Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վատ է, որ այս պահին ձեռքիս ոչ թե զենք է, այլ հենակ». 44-օրյա պատերազմի մասնակից

Նոյեմբեր 17,2021 09:14

ՀՀ ԶՈՒ սպա Նարեկ Վարդանյանը, որ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորում է ստացել եւ ներկայումս վերականգնողական բուժման կուրս է անցնում Զինվորի տանը, Aravot.wm-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի արեւելյան սահմանների երկայնքով թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետ կապված իր զգացումների մասին՝ ասաց. «Ի՞նչ եմ զգում: Շատ վատ ու շատ տխուր է, որ շարքում չեմ: Մանավանդ, որ ես սպա եմ: Շատ կարեւոր է, որ հրամանատարը շարքում լինի ու առաջնորդի հայրենիքի պաշտպան իր զինվորին: Ես 44-օրյա պատերազմ գնացել եմ առաջնորդելու՝ մտածելով, որ կարող եմ մաքսիմալ օգտակար լինել եւ մտածել եմ՝ եթե ոչ ես, ո՞վ պետք է այդպիսի պատասխանատվություն վերցնի: Այսօր էլ մտածում եմ, որ պետք է արդեն ապաքինված լինեի ու շարքում տղաների կողքին կանգնած: Համոզված եմ, որ այդպես սահմանն ու հայրենիքը ավելի ամուր կլիներ:

Այսօր մեր սահմանները պաշտպանող տղաներին կասեմ. տղերք, եկեք մտովի հետ գնանք դեպի մեր պատմությունը, սկսենք Դավիթ Բեկից, Անդրանիկից, գանք Մոնթե, Ռոբերտ Աբաջյան: Ինձանով ու ձեզանով շարունակվում է: Դուք այսքան մարդկանց առաջ պարտք, պատասխանատվություն ու վրեժ ունեք, որ պետք է լուծել: Այդ վրեժը ոչ թե թուրք սպանելն է, այլ Հայրենիքը պաշտպանելը: Ինձ համար Հայրենիքը պաշտպանելը վատ արարք չի: Հայրենիքի սահմանները արդեն գծվել են ու գծվել են այն պաշտպանելու համար զոհված ու վիրավորված հերոս զինվորների արյունով: Ես, կարելի է ասել, երջանիկ մարդ եմ, որ իմ արյունն էլ է խառնվել Մոնթեի, Ռոբերտ Աբաջյանի արյանը»:

Լեյտենանտ Նարեկ Վարդանյանը, որ Տավուշից է, ասում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը նահանջելու փոխարեն կգերադասեր մնալ դիրքում եւ կռվել: Նա վիրավորվել է մարտական խնդիր կատարելու ժամանակ՝ թշնամու դիպուկահարի կրակոցից: «Ես պատրաստ էի կռվել, ուղղակի մի խնդիր կար: Թիկունք չունեի: Այսինքն, թիկունքից զենք-զինամթերքի, սննդի մատակարարում ու ամենակարեւորը՝ կապ տեղեկատվությունը հրամանատարության հետ կտրված էր: Եթե չգիտես անելիքդ, հստակ չի մարտական խնդիրդ, դժվար է կռվել: Որքան էլ ուզենաս քեզ կոտորել, պետք է մարտական խնդիրդ հստակ լինի, իմանաս այդ պահի քո անելիքը, որպեսզի կարողանաս շարունակել կռիվը»,- ասում է սպան:

Պատերազմի ամբողջ արհավիրքի միջով անցած ու հրաշքով ողջ մնացած Նարեկ Վարդանյանը անգամ առողջությունը կորցնելուց եւ պատերազմից հետո էլ տարածքներ կորցնելուց հետո իր կռիվը անիմաստ չի համարում: «Ես պատասխանատու եմ իմ խղճի, իմ Աստծո, այն մեկ քառակուսի մետր հողի առջեւ, որ պաշտպանել եմ: Չեմ համարում, որ պետք է շատ ծանրաբեռնվեմ քաղաքական հարցերի մեջ: Այս պահին առաջնահերթ եմ համարում իմ բուժումը, որպեսզի շարք վերադառնամ: Իմ տեղը խրամատում է, այլ ոչ թե հիվանդանոցում կամ տանը բազմոցի վրա: Շատ վատ է, որ հիմա ձեռքումս ոչ թե զենք է, այլ հենակ»,-ասաց Նարեկ Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930