ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ օրերս գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։
Քննարկմանը զրուցակիցներն անդրադարձել են մեզանում դասական երաժշտության զարգացման խոչընդոտներին եւ դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։ Պարոն Գաբրիելյանը կարեւորելով քննարկված հարցերի հրատապությունը, նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու մշակույթի վերելքին նպաստող բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Հաղորդագրության մեջ նշված էր, որ մաեստրո Թոփչյանը մտահոգված է երաժշտական դպրոցների, երաժշտական կրթության շարունակության հարցերով, իրավացիորեն էլ ընդգծել է, որ այն պետական մշակութային քաղաքականության պարտադիր մաս պետք է դառնա։ Այս մասին մաեստրոն խոսում է արդեն շուրջ 20 տարի՝ գոնե «Առավոտի» հետ զրույցներում։ Արդեն երկար տարիներ՝ ավելի քան երեք տասնամյակ, երաժշտական դպրոցներում դիմորդների բացակայության պատճառով չեն գործում որոշ դասարաններ, ընդ որում՝ ոչ միայն դասական գործիքների, այլեւ ժողովրդական։ Ընդ որում, դրա հետեւանքով որոշ դասարաններ «փակվել» են նաեւ երաժշտական քոլեջներում ու կոնսերվատորիայում։
Թատերարվեստի կրթության ոլորտում էլ մտահոգիչ խնդիր կա. արդեն մի քանի տարի է՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը դիմորդ չունի։ Այն, որ Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի մշակութային ոլորտը՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն, դա միանշանակ է։ Տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում երկրի մշակութային ոլորտի գործունեությունը։ Մեզ հետ զրույցներում անվանի արվեստագետներից ոմանք ցանկություն են հայտնել, որ ԱԺ-ն էլ կազմակերպի ու իրականացնի բազմաբնույթ փառատոներ՝ ֆինանսավորելով դրանք։ Մեր զրուցակիցները քանիցս օրինակ են բերել քաղաքակիրթ երկրների պառլամենտների՝ մշակույթին ուղղված գործունեության, իրենց խոսքերով՝ արդյունավետ քաղաքականությունը։ Ստորեւ ներկայացնենք դրանց մի մասը։
Կարդացեք նաև
Ռուսաստանի պառլամենտը հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում այն հստակ նպատակով, որ դումայի պատգամավորները պարտադիր մասնակցեն ամենատարբեր միջոցառումներին, ունենալով հենց դումայի կողմից գնված եւ ոչ թե հրավիրյալ տոմսեր։
Ճապոնիայում յուրօրինակ կերպով է լուծվում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը. երեկոներին հաճախած հանդիսականի ողջ տարվա ընթացքում գնած տոմսերի գումարները երկրի կառավարությունը հենց երկրի պառլամենտի ֆինանսական աջակցությամբ տարեվերջին, ներկայացված տոմսերի հիման վրա, վերադարձնում է։
Ամենաբազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ Չեխիայում նոր մտածողության թատրոնների ստեղծման ու զարգացման համար երկրի պառլամենտը իր վրա է վերցնում խնդրի լուծումը՝ ֆինանսական աջակցության գործնական մասնակցությամբ։
Լեհաստանում, որտեղ թատերական կյանքը բարձր մակարդակի վրա է, պառլամենտի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ աշխատավարձերի հետ միասին պարգեւավճարի կարգով յուրաքանչյուր ամիս տրվում է թատրոնների ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու բուն երաշխիքն է։ Ընդ որում, պառլամենտի ֆինանսական աջակցության շնորհիվ Լեհաստանում է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական արխիվը։
Ֆրանսիայում ինքնատիպ համադրություն է իրականացվում պառլամենտական ակտիվ մասնակից եւ անմասնակից դիրքորոշումների միջեւ։ Օրինակ, ամերիկյան արվեստի նման ազատ լինելով եւ թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, այնուամենայնիվ, դասական արվեստի դարբնոց Գրանդ Օպերա թատրոնը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալ օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորներ։ Այս խնդիրները մեծամասամբ համակարգում է երկրի պառլամենտը։
Վերջին տարիներին Էստոնիայի պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակութային խնդիրների լուծմանը։
Գերմանիայում, հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի ընթացքում, երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվում են տարբեր քաղաքների փակման եզրին կանգնած թատրոնները։
Իսկ, օրինակ, ԱՄՆ-ն, որն ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողել է շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում դասական արվեստն իր տեղը զիջում է շոու-բիզնեսին։ Ճիշտ է, ամերիկյան մշակույթը դասականի համարում չունի աշխարհում, բայց ունի Մետրոպոլիտենի նման թատրոն…։
Եվ վերջում մի իրողության մասին. շուրջ քառորդ դար է՝ տարբեր առիթներով փաստում ենք, որ մեր երկրում պարարվեստի ներկայացուցիչները թոշակի են անցնում ընդհանուր հիմունքներով։ Չենք կարծում, թե ասվածը մանրամասնելու կարիք ունի։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2021