Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը՝ «կալանքի» ընկերների, գրքի խմբագիրը՝ արդիականության ու լավատեսության մասին

Նոյեմբեր 17,2021 13:00

«Առաջին ձյունը եկավ… Ձյունը մաքրում է ամեն ինչ… Օդը, հողը, կարծես նաեւ մարդկանց սրտերը… Մտքերը… Բոլորն այդ օրը մի տեսակ տարբեր են։ Նույնիսկ հսկիչը, որ դժգոհում է, որ ձմռան կոշիկ չունի։ Ամեն ինչ մնացել է ձյան տակ… մեր անորոշ ապագան, բանտի կեղտն ու թշվառությունը… գորշությունն էլ է թաքնվել ձյան տակ…»,- ձմռան նկարագրությամբ է սկսվում դերասան, կատակերգու Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» վեպը, որի շնորհանդեսը կայացել էր օրերս՝ «Զանգակ» գրատանը։ Գրքում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաեւ հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ անցկացված օրերը։ Այս երկու պատումները զուգահեռ տանում են հետաքրքիր, հոգեբանական բացահայտումների։ Գիրքը գրել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ՝ Փարիզում։ Այն սկսում է «վերջ» եւ ավարտվում է «սկիզբ» բառով։ Վարդան Պետրոսյանը պատմել էր իր կալանավորման տարիների եւ ընկերների մասին, ապա ընդգծել. «Գրքում բարություն կա, կան բարի մարդիկ…»:

Բոլոր կերպարները, որոնք ներառված են ստեղծագործության մեջ, իրական են։ Իր հետ կալանավորված անձանց անունները նշելուց առաջ նա յուրաքանչյուրից հարցրել էր՝ կարո՞ղ է տվյալ անձի անունը նշել, թե ոչ։ Բոլորը համաձայնել էին։ Վարդան Պետրոսյանը նրանց անվանել է «կալանքի եղբայրներ»։

Ըստ հեղինակի՝ կալանքը իր կյանքում շրջադարձային եղավ, ամբողջապես փոխեց իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Ասում է՝ երիտասարդ տարիքում շատ ենք խոսում ազատության վերաբերյալ, սակայն իրականում խոսելը այլ է, իսկ հասկանալն ու վերապրելը այլ. «Կալանքի չորս քառակուսու մեջ ես հասկացել եմ, թե ինչ է ազատ մարդը, ինչ է ազատությունը»։

Հեղինակն ասում է՝ երբ դուրս եկավ խցից ու հրաժեշտ տվեց ընկերներին, զգաց, որ իր ամբողջ ներսը դատարկվեց, ամեն ինչ թողեց այնտեղ։
Վարդան Պետրոսյանը պատմում էր, որ մի օր, երբ դեռ մութը լիովին չէր ընկել, նստած մտածում էր իր ընկերների մասին, թե ով ինչով է զբաղված այդ պահին. «Սովորաբար բանտարկյալը այդ ժամանակ սկսում է մրմռալ, սակայն ինձ մոտ հակառակն էր։ Ես զգացի, թե ինչ երջանիկ եմ, որովհետեւ ես կրում էի իմ պատիժը»։

Մինչ հրատարակվելը գիրքը հասանելի է եղել համացանցում: Երբ համացանցում հայտնվել են առաջին մի քանի գլուխները, դերասանը բազմաթիվ նամակներ է ստացել: Գրքում կան գեղեցիկ ու շատ հուզիչ նկարներ, որոնք ցույց են տալիս գրքի ամբողջ էությունը։
«Մարդկանց ազնվացման ճանապարհ է սպասվում, իսկ այդ ճանապարհը լի է տառապանքներով, քանի որ առանց տառապանքների չկա ազատություն»,-ասում է նա: Հեղինակի խոսքով՝ եթե ինչ-որ մեկին այս գիրքը կմխիթարի, ապա ինքն էլ իրեն մխիթարված կզգա։

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը նշեց, որ երբ կարդացել է գիրքը, նկատել է, որ հեղինակը ամենեւին չի բարդում այդ ապրումները, ցավը ընթերցողի վրա, այլ տալիս է միայն դրականը եւ դասեր, որոնք պետք է քաղել ստեղծագործությունից։ Ըստ «Զանգակ» գրատան խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանի՝ գիրքը ունի օրագրային բնույթ, որը խիստ անձնական է դարձնում այս պատումը. «Խիստ անձնական լինելով հանդերձ՝ այս պատումը շատ ընդհանրական եւ արդիական է մեր ժամանակներում»։

«Առավոտի» հետ զրույցում գրքի խմբագիր Հայկ Համբարձումյանը նշեց, որ խմբագրական շատ աշխատանք չի կատարել։ Ի սկզբանե, համացանցում ընթերցել եւ մտածել է, որ լավ գեղարվեստական գործ է եւ կարող է գիրք դառնալ։

Վարդան Պետրոսյանն էլ մտածել էր, որ վեպի համար գրվածը քիչ է, պատկերացնում էր այն որպես ալբոմ։ «Ես՝ որպես խմբագիր, ասացի, որ սա գեղեցիկ, ինքնակենսագրական, օրագրային վեպ կարելի է համարել»,-նշում է Հայկ Համբարձումյանը: Առաջին հերթին խմբագրին գրավել են լավատեսությունը, սփոփանքն ու մխիթարանքը։

Վարդան Պետրոսյանի անձնական կալանքի փորձառությունը զուգահեռվում է ընդհանուր կորոնավիրուսային հիվանդության, մարդկության մեկուսացման կալանքի պատմությանը, եւ երկու դեպքում էլ այս անձնական ապրումն առնչվում է մարդկության կյանքին։ Մարդկանց հույս է ներշնչում, որ դժվար օրերից հետո լույսը բացվելու է եւ նոր սկիզբ է լինելու, ինչպես եղավ Վարդան Պետրոսյանի «սկիզբը» կալանքից հետո։

Հայկ Համբարձումյանի խոսքով՝ դեռեւս նոր գրքեր հեղինակի կողմից չկան, սակայն քննարկումներ ունեցել են, եւ Վարդան Պետրոսյանն ասել է՝ նամակներ ունի գրած իննսունականներին Ֆրանսիայից՝ տարբեր հանդիպումների, ներկայացումների, իր մտորումների եւ ապրումների վերաբերյալ։ Վարդան Պետրոսյանը միշտ ասելիք ունի, պարզապես նա այդ ամենը սիրում է արտահայտել ներկայացումների ձեւաչափով։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930