Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նա ասաց, որ Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել մոտավորապես երկու ժամ առաջ, և այժմ հետաքննական գործողություններ են կատարում։
«Այսօրվա ֆեյսբուքյան գրառումից հետո ոստիկանությունը ֆիքսել է տեղը, և առանց ծանուցագրի հրապարակից առևանգեցին 15-20 հոգի՝ սև հագուստով, ամրակազմ՝ առանց համազգեստի։ Հիմա ոստիկանության Կենտրոնի բաժնում է ինքը գտնվում։ Քրեական գործ են հարուցելու՝ ֆեյսբուքյան գրառման հետ կապված՝ իշխանության զավթում՝ 300 հոդված»,- ասաց նա՝ նշելով, որ նոր է դուրս եկել ոստիկանության բաժանմունքից։ Հովհաննես Իշխանյանի փաստաբանը դեռ բաժանմունքում է։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Ավետիք Իշխանյանը ասաց. «Օրինաչափության մասին խոսելն ավելորդ է, որովհետև այդպիսի վայրագություն և այդպիսի գործողություններ՝ առանց զգուշացնելու …. Ճիշտն ասած, վերջերս տեսել էինք։ Սա հերթական, այսպես ասած, ուժի ցուցադրությունն էր»։
Սակայն Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Հովհաննես Իշխանյանին բերման ենթարկելու պատճառը ոչ թե ֆեյսբուքյան գրառումն էր, այլ նրա նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը:
Կարդացեք նաև
Ֆիլմի շնորհանդեսը վերջերս էր տեղի ունեցել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ