Ասում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը:
– Տիգրան, այս համաճարակային վիճակում ինչպե՞ս են կազմակերպվում բժշկական համալսարանի դասերը: Արդյոք կապը պահո՞ւմ եք ուսանողների հետ, լինո՞ւմ են բողոքներ, առաջարկներ…
– Համաճարակային վիճակով պայմանավորված՝ մինչեւ նոյեմբերի 15-ը բժշկական համալսարանի դասերը իրականացվել են հիբրիդային ուսուցմամբ՝ 4-6-րդ կուրսերի համար, իսկ 1-3-րդ կուրսերի համար դասերը կազմակերպվել են առցանց եղանակով: Նոյեմբերի 15-ից համալսարանի դասերը կազմակերպվում են ավանդական՝ առկա եղանակով:
Միանշանակ, մենք միշտ կապը պահում ենք ուսանողների հետ եւ մեր բուն գործառույթների մեջ է մտնում նրանց խնդիրների բարձրաձայնումը: Լինում են առաջարկություններ, խնդիրներ, որոնք հասնում են իրենց հանգուցալուծմանը:
Կարդացեք նաև
– Խոսենք Ուսանողական խորհրդարանի մասին: «Խորհրդարան» բառն ընթերցելով շատերը զարմանում են: Այն ինչո՞վ է տարբերվում մյուս բուհերի ուսանողական խորհուրդներից:
– Մեր Ուսանողական խորհրդարանի կառուցվածքն ավելի մոտ է խորհրդարանական մոդելին: Առանձնահատկությունն էլ այն է, որ մեզ մոտ որոշումներն ընդունվում են ոչ թե մեկ անձի կամքով կամ թելադրանքով, այլ խմբային քննարկումների արդյունքում: Քանի որ մեր խորհրդարանը բաց կառույց է, անդամակցելու համար ոչինչ չի պահանջվում: Միակ պայմանը ԵՊԲՀ ուսանող հանդիսանալն է: Այս պահին մեր աշխատանքներում ներգրավված են 500 ուսանող, որոնք ակտիվորեն մասնակցում են կազմակերպչական աշխատանքներին, ծրագրերի իրականացմանը: Իսկ ընդհանուր առմամբ Ուսանողական խորհրդարանն աշխատում է համալսարանի յուրաքանչյուր ուսանողի հետ եւ բարձրաձայնում նրանց խնդիրները:
– Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում Ուսանողական խորհրդարանի կողմից:
– Խորհրդարանի կողմից տարատեսակ ծրագրեր ենք իրականացնում՝ մշակութային, գիտակրթական, սպորտային, ժամանցային: Իհարկե, այս վերջին երկու տարում համավարակը մեզ շատ է խանգարում, բայց մենք փորձում ենք հակահամաճարակային կանոնները պահելով դրանք իրականացնել:
– Նաեւ օտարերկրացիներ են սովորում բուհում: Նրանց հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում, ինչպե՞ս է իրականացվում նրանց ներգրավվումը ՈւԽ ծրագրերի մեջ:
– Համալսարանում սովորող օտարերկրացի ուսանողների թիվն այս տարի հատել է 2000-ի սահմանը: Նրանք շուրջ 36 երկրներից են եւ ինչպես տեղացիները, այնպես էլ նրանք ներգրավված են խորհրդարանի աշխատանքներում: Նշեմ, որ նրանք ունեն համապատասխան ֆակուլտետային խորհուրդը, ղեկավարը, ազգություններն ունեն իրենց ղեկավարները: Մենք փորձում ենք անել այն ամենը, որ իրենց օտար երկրում չզգան եւ վստահ կարող եմ ասել, որ մեզ մոտ լավ է ստացվում:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2021