» գաղափարի ծնունդը հետպատերազմական շրջանում։ Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են մենաշնորհել տարածաշրջանային սուր քաղաքական խնդիրները՝ տարածաշրջանից Արևմուտքը վտարելու ի սկզբանե ունեցած նպատակով, որը բացարձակապես ընդունելի չէ Վրաստանի ազգային շահերի տեսանկյունից։ Այսինքն, հասկանալի չէ, թե ինչու արևմտամետ ձգտումներ ունեցող Վրաստանը պետք է կամենա միանալ երեք ոչ ժողովրդավարական պետությունների հիմնադրած ալյանսին։ Ավելին՝ երբ երկրի արևմտամետ ապագան նման դասավորության դեպքում վտանգի տակ է հայտնվում և, հատկապես, երբ այդ երեք ոչ ժողովրդավար երկրներից մեկը շարունակում է զավթել մեր տարածքի 20 տոկոսը։ Վրաստանը դեմ չէ Թուրքիայի և Իրանի հետ մինչ այժմ արդեն կայացած համագործակցությանը։ Վրաստանն այդ երկրների հետ ունի սերտ և հարաճուն առևտրային ու գործընկերային հարաբերություններ։ Սակայն այնտեղ, որտեղ կա Ռուսաստանը, Վրաստանն անելիք չունի, որովհետև Վրաստանի շահերն այնտեղ իրացված լինել չեն կարող։ Ավելին՝ մեր շահերը մշտապես ենթարկվելու են Ռուսաստանի ոտնձգություններին. մեր ոչ վաղ պատմությունը լի է այսպիսի օրինակներով։

Ներկայումս «3+3» ձևաչափի վեց հնարավոր անդամներից չորսը կողմ են, իսկ երկուսը՝ դեմ։ Այսինքն՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը սատարում են ձևաչափը ստեղծելու գաղափարը, իսկ Վրաստանն ու Հայաստանը դեմ են։ Ռուսաստանի և Թուրքիայի պարագայում ամեն ինչ հասկանալի է, ինչպես և Իրանի դեպքում։ Իրանը, որն աշխարհում պատժամիջոցների բեռի ներքո գոյատևող ամենամեկուսացված երկրներից է, նշված ձևաչափի մեջ հավելյալ հնարավորությունների պատուհան է տեսնում, հատկապես, եթե ձևաչափը հակաամերիկյան է։ Այս նպատակի օգտին է ծառայել Իրանի արտաքին գործերի նախարարի այցը տարածաշրջան, ապա նաև՝ ռուս գործընկերոջ հետ կայացած հանդիպումը։

Կարծում եմ, որ Ադրբեջանը տվյալ հանգամանքի պատանդն է, որովհետև ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարն Էրդողանն առաջին անգամ բարձրաձայնել է հենց Բաքվում. չէ՞ որ Ադրբեջանը ռազմական հաղթանակով նախ և առաջ պարտական է հենց Էրդողանին։ Երկրորդ՝ Ադրբեջանը չի կարող դիմակայել Ռուսաստանի կամքին, որի հետ հարաբերությունները բնականոն դարձնելու համար տարիներ են պահանջվել. չէ՞ որ բոլորս քաջ գիտակցում ենք, որ առանց Ռուսաստանի գոնե անուղղակի համաձայնության հնարավոր չէր սկսել վերջին ղարաբաղյան պատերազմը։ Ռուսաստանի համար նույնիսկ անհնար կլիներ սկսել ղարաբաղյան արշավը։

Հատկապես, որ ռուսական զորքերը 30-ամյա ընդմիջումից հետո վերադարձել են Ադրբեջանի արդեն միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Իհարկե, տարածքային հարցերը լուծելուց հետո նավթով և գազով հարուստ Ադրբեջանին բացարձակապես պետք չեն ինչ-որ արհեստական շրջանակներ։ Ընդհակառակը, նրան կպահանջվի ավելի մեծ տարածություն, ավելի մեծ տնտեսական ակտիվություն և ներդրումային հեղեղ, որոնք նախ և առաջ ենթադրում են արևմտյան երկրների հետ հնարավորինս լայն համագործակցություն։ Սակայն այս փուլում Ադրբեջանը ստիպված է հետևել Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությանը ու նրանց հետ համաձայնված գործել։

«3+3 ձևաչափի» գաղափարն ուղղակիորեն կապված էր ղարաբաղյան գործոնի հետ. դրանք համընկել են և՛ ժամանակի, և՛ տարածության մեջ։ Հետևաբար, այն կախված է Հայաստանի համար շատ ցավոտ պատմական պահի հետ։ Այդ իսկ պատճառով, մեղմ ասած, շատ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը ողջուներ այդ նախաձեռնությունը։ Ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցը շարունակում է կարմիր գիծ մնալ, և քանի դեռ կարգավիճակի հարցն անորոշ է, Հայաստանն այդ ձևաչափում իր տեղը չի տեսնում։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումը մոտ ժամանակներս օրակարգային չի լինի այն պարզ պատճառով, որ պատերազմի ավարտից հետո նախագահ Ալիևն այդ հնարավորությունը կտրականապես բացառել է։ Սակայն, իմ կարծիքով, այս հարցը վաղ թե շուտ անպայման կրկին օրակարգային կդառնա։

Հայաստանի համառությունը, հավանաբար, շատ է գրգռում ռուսաստանյան մայրաքաղաքին։ Իրանական գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կփորձի համոզել Հայաստանին միանալ «3+3» ձևաչափին։ Եթե պարոն Լավրովը կամ որևէ այլ գործոն կհարկադրի Հայաստանին համաձայնել միանալու «3+3» ձևաչափին, ապա Վրաստանը շատ անհարմար դրության մեջ կհայտնվի, քանի որ կլինի տվյալ ձևաչափին չմիացած վեց սուբյեկտներից միակը։ Ակնհայտ է, որ այս դասավորության պարագայում Ռուսաստանը կրկնապատկելու է Վրաստանի վրա ճնշումը և այլևայլ նենգ միջոցներով ջանալու է համոզել երկրի կառավարությանը տեղի տալ, քանի որ այն ներքին և արտաքին խնդիրների բերմամբ այժմ իր գործունեության ամենաբարդ շրջանի միջով է անցնում։

Եթե վարկածաբար ենթադրենք, որ Վրաստանի կառավարությունն, այնուամենայնիվ, ճնշմանը չի դիմացել և համաձայնվել է այդ ձևաչափին միանալ (ինչին, իմ կարծիքով, պետք է նախորդի Հայաստանի՝ միանալու համաձայնությունը), ապա Արևմուտքի կոշտ արձագանքին զուգահեռ այն ամենաթեժ բողոքի ալիքի կբախվի հենց Վրաստանում։

Վրաստանի ժողովուրդը բազմիցս արտահայտվել է եվրատլանտյան կառույցներին միավորվելու օգտին։ Այսօր կարելի է համարձակապես ասել, որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (կայուն կերպով՝ 75%-ը) սատարում է Վրաստանի եվրատլանտյան քաղաքական ուղեգիծը և ոչ մի գործոն այս կամքը սասանել չի կարող։ Վրաստանի եվրոպական ուղղվածությունը սկզբնավորվել է ո՛չ երեկ, և ո՛չ 30 տարի առաջ՝ ի հեճուկս այդպես համարող որոշ արտասահմանյան փորձագետների։ Իրականում այն դարավոր ավանդույթ ունի։

Ամիրան ԽԵՎՑՈՒՐԻԱՆԻ
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, հակամարտաբան
Թբիլիսի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» վերլուծական հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930