Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնով չդիմելը… դավադրություն է հանրապետականության դեմ, քաղաքացիական հասարակության դեմ»

Նոյեմբեր 17,2021 13:30

Պահպանողական կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանի հոդվածները տպագրվել են տասնյակ թերթերում, կայքերում, այդ թվում՝ «Առավոտում»: «Շեմ» հրատարակչությունը լույս է ընծայել նրա «Քաղքենի՛, ո՞վ ես դու» հրապարակախոսական հոդվածների ժողովածուն:

Այն նվիրված է Պահպանողական կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Հարությունյանի հիշատակին: Ըստ հեղինակի՝ քարոզչական հինգ հնարքների մասին գրվածները հասցեագրված են քաղաքական գործչին, լրագրողին, քննադատին եւ նրան, ով իրեն պահպանողական է համարւմ: Հինգ հնարքների մեջ էին մտնում «Կա 3 հայերեն», «Հեղափոխության ամորտիզատորը», «Կարեւոր ուղերձի եւ հաղթանակի մասին», «Պատիվ ունեցողը թող գա», «Անկախության կանխավարկած» հոդվածները:

«1988-ի հանրահավաքներից մեկում Մովսես Գորգիսյանն առաջին անգամ դիմեց հավաքվածներին՝ «Տիկնայք եւ պարոնայք»: Ամբոխը գալարվեց եւ հասկացավ, որ նոր հասարակություն է կառուցվել՝ քաղաքացիական հասարակություն… Միջնադարում յուրաքանչյուրն իրեն հատուկ դիմելաձեւ ուներ: Քաղքենուն դիմում էին պարոն, տիկին: Քաղքենուն այդպես էին դիմում բոլորը՝ եւ ազնվականը, եւ հոգեւորականը, եւ քաղքենին, եւ քաղաքական իրավունք ունեցող-ազատություն չունեցողը:…Ներկայումս շատերին այնպես է թվում, թե պարոնով կամ տիկինով դիմելը խորթացնում է մեզ: Չկա նման բան: Պարոնով չդիմելը…դավադրություն է հանրապետականության դեմ, քաղաքացիական հասարակության դեմ»:

Հեղինակն անդրադառնում է քաղքենիական փիլիսոփայությանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը Հայաստանում, երբ Հայաստանում ապամոնտաժվեց սոցիալիստական հասարակությունը. «Ինչ կփոխվի, եթե բոլոր աշխատողներն իմանան, որ իրենք մի քանի դար առաջ կոչվել են քաղքենի եւ իրենց գլխավոր առաքելությունը եղել է բարիք ստեղծելը»: Ապա անդրադարձ կա բարիք ստեղծողին. «Երբ բարիք ստեղծելը Հայաստանում եւս դառնա բարոյական նորմ, կյանքի ուղիղ ճանապարհ, ապա ենթադրաբար, կնահանջեն սոցիալական չարիքները՝ գործազրկությունը, ծուլությունը, նախանձը, հանցագործությունները եւ այլն»:

Արցախյան պատերազմների բոլոր մասնակիցներին է նվիրված հեղինակի «Կարեւոր ուղերձի եւ հաղթանակի մասին»-ը: Հարցադրումներն են. գոյապայքարի արմատները, գոյապայքա՞ր, թե՞ հանդարտ մահ, արտաքին ընկալումը, ինքնորոշման իրավունքը, եւ պարտություն, որը ըստ հեղինակի՝ ծագում է մարտի 16-ի պայմանագրից… «Անկախության կանխավարկածը» ռոմանտիկ գրվածքը հեղինակը նվիրում է քաղաքական գործչին. «Խնդիր եմ դրել դրական տրամադրություն հաղորդել քաղաքական գործչին, նպաստել քաղաքական համակարգի կայացմանը… Ենթադրում եմ, որ քաղաքական վարքաբանությունն առաջացնելու միջոցով քաղաքական իրավիճակը դրականորեն փոխելու հավակնոտ ծրագիրը հնարավոր է լուծել ռոմանտիկ հնարքով: Փորձե՞նք: Եթե ինձ չհաջողվի, ապա խնդրում եմ՝ Դուք էլ փորձեք Ձեր ստեղծագործություններով ճգնաժամից դուրս բերել քաղաքական միտքը, առողջացնել քաղաքական գործչի եւ բարիք ստեղծողի նկատմամբ պատկերացումները, որոնք եթե հանրայնացվեն, ապա հնարավոր կլինի ձեւավորել ազգային առաջընթացի միջավայր ազգային երազանքների իրականացման համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930